eva

Հարավային մայրաքաղաքի վերածնված հոգին

Առավոտյան ժամը վեցն էր, ու Երևանում լույսը դեռ նոր էր բացվում։ Ես, սովորությանս հակառակ ու մեծ դժվարությամբ, բնության հետ էի արթնացել և անհամբեր սպասում էի մեր հանդիպմանը։ Ժամանակավորապես հրաժեշտ տալով գերակտիվ ու լուսալի մայրաքաղաքին՝ անհագ կարոտով ու սպասումով լցված վազում էի բնօրրանիս գիրկը։

Մեկ տարի բացակայությունից հետո կրկին ծննդավայրումս էի։ Չնայած այն փաստին, որ այս ընթացքում մտովի զրուցում էի նրա հետ, այնուամենայնիվ դեմ առ դեմ հանդիպումը խիստ անհրաժեշտ էր։ Կապանս այս անգամ ուրիշ էր՝ ավելի բարեկարգ, ավելի մաքուր, ավելի գործունյա, ավելի լուսավոր, ավելի․․.  Ձեր թույլտվությամբ, չեմ խոսի Կապանիս չքնաղ բնության ու տեսարժան վայրերի մասին, քանի որ համացանցում բավականին տեղեկատվություն կա դրա մասին։ Կպատմեմ Կապանի և կապանցու հետ ունեցած լռակյաց ու ներքին զրույցների տպավորություններիս մասին։ Րոպեներն էի հաշվում, թե երբ պետք է վերջապես հասնեմ այնտեղ ու սկսեմ իմ նախատեսած ուսումնասիրությունները։ Ճանապարհորդությունս սկսեցի Կապանի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներից, որոնք լիքն էին մանուկների անհոգ ժպիտներով, երիտասարդների անսպառ էներգիայով և մեծահասակների բավարարված ու երջանիկ հայացքներով։ Մյուս օրերին ամեն երեկո շրջում էի քաղաքում ու հիանում երգող շատրվանների անկրկնելի գեղեցկությամբ։ Հետո նստում էի մոտակա նստարաններից որևէ մեկին և սկսում ուսումնասիրել մարդկանց, նրանց տրամադրությունը, շարժուձևը, գործողությունները․․․ Հուրախություն ինձ՝ մարդիկ անկեղծ ժպտում էին։ Կարծես վերջապես մի փոքր ազատվել էին հոգսերից ու հանգիստ շունչ էին քաշում։  Ամեն քայլափոխի ջանք չխնայելով հարցուփորձ էի անում, թե ինչպես են իրենց զգում, ինչ փոփոխություններ են նկատում, ինչ տրամադրվածություն ունեն։ Նրանք պատասխանում էին, որ Կապանն իսկապես փոխվել է, այն օր օրի ավելի է գեղեցկանում ու բարգավաճում, իսկ իրենք բնականաբար ուրախ են դրա համար և շատ բավարարված են զգում։ Չեմ հիշում, թե երբ էի վերջին անգամ կապանցուն այսքան պայծառ տեսել։ Նյութական ու ֆիզիկական կառուցմանը գումարվել էին դրական  էմոցիաներով լի տրամադրությունը և անկեղծ ուրախությունը։ Իսկապես, դրական տեղաշարժերը քաղաքում ամեն քայլափոխի էին երևում` սկսած շինարարական փոփոխություններից մինչև մշակութային կյանքի ծաղկունք։ Կապանցու աչքերում փայլ ու հույսի նշույլներ կային։ Նրանք համոզված են, որ ամեն ինչ շատ լավ է լինելու և դեռ շատերն են խոսելու Կապանի մասին։ Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։ Երբ ես ու Կապանս մենակ էինք մնում, ես դանդաղ շրջում էի նրա փողոցներում` կլանելով յուրաքանչյուր մանրուք, որ նա փորձում էր հասցնել ու ցույց տալ ինձ։ Կապանիս ամեն մի անկյունը ինձ հիշեցնում էր այնտեղ անցկացրած օրերիս մասին, որոնք լցված են անմոռանալի ու թանկ հիշողություններով, իմ ու ընկերներիս խենթ արարքներով, ընտանեկան զբոսանքներով, բարեկամական հանդիպումներով, ուրախությամբ ու տխրությամբ, վերելքներով ու անկումներով, մի փոքր ափսոսանքով, բայց և մշտական հույսով, անսահման հպարտությամբ, անկեղծ ու նվիրական սիրով։ Երբ բակերի կողքով էի անցնում, ուրախությամբ նկատում էի, որ երեխաների աղմուկի ու մեծահասակների նարդի խաղալու գոչյունների քաղցրությունը պահպանվել է։ Քայլելիս մեկ էլ զգում էի, որ ինչ-որ մեկը անթարթ հայացքով ինձ էր հետևում։ Խուստուփս էր՝ հարավային մայրաքաղաքի գեղեցկուհին։ Նա հպարտ ողջունում էր ինձ ու հիացնում իր վեհությամբ։ Խուստուփս կարծես մոր պես հսկում է իր երեխային վերևից՝ ուրախանալով նրա հաջողություններով, կարեկցելով նրան դժվարին պահերին, հիշեցնելով նրան, որ միշտ իր կողքին է և պատրաստ է պաշտպանել նրան բոլոր վտանգներից։ Ես Կապանինս եմ այնքանով, որքանով նա է իմը։ Մեր սերը շատ ամուր է և կառուցված է փոխադարձ հարգանքի ու նվիրվածության ամուր քարերով։

Կապա՜նս, այս անգամ դու ինձ էլ ավելի զարմացրիր ու երջանկացրիր, հուզեցիր ու ստիպեցիր ևս մեկ անգամ հպարտանալ իմ արմատներով։ Շնորհակալ եմ, որ այսքան աշխատասեր ես, լավատես, հույսով լի ու վառվռուն։ Դու միշտ իմ մտքում, հոգում և սրտում ես։ Ես շարունակելու եմ մեծ ուշադրությամբ հետևել քո հաստատուն քայլերին՝ փորձելով աջակցել քեզ ամեն հնարավոր ձևով։ Շնորհակալ եմ, որ միտքդ այդքան ճկուն է,  սիրտդ այդքան բարի, հոգիդ էլ այդքան ճերմակ ու մաքուր։ Սիրում ու կարոտում եմ քեզ և ամեն անգամ անհամբերությամբ սպասում մեր հանդիպմանը։

Ավանդույթը չխախտելով՝ կրկին մեծ դժվարությամբ ու սովորությանս հակառակ արթնացա բնության հետ ու հրաժեշտ տվեցի Կապանիս։ Մի վերջին անգամ անցա նրա փողոցներով ու ցտեսություն ասացի Խուստուփիս՝ կրկին վերադառնալու անդրժելի խոստում տալով։