norayr shoghikyan

Հեռանալուց առաջ բարձրացեք Եռաբլուր

Երբեք Եռաբլուր ոչ տոնական օրերին չէի այցելել: Երբ այստեղ միայնակ ես լինում, միայն այդ պահին ես հասկանում այդ տարածքի իրական էներգետիկայի ողջ հզորությունը: Եռաբլուրի խոսուն լռության մեջ անցկացնելով մի քանի րոպե, սկսում ես վերաիմաստավորել կյանքդ ու հասկանում, որ պետք է ապրել այնպես, որ այստեղ ամփոփված յուրաքանչյուր հերոսի ընդհատված կյանքը շարունակվի նաև քեզանով…

Այս հսկա բարձունքում տարածությունն ու ժամանակը միանում են քամուն, որն իր հետ բերում է այստեղ հանգչող հայորդիների հերոսական շունչը, անցնում ծառերի ու երակներիս միջով և սրընթաց իջնում քաղաքի վրա: Եռաբլուրի բարձունքում իր մարտական ընկերների կողքին հանգչում է Կարո Քահքեջյանը, ում ընկերներն անվանում էին «Սպիտակ արջ»:  Կարոն ծնվել էր հայրենիքից բազում կիլոմետրեր հեռու, ապրել այլ երկրում, սակայն տեղեկանալով Արցախին սպառնացող վտանգի մասին, թողել էր ուսումն ու սիրած աղջկան և շտապել կամավորագրվելու հայրենի հողը պաշտպանելուն: Կարոյի ու մյուս քաջ հայորդիների արյունով պահպանվեց ու ներկվեց մեր հայրենիքը, որի ժառանգներն ու հաջորդ պահապանները մենք ենք:

Մի քանի րոպե անցկացնելով հերոսների շիրիմների կողքին, վերադառնում եմ տուն, իսկ ճանապարհն անցնում է օդանավակայան տանող մայրուղու կողքով: Հսկա մայրուղով մեծ արագությամբ օդանավակայան են շտապում բազմաթիվ մեքենաներ, որոնք լցված են ճամպրուկներով, իսկ ապակիների միջից երևում են մանկահասակ երեխաների տխուր դեմքերը, որոնց ծնողները նրանց տանում են իրենց սեփական հայրենիքից, այն հայրենիքից, որի ժառանգորդն ու ապագա պաշտպաններն են: Դեպի օդանավակայան գնացող այդ ընտանիքներից յուրաքանչյուրի հետ վառվում ու մոխրանում է նաև մեր պատմության հսկա գրքի դեռ չգրված էջերից մեկը:

Այսօր մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն արտագաղթն է: Վերջին 15 տարվա ընթացքում պաշտոնական տվյալներով Հայաստանն անվերադարձ լքել է 217 911 մարդ` իրական թվերը շատ ավելի մեծ են: Գնացողների մեջ զգալի մաս են կազմում նաև երեխաները, ովքեր դեռ պետք է ապրեին և սերունդներ տային այս հողում: Յուրաքանչյուր մեկնող պայքարելու փոխարեն գերադասում է ավելի հեշտ ճանապարհը` լավագույն կյանքի ակնկալիքով առանց վարանելու լքելով Կարոյի, Քյարամի, Մոնթեի, Ազատի և այլ հերոս տղաների արյունով ներկված հողը, որի պաշտպանությունը նաև իրենց էր ավանդված: