«Հավատա նրան, ինչ-որ անում ես, արա այն, ինչին հավատում ես»:

Հարցազրույց նախկին ուսուցիչ Ռոբերտ Եղյանի հետ

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

-Խնդրում եմ ներկայացեք:
-Ռոբերտ Եղյան, երկար տարիների մանկավարժ. մոտ 36 տարվա ստաժ ունեմ: Իհարկե, ինձ համարում եմ ոչ այն ուսուցիչներից, որ մենակ ստաժն է հաշվում ու դրանով պարծենում: Յուրաքանչյուր աշակերտիս փողոցով անցնելիս ժպիտով բարևելը մի մեծ պարգև է ինձ համար: Համենայնդեպս, ինձ թվում է, որ աշակերտներիս, որոնց ես շատ-շատ եմ սիրում, իրենք էլ գիտեն դա, իրոք մի բան տվել եմ և ինչ-որ հետք նրանց մի զգալի մասի կյանքում անպայման թողել եմ, ու դա ինձ շատ-շատ ուրախացնում է: Բայց, ցավոք սրտի, անցյալ տարի ես ստիպված լքեցի դպրոցը, որովհետև զգացի այս համակարգի հետ այլևս չեմ կարող, ժողովրդի լեզվով ասած, «յոլա գնալ»: Ինձ ասում են` ոչ թե աշակերտին գիտելիք տուր, այլ վարժեցված շնիկ սարքիր, որ նա թեստեր լրացնի. դա իմը չէ:

Իսկ հատկապես պատմությունը էն առարկան է, որ հիմա ամբողջությամբ ծանրաբեռնել են անիմաստ թվերով, փաստերով, և ինձ էլ պարտադրում են, որ ես դա աշակերտից պահանջեմ: Դա իմը չէ, և դրա համար ես դուրս եկա:

Եվ նույնիսկ մի էսպիսի համեմատություն արեցի: Երբ 2002 թվի մայիսի 9-ին իմ աշակերտներից 6 հոգի, որոնք Ղարաբաղում կռվել էին, Շուշիի ազատագրման տասնամյակի օրը ինձ հրավիրեցին երեկույթի, և բոլորը հատուկ իմ կենացը խմեցին այն արտահայտությամբ, որ իրենց այս դաստիարակության գործում ամենամեծ դերը ես եմ խաղացել: Դա ինձ համար ամենամեծ գնահատականն էր, և ինձ համար այդ երեխաները, որոնցից ոչ մեկը գերազանցիկ չէր, գտնում են, որ ես անհամեմատ ավելին եմ տվել իրենց, քան էն 5 պոկողները, գերազանց պոկողները, որոնք հետո թքած ունեն թե՛ հայոց պատմության վրա, թե՛ ընդհանրապես հայ ժողովրդի վրա:

Ես երկար ժամանակ պայքարեցի, որ ինչ-որ բան փոխեմ, բայց զգացի, որ անիմաստ է, և դրա համար… Գուցե ես էի սխալ, սխալ էի իմ մոտեցումներով, դրա համար դուրս եկա:

-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք մանկավարժի մասնագիտությունը:
-Մի ծիծաղելի պատճառով: Ուրեմն համալսարանում մենք մանկավարժության քննություն էինք հանձնում, իսկ իմ դասախոսը քարացած հայացքների տեր անձնավորություն էր, չնայած հանրապետության մեջ ճանաչված մասնագետ էր: Քննության ժամանակ իրար հետ վիճեցինք, և նա ինձ ասաց, որ ինձնից ընդհանրապես մանկավարժ դուրս չի գա: Մեր ամբողջ կուրսում միակ 3-ը ես ստացա: Ամբողջ կուրսը 4 ու 5 ստացավ: Նույնիսկ ինչ-որ տեղ ամոթ էլ էր, բայց ես դրանից ինձ վատ չէի զգում: Երբ պրակտիկայի գնացի Երևանի դպրոցներից մեկը, այնտեղ զգացի, որ այնուամենայնիվ ես երեխաներին ավելի շատ բան կարող եմ տալ: Համալսարանից անմիջապես հետո ես աշխատել եմ նաև Պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում (այն ժամանակ Կիրովականի մասնաճյուղ էր) և զուգահեռաբար աշխատում էի նաև դպրոցում: Զգացի, որ այդ ինստիտուտում աշխատելը սուտ պատիվ է: Ես պիտի աշխատեի այնտեղ, որտեղ կարող էի ավելի շատ օգուտ տալ, և դրա համար ընտրեցի դպրոցը ու չեմ ափսոսում:

-Արդյոք դժվա՞ր էր երեխաների հետ լեզու գտնել:
-Գիտեք, այ իմ բնավորությունը այնպիսին է, որ ես ինքս եմ միշտ ձգտում դժվարությունների, և այդ դժվարությունները հաղթահարելը ինձ շատ ավելի մեծ բավականություն է պատճառում: Հիշո՞ւմ ես Գորկու «Բազեի երգը»: Իմ ամենասիրած ստեղծագործությունն է… Ես բազեի կյանքն եմ միշտ սիրել, օձի կյանքը չեմ սիրել, որ քարանձավում, խոնավության մեջ, մթության մեջ հանգի՜ստ հաշտ ու խաղաղ ապրում է: Ի դեպ, ասեմ, ես ավելի շատ սիրել եմ հենց դժվար դասարանների հետ գործ ունենալը: Այն դժվար երեխաների, որոնք զգացել եմ` ուղեղ ունեն, պարզապես չեն աշխատում, մի քիչ տղայություն են ուզում անել, այդպիսի տղաների հետ, այդպիսի դասարանների հետ ես ավելի հաճույքով եմ աշխատել: Հենց տեսել եմ նման մարդիկ կան, ասել եմ` նրանց պետք է նվաճեմ: Նվաճել ոչ թե ժողովի ժամանակ նրանց արժանապատվությանը կպնելով, այլ նրանց սիրտը նվաճելով: Մեծ մասամբ դա ինձ հաջողվել է:

-Ես ինքս էլ եղել եմ ձեր աշակերտը և գիտեմ, թե ինչքան անմիջական կարող եք շփվել աշակերտի հետ և, դրա հետ մեկտեղ, շատ խիստ լինել: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:
-Անմիջական շփումը, ես համոզվել եմ, գալիս է նրանից, որ ես միշտ ուզում եմ աշակերտների հետ անկեղծ լինել: Երբեք այնպես չի եղել, որ երեսին մի բան ասեմ, հետևից մի ուրիշ բան: Դասարանում մի բան ասեմ, դրսում` ուրիշ բան: Նրանք գիտեն` ես ինչպիսին կյանքում եմ, այնպես էլ դասարանում եմ: Անգամ իմ խոսակցականը դրսում նույնն է, ինչ դասարանում: Չեմ լարվում, որ գրական խոսեմ, փառք Աստծո, մաքուր հայերենով եմ խոսում, բայց ինչ-որ լարվածոթյուն, որ լրիվ մաքուր գրական խոսեմ, երբեք նման բան չի եղել: Ուսուցիչը ոչ թե պետք է լինի հոգեբան, այլ պարտավոր է և պարտադիր է, որ լինի: Վերջին հաշվով մեր և բժշկի սխալը ճակատագրական է: Բժշկի սխալը ֆիզիկապես կարող է հիվանդին սպանել, իսկ ուսուցչի սխալը հոգեպես կսպանի:

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինեն ուսուցիչաշակերտ հարաբերությունները:
-Անկեղծ, պահանջկոտ: Վերջին հաշվով, այսպիսի մի բան` ուսուցչի և աշակերտի միջև կա որոշակի սահման, սահմանագիծ, բայց այդ սահմանագիծը միայն ուսուցիչը պետք է խախտի, և իրեն այնպես պահի, որ աշակերտը իմանա, որ ուսուցիչը խախտեց, բայց ինքը երբեք չխախտի: Օրինակ` մինչև վերջին դասարանը, նախկինում 10-րդ դասարան էր, հիմա` 12-րդ դասարան, աշակերտներից պահանջում էի ու շատ խիստ էի պահանջում, ոչ մի ներում-բեկում չկար: Վերջում, երբ արդեն տեսնում էի` իմ առարկայի գծով չեն գնում, համենայնդեպս, շատ երևույթների առաջ աչք էի փակում: Դարն է այդպիսին դարձել. երեխաները այստեղից այնտեղ են վազում, մի պարապմունքից մյուս պարապմունքը, և ոչինչ չեն հասցնում: Ի՞նչ իմաստ ունի, որ օրինակ, բժշկական ինստիտուտ գնացող երեխային անընդհատ պարտադրեմ, որ նա պատմություն սովորի: Հա, մինչև վերջին դասարանը, անկախ ամեն ինչից, իր ազգի պատմությունն է` պետք է սովորի, բայց վերջում ես մի փոքր բաց էի թողնում: Էլի իմ մանկավարժի կոչումը երբեք չէի մոռանում` ինչով հնարավոր է աշակերտներին միշտ օգնել եմ խորհուրդներով, խրատներով: Ամենակարևորը` ինձ շատ ուրախացնում է, որ իմ աշակերտներից շատերը ինձ ասել են, որ` այս ձեր խոսքը ես միշտ հիշել եմ, և իմ կյանքում շատ օգուտ է տվել ինձ, դա արդեն շատ մեծ բան է:

-Ինչպիսի՞ քայլերի եք դիմել, որպեսզի աշակերտին հետաքրքիր լիներ ձեր դասին նստելը:
-Ուրեմն, վերջերս, որ թեստեր էին տվել տնօրինության կողմից, այնքան հիմար հարցեր կային, այնքան հիմար, որ ես ասացի` դրանց պատասխանը նույնիսկ ես չգիտեմ: Ի՞նչ պարտադիր է, թե աշակերտը իմանա` այսինչ բանը ամսի 24-ի՞ն է եղել, 25-ի՞ն, 26-ի՞ն թե՞ 27-ին: Թող նա էությունը իմանա, մեկնաբանությունը իմանա, դա ինձ համար ավելի կարևոր է: Եվ այսպիսի մի բան. oրինակ, ինձ քննադատել են այն բանի համար, որ այսօր աշակերտակենտրոն ուսուցում է գնում, բայց էլի ես եմ դասերի ժամանակ ավելի շատ խոսում: Երբ ինձ ասացին` ուսուցիչը շատ չպետք է խոսի, ես ասացի,որ չպետք է խոսի այն ուսուցիչը, ով խոսելու բան չունի, իսկ ով որ խոսելու բան ունի, թող նա շատ խոսի: Եվ եթե ուսուցիչը կարողանում է աշակերտին գրավել, իր խոսքը աշակերտին հասցնել, դրանից լավ բան այս աշխարհում չկա: Իմ հայ գրականության ուսուցչուհին, որի հիշատակի առաջ ես գլուխ եմ խոնարհում,նրա ամեն մի բառը, նախադասությունը իմ ուղեղում և սրտում տպվում էր: Եվ նա ինչքան շատ էր խոսում, ես ինձ ավելի երջանիկ էի զգում, որովհետև նա է ինձ շատ բան տվել:

-Պատմեք մի փոքր ձեր երիտասարդ տարիների մասին: Նաև` ձեր նախասիրությունների, թե՛ հիմա, թե՛ երիտասարդ տարիներին:
-Եթե ես նորից լինեի երիտասարդ, այսինքն, հիմա էլ երիտասարդ եմ. ընդամենը մի շաբաթ առաջ 3-րդ անգամ 20 տարեկան դարձա, ես էլի կվայելեի իմ երիտասարդությունը, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ: Իմ երիտասարդությունը շատ հագեցած է եղել. Խաղաղ օվկիանոսից մինչեւ Եվրոպա որպես ուսանող շրջել եմ: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում եղել եմ, լավ սովորել եմ: Երևանում սովորելով, ինչ հյուրախաղեր գալիս էին, լիներ թատրոն, օպերա, թե ռոք երգիչ-երգչուհիներ, միշտ օգտվում էի: Ճիշտն ասած, ծնողներիցս թաքուն նաև երաժշտական դպրոցում պահակ էի աշխատում, 82 ռուբլի աշխատավարձ էի ստանում: Այդ 82 ռուբլի աշխատավարձը միայն իմ կարիքների վրա էի ծախսում: Կարիքներ ասելով ոչ թե ինչ-որ ռեստորաններում ուտել-խմելու էի գնում, այլ տոմսեր էի առնում: 4 ամառային արձակուրդ եմ ունեցել, 4-ն էլ անց եմ կացրել ուսանողական շինարարական ջոկատներում:
Նախասիրություններս այնքան շատ են, որ ես ինքս մեկ-մեկ խճճվում եմ, թե որին նախապատվություն տամ: Դեռ երեխա ժամանակ ուզում էի երաժիշտ դառնալ, բայց մատներս փչացան, ու ես չկարողացա այդ ուղղությամբ շարունակել: Բայց սերը երաժշտության հանդեպ պահպանվեց մինչ օրս: Լսում եմ ամենատարբեր երաժշտական ուղղություններ բացի ռաբիզից ու ռեպից: Դասական երաժշտություն, մեր գուսանական երաժշտությունը: Երևանում սովորելու ժամանակ ես օպերայի թատրոնի աբոնեմենտ էի ձեռք բերել և մշտապես այցելում էի: Նույնիսկ ինձ այնքան լավ էին ճանաչում, որ եթե շատ լավ հյուրախաղեր էին լինում, ինձ համար տոմս պահում էին, որովհետև գիտեին. անպայման գնալու եմ:

Մեր քաղաքում լավ գիտեն, թե ռոք երաժշտության ինչ սիրահար եմ: Ունեմ ձայնասկավառակների շատ մեծ հավաքածու, ընդ որում, մոտ չորս հազար, իսկ դա կազմում է մոտավոր մի 600-700 հազար երգ, առանձին երգիչ-երգչուհիների խմբերի ամբողջական հավաքածուներ: Մշտապես լսում եմ: Մեր տանը երաժշտությունը երբեք չի լռում : Լռում է այն ժամանակ, երբ քնած ենք լինում: Դեռ ուսանողական տարիներից հավաքել եմ մետաղադրամների հավաքածու, շատ հարուստ հավաքածու ունեմ` 150 երկրների մոտ 10 հազար մետաղադրամ: Դրանք ինձ համար մի ուրիշ աշխարհ են: Երբ հոգնած եմ լինում կամ նյարդային վիճակում, մի որևէ տուփ բացում եմ և տվյալ երկրի մետաղադրամները նայում եմ, մեկը մաքրում եմ, մեկը ուղղում եմ…

Ուսանող ժամանակ Պոլիտեխնիկ ինստիտուտում ստեղծեցի ուսանողական թատրոն, որը կոչվում էր «Միայնակ տղամարդկանց թատրոն»: Անդրկովկասում միակ ուսանողական թատրոնն էր, որը ժողովրդականի կոչում ստացավ, և այդ թատրոնում հիմնականում իմ գրած պիեսներն էին բեմադրվում: Դրանցից մեկը` «Այս խելակորույս, բայց հիասքանչ աշխարհն» էր: Հիմա էլ շարունակում եմ սցենարներ գրել և պիեսներ գրել: Ազատ ժամանակս դրա վրա եմ ծախսում: Վերջին մի քանի տարվա ընթացքում զբաղվում եմ այգեգործությամբ: Հրաշալի այգի եմ մշակում, բոլոր տեսնողներն են զարմանում, որ ոնց կարող է պատմության մասնագետը նման այգի մշակի: Շատ սիրում եմ սպորտը, հատկապես ֆուտբոլը:
Այս քառօրյա պատերազմը, երբ տեղի ունեցավ, ես անմիջապես գնացի կամավորագրվեցի, բայց ստացվեց այնպես, որ ինձ ուղարկեցին Ղարաբաղ, երբ պատերազմը վերջացել էր: Ես մնացի մի քանի օր Ղարաբաղում, մեր դիրքերում, մեր զինվորների կողքին կանգնեցի: Հերոսությամբ աչքի չեմ ընկել, բայց երբ հրաժեշտի ժամանակ մեր զինվորները, (նրանց ցավը տանեմ,այդ ինչ տղաներ էին, ես իրոք հիացած էի), բոլորը ինձ փաթաթվում էին, թե` հոպար, էլի կգաս, արդեն դա ցույց էր տալիս, որ իմ գնալը իզուր չի անցել:

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

-Երիտասարդներին ի՞նչ խորհուրդ կտաք մասնագիտության ընտրության հարցում:
-Ծեծված խոսք է, բայց ճշմարիտ է՝ վատ մասնագիտություն չկա, կա վատ մասնագետ: Ամեն ժամանակվա երիտասարդություն իր շատ լավ կողմերն ունի և թերությունները: Եթե որևէ մեկը փորձի երիտասարդության մասին վատը խոսի, նշանակում է, որ այդ մարդը արդեն ծերացել է: Ոչ թե այդ վախն է իմ մեջ խոսում, որ ես հանկարծ վատը չխոսեմ, ո´չ, պարզապես ես լավ գիտեմ մի բան, լավ եմ հիշում, երբ ես էի երիտասարդ, հորս հետ անընդհատ վիճաբանում էինք: Հայրեր և որդիներ հակամարտությունը միշտ էլ եղել է, և նորմալ մարդը, իսկ ուսոցիչը առավել ևս, պետք է հասկանա, որ դա կա: Երիտասարդները որոշ բաների ուրիշ աչքերով են նայում, քան ես, ու ես պետք է հաշտվեմ իրենց հետ, ոչ թե իրենց ստիպեմ շարժվեն իմ ձևով:

Դպրոցում աշակերտների շփման իմ հաջողությոնները գալիս են նրանից, որ ես միշտ մտածել եմ` գուցե հենց իրենք են ճիշտ, ես եմ սխալ: Սիրեք ձեր մասնագիտությունը և կտեսնեք` ինչքան հաջողությունների կհասնեք:
Հավատա նրան, ինչ-որ անում ես,արա այն, ինչին հավատում ես:
-Ինչպե՞ս եք նայում այն հանգամանքին, որ ծնողները իրենց երեխային խանգարում են մասնագիտություն ընտրելու հարցում:
-Շատ վատ, որովհետև ես նկատել եմ մի բան, որ հիմնականում ծնողներն են փչացնում իրենց երեխաներին: Ընդ որում, հոգեկան տրավմա են պատճառում, երբ ծնողը ինքն է որոշում, թե իր երեխան ինչ դառնա,ինչ ուղղությամբ գնա, դա շատ ցավալի է: Եթե երեխան իհարկե սրտանց է ուզում սովորել, բայց հարկադրված է ծնողի կամքը կատարել, արդեն այդ երեխայի համար ողբերգություն է: Բայց եթե երեխայի համար ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի. Այնքան, որ գնա որևէ թղթի կտոր, որը դիպլոմ է կոչվում, ստանա, այդ ժամանակ ծնողներն ինչ-որ թելադրում են, նման երեխան որևէ հոգեկան տրավմա չի ստանա: Բայց բոլոր դեպքերում, երեխային պետք է լայն հնարավորություն տրվի, որ նա ինքը իրեն դրսևորի: Իմ ընտանիքում այդպես է, ու ես շատ ուրախ եմ, որ ընթացքում չեմ սխալվել:

-Ձեր ընտանիքում որևէ մեկը ընտրե՞լ է ձեր մասնագիտությունը:
-Ոչ: Ուսուցչի մասնագիտությունը վատ մասնագիտություն չէ, բայց ես էլ չէի ցանկանա, որ ընտրեին: Նրանք երկուսն էլ գերադասեցին մտնել տնտեսագիտության ասպարեզ: Մեծ տղաս այսօրվա դրությամբ փայլուն տիրապետում է ֆրանսերենին, արաբերենին, թուրքերենին: Հիմա արտասահմանում է աշխատում: Իհարկե, նրա տեղը Հայաստանում է, գալու է: Համենայնդեպս կարողանում է իր գործազուրկ հորը պահել:

-Ձեր մանկավարժության տարիներին դասի ընթացքում ի՞նչ տպավորիչ միջադեպ կպատմեք:
-7-րդ դասարանում մի աշակերտուհի կար: Ոչ մի անգամ ես նրա ձայնը չէի լսել: Անընդհատ գլխով էր անում: Ու հիմնականում չէր սովորում: Մի օր հարցրեցի, թե` սովորե՞լ ես դասդ, գլխով այո արեց: Ասացի` արի գրատախտակի մոտ: Ուրախությունից ներքուստ արդեն պատրաստվում էի հրճվել, որ վերջապես այս երեխայի ձայնը լսելու էի: Եկավ ու հենց առաջին նստարանի դիմաց կանգնեց, լավ թափով տղա էր նստած այնտեղ, ինչ-որ բան ասաց աղջկան: Սա էլ, առանց ձայն հանելու, դիմացի գիրքը վերցրեց ու մի հատ լավ հավեսով տղայի գլխին տվեց: Դասարանը ծիծաղեց: Հետո 3-րդ շարքի մի ուրիշ տղա էլի բան ասաց, էլի աղջիկը գիրքը վերցրեց ու սուսուփուս գնաց, նրա գլխին էլ խփեց: Զարմացած նայեցի: Ու կատակով ասացի` սպասի, ես էլ մի քիչ հեռու կանգնեմ, որ նոր պատմես: Դասարանը ծիծաղեց: Էս երեխեն էլ սկսենց լաց լինել: Ասում եմ` ինչի՞ ես լացում, երկու «զառլամա» տղու գլուխ ջարդեցիր: Փոխանակ քիթդ վեր բարձրացնես, դու ես լացում:

-Նորից սեպտեմբեր է, ի՞նչ կմաղթեք աշակերտներին և ուսուցիչներին:
-Ես եղել եմ Բելառուսի դպրոցներում: Դասեր եմ լսել: Դուրս գալուց հետո ասել եմ` մեր հայ միջակ երեխան նրանց գերազանցիկներին մի հազար տակ կծալեր, գրպանը կդներ, որովհետև մեր երեխաները շատ մտածող և տրամաբանող երեխաներ են: Ու երբ չեն սովորում, ես մեծ ցավ եմ ապրում: Ախր, ձեր ուղեղի պես ուղեղ ունեցող երեխաներ փողոցներում թափած չեն: Սովորեք, ձեր գիտելիքը ձերն է լինելու:

Ցանկանում եմ գնահատականի պաշտամունքը վերանա մեր դպրոցից: Գնահատականի պաշտամունքը ուղղակի կործանում է տաղանդավոր լավ երեխաներին: Ծնողները ուզում են իրենց երեխան գրազանցիկ լինի, որովհետև հարևանի բալիկը գերազանցիկ է: Գիտելիքի վրա թքած ունեն: Մաղթում եմ, որ երեխաները գան դպրոց գիտելիք ստանալու համար:

Եվ ուսուցիչներն էլ ամեն ինչ անեն, որ այդ գիտելիքը տան: Ուսուցիչներին մաղթում եմ համբերություն, որովհետև այնուամենայնիվ այսօրվա մեր իշխանությունները պարզապես ստորաբար վարվեցին ուսուցչի հետ, խաբեցին ուսուցչին ամենակեղտոտ ձևով, աշխատավարձից սկսած մինչև ծրագրային տարբեր մոտեցումներով: Այսօրվա դրությամբ մեր հասարակության ամենախոցելի և ամենախեղճ խավը ուսուցիչներն են դարձել: Համոզված եմ, ուսուցչի աշխատավարձը այս պահին 50%-ով որ կրճատես ու ասես` պիտի աշխատես, կասի` հա, դե պիտի գանք, աշխատենք: Բա որ այսօրվա եղածի՞ց էլ կտրեն:

Մաղթում եմ նաև մի փոքր էլ ըմբոստ բնավորություն, որովհետև մարդը ինչքան խեղճ ու կրակ մնա, այնքան խոցելի է լինելու: