mushegh kurekhyan

Հաջորդ կանգառը՝ 70-ականների Երևան

Երևան. Կանգառում կանգնած սպասում եմ տրանսպորտին: Ցուրտ. ոտքերս իրար եմ խփում, որ տաքանամ, ու այդ պահին հեռախոսս զնգաց.

-Ա՜, հիմա ձեռքերս գրպանից հանեմ, որ պատասխանեմ,- մտածեցի ես, բայց սառած ձեռքս մի քանի անգամ սահեցրի հեռախոսի էկրանի վրայով ու վերցրի:
-Հա, Դաթո, կանգառում եմ, սպասում եմ տրանսպորտին, գալիս եմ հեսա:
-Լավ,- ասաց ընկերս:
Ես մի կերպ հեռախոսս դրեցի տեղը ու ձեռքերս նորից դրեցի գրպանս: Ոտքերիս պարը դեռ շարունակվում է: Անցավ տասը րոպե, տրասնսպորտը չկա ու, հանկարծ երևաց մի կարմիր տրոլեյբուս: Չնայած ես ավտոբուսին էի սպասում, մտքումս ասացի՝ մենակ թե 2-րդ համարը լինի: Բախտս բերեց, 2-րդ համարն էր, ևս մեկ անգամ համոզվելու համար կարդացի՝ Մամուլի տուն  գնում է, թե չէ: Կանգնեցի այնպես, որ մեջտեղի դռնից նստեմ: Այդ դռներն այնքան լայն են բացվում, որ կարծես մտնես մի մեծ, լուսավոր դահլիճ, և ուր որ է, քեզ ծափահարելու են: Դռները բացվեցին, տաք, բայց միևնույն ժամանակ, սառը քամի փչեց դեմքիս: Բարձրացա, նստեցի մեջտեղի դռների  ձախ կողմում  և ոտքերս առաջ պարզեցի: Մի քանի վայրկյան զննեցի շուրջս, միայն տարեց մարդիկ էին` վաթսունն անց տատիկ-պապիկներ էին նստած: Տրոլեյբուսը շարժվեց, ձեռքերս խաչեցի ու սկսեցի նայել պատուհանից:
Մի պահ ինձ զգացի 70-80-ականների Երևանում, պատուհանից դուրս ամեն ինչ դարձավ սև ու սպիտակ (դե, ես այդպիսին եմ պատկերացնում Սովետական Հայաստանը): Աչքիս առաջ եկավ Երիտասարդական պալատը` «Կուկուռուզնիկը» իր հպարտ նայվածքով, որը թերևս  70-ականների Երևանի  գլխավոր այցեքարտն էր: Աչքիս առաջ եկավ Շավարշ Կարապետյանի նկարը, որտեղ նա փրկում է Երևանյան լիճ ընկած տրոլեյբուսի վթարվածներին: Սև ու սպիտակ պատուհանից երևում էին այս ու այն կողմ վազող ժպիտներ, սև ու սպիտակ ժպիտներ:
-Կանգառում կպահեք,- ինչ որ մեկի ձայնը լսվեց դիմացից` ինձ 70-ականներից բերելով մերօրյա իրականություն:
Տրոլեյբուսը շարունակեց իր ընթացքը, բայց այս անգամ ես չտեսա այն  սև ու սպիտակ ժպիտները, չզգացի սովետական բույրը, աչքիս առաջ պայթեցրին Կուկուռուզնիկը, Շավարշ Կարապետյանին այլևս չթողեցին  սուզվի ու բարձրացնի մարդկանց,  քանի որ նրա կյանքն էր արդեն վտանգված: Երևի չտեսա, որովհետև մի քանի երիտասարդ աղջիկներ էին բարձրացել ու իրենց սուր օծանելիքի բույրով ցրեցին մթնոլորտը: Պատուհանից այս անգամ երևացին գունավոր, բայց տխուր դեմքեր, փաստորեն ճիշտ էին ասում, որ սովետի ժամանակ ավելի լավ է եղել:

-Կանգառում կկանգնեք, իջնող կա,- ասացի ես ու մոտեցա մեջտեղի դռանը: