Ազգը դպրոցով է ազգ դառնում

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Հարցազրույց Սուսաննա Մանասյանի հետ, ով ծնվել է 1950 թվականին Արզական գյուղում, մանկավարժի ընտանիքում: Ավարտելով Արզականի ութամյա դպրոցը, միջնակարգ դպրոցի բացակայության պատճառով, ուսումը շարունակել է Ալափարսի Կիրովի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ էլ հենց ավարտել է ուսումը: Առաջին տարում դիմել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մեկ միավորով դուրս է մնացել, քանի որ մրցակցությունը բարձր էր: Երկրորդ տարում ընդունվել է բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը՝ միևնույն ժամանակ աշխատելով Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես երգի և երաժշտության ուսուցիչ, հետո՝ դասվար, այնուհետև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ինչպես ընկեր Մանասյանն է նշում՝ 46 երկար ու ձիգ տարիներ։ Աշխատանքի ընթացքում ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Սովետական Միության ժամանակ ստացել է բազմաթիվ պատվոգրեր շրջանային գործադիր կոմիտեի, կրթության բաժնի, նաև Հայաստանի լուսավորության մինիստրության, ԽՍՀՄ լուսավորության մինիստրության և այլ գերատեսչությունների կողմից: Այնուհետև հմտանալով աշխատանքի մեջ՝ նաև յոթ տարի աշխատել է որպես ուսումնական մասի վարիչ՝ կրկին ունենալով բավականին մեծ հաջողություններ: Այդ տարիներին դպրոցը բավականին բարձր ցուցանիշներ է հանդես բերել, որից հետո իր դիմումի համաձայն ազատվել է ուսմասվարի պարտականություններից և մյուս տարիներին եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ մինչև կենսաթոշակի անցնելը։ Ընկեր Մանասյանը նշում է, որ իր նախաձեռնությամբ է դուրս եկել տվյալ աշխատանքից, չնայած, որ ամբողջ կոլեկտիվը, աշակերտությունը, ծնողները խնդրել են, որ մնա և շարունակի իր գործունեությունը, սակայն ասում է, որ պետք է տեղը զիջել երիտասարդներին։ Ուսուցչուհին նաև նշում է, որ չնայած արդեն չորս տարի է, ինչ չի աշխատում, շատ կապված է իր նախկին սաների և գործընկերների հետ, ունենում է հաճախակի հանդիպումներ։ Ընկեր Մանասյանը ոգևորությամբ նշեց, որ իր ողջ կյանքում եղել է և կմնա մանկավարժ։

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

-Կպատմե՞ք Ձեր մանկավարժական գործունեության ամենահիշարժան պահերից։

-Իմ մանկավարժական գործունեության ամենահիշարժան բանն այն է, որ իմ սաներն այսօր դարձել են հանրապետությունում և հանրապետությունից դուրս հրաշալի մասնագետներ, և ես, տեսնելով նրանց հաջողությունները, շատ-շատ ուրախանում եմ:

-Ձեր ժամանակի դպրոցի և ներկայիս դպրոցի մասին կխոսե՞ք։ 

-Այն ժամանակ, բնականաբար, չեն եղել այն հարմարավետությունը, նաև տեխնիկական միջոցները, ինչ որ կա հիմա, բայց ուսման նկատմամբ հետաքրքրությունը եղել է շատ մեծ, աշակերտները սովորել են շատ լավ, և հիմնականում գերակշռում էր ուսման բարձր որակը։ Ժամանակները փոխվեցին, տեխնիկական միջոցները մուտք գործեցին դպրոց, և իհարկե, այդ առումով հեշտացել է և՛ ուսուցչի աշխատանքը, և՛ երեխաների աշխատանքը, սակայն այսօր երեխաների ընթերցասիրությունը հետին պլան է մղվել։ Եվ նախկին դպրոցներում ինձ դուր էր գալիս այն, որ նախկին սերունդը մի տեսակ ամոթխած էր, ավելի պարկեշտ էր, լայնախոհ: Դա շատ դրական կողմեր ունի, բայց նաև ունի բացասական կողմեր։ Չգիտես՝ ինչու, մարդ արարածն ավելի շատ վատն է ընդօրինակում, քան թե լավը, հատկապես՝ դեռահասը։ Այսօր այդ ճահիճը մեծ է, և դեռահասները մխրճվում են այդ ճահճի մեջ, և ուսումը մի տեսակ հետին պլան է մղվում: Իհարկե, կան նաև ուրիշ պատճառներ՝ ուսումնական ձեռնարկները, ծրագրերը, որոնք պետք է բեռնաթափվեն։ Ասօրվա դպրոցներում երեխաներն ավելի համարձակ են, ինչը ինձ դուր է գալիս։ Ավելի ինքնուրույն մտածող են, իրենց կարծիքը հայտնում են առանց քաշվելու։ Ինձ դուր է գալիս ներկայիս սերնդի համարձակությունը, իսկ ուսուցիչներն էլ դժվար են հարմարվում, ասում են՝ էս սերունդը էն չի։ Չէ, սերունդը լավն է, պարզապես պիտի մոտեցումը փոխել երեխաների հանդեպ։

-Իսկ ըստ Ձեզ՝ որքանո՞վ է կարևոր կրթությունը երեխայի համար։ 

-Բնականաբար, շատ կարևոր է, անձը ձևավորվում է իր ներաշխարհով։ Ինչպիսի սերմ ցանես, դա էլ պիտի հնձես, բնականաբար, մենք դաստիարակում ենք վաղվա քաղաքացուն, և վաղվա քաղաքացին ինքը պիտի նորից ընտանիք կազմի, սերունդ տա, և այսպես շարունակ։ Եվ ոչ միայն գիտելիք պետք է ունենա, այլ նաև հոգևոր ազգային արժեքները պետք է պահպանի։ Դա պահպանելը մեզ նման փոքր ազգերի համար շատ կարևոր է։

-Մի փոքր կխոսե՞ք կրթական համակարգի մասին։ 

-Բնականաբար, նոր կառավարությունը սկսել է այդ բարեփոխման ընթացքը… Դեռ փոքրիկ սերմիկներ են երևում, բայց հուսով եմ, որ ամեն ինչ դեպի լավը կգնա: Այն հարցերը, որոնք իրոք այսօր ինձ հուզում են, ինձ թվում է՝ կստանան իրենց լուծումը։

-Իսկ ներկայումս ինչո՞վ կարող եք հպարտանալ։ 

-Շատ բաներով, հատկապես ստեղծարար կենտրոններով, շատ գովելի է ինժեներական լաբորատորիաների բացումը։ Այսօր մեր երկիրը հարուստ չէ ո՛չ նավթով, ո՛չ այլ բաներով, և մենք փոխարենը պետք է ուղեղները լավ կրթենք, և թույլ չտանք ուղեղների արտահոսք․ դա մեր երկրին շատ է պետք։

-Ըստ Ձեզ՝ ուսուցիչների կատարած աշխատանքը որքանո՞վ է կարևոր։ 

-Շատ-շատ կարևոր է ուսուցչի կատարած աշխատանքը, ամեն ինչի հիմքը դնում է ուսուցիչը։

-Եվ վերջապես, աշակերտներ, որոնցով հպարտացել եք ու դեռ կհպարտանաք։ 

-Հպարտանում եմ ես իմ այն աշակերտներով, որոնք թե՛ հանրապետությունում, թե՛ հանրապետությունից դուրս կարողանում են ներկայացնել իրենց երկիրը, կարողանում են ներկայացնել իրենց ժողովրդին: Իրոք, ես հպարտանում եմ այդ սաներով, և այսօր էլ մենք ունենք աշակերտներ, որոնք միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում դառնում են հաղթող, փառք ու պատիվ իրենց: Իմ աշակերտներից են, օրինակ, Պետրոսյան Ցողիկը, որն այսօր բանասիրական կրթություն ունի և դպրոցի առաջավոր ուսուցիչներից մեկն է, Հովհաննիսյան Արմանը, որը բժիշկ է, այսօր, ցավոք սրտի, ԱՄՆ-ում է։ Եղիազարյան Արտուշը, որը հիմա Գերմանիայում է, իմ լավագույն աշակերտներից մեկն է, և էլի շատ շատերը… Այս պահին բոլորին թվարկել չեմ կարող, շատերը ուսուցիչներ են, բժիշկներ են, թեկուզ տրակտորիստ են, բայց արժանապատիվ մարդ են: Թող այսօր այն երիտասարդը, ով ընտրում է մանկավարժության բնագավառը, իսկապես նվիրյալը լինի դպրոցի և աշակերտի և ոչ միայն գիտելիքներ հաղորդի, այլ դառնա նոր սերունդ կրթող, դաստիարակողը: Ես կցանկանամ՝ այն մարդն ընտրի այս մասնագիտությունը, որը իրոք նվիրյալ է: Ա՛յ, մեծ մարդկանց ուսուցիչ են անվանել, թող, որ այդ ոգին մանկավարժական կրթություն ունեցող երիտասարդների հոգում սերմանվի, բազմապատկվի, և նրանք նվիրյալը լինեն այդ մեծագույն գործի, որովհետև ազգը դպրոցով է ազգ դառնում։