Հետաքրքրասիրության հետևանքները

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լույսը նոր էր բացվել, և ընտանիքիս անդամները բոլորը աշխատում էին: Ես հինգ տարեկան էի: Այդ ժամանակ ես շատ հետաքրքրասեր էի, և ամեն աշխատանք ինձ հետաքրքիր էր: Պապիկս ինչ-որ գործ էր անում, իսկ ես աստիճանների ճաղավանդակից մտցրի գլուխս, որպեսզի տեսնեմ, թե նա ինչ է անում: Երկար ժամանակ նայում էի, բայց երբ փորձեցի գլուխս հետ տանել, զգացի, որ չեմ կարողանում: Սկսեցի լաց լինել, իսկ երբ լաց եղա քթիցս արյուն եկավ. փոքր ժամանակ քթիցս հաճախ էր արյուն գալիս: Պապիկս արդեն գնացել էր տրակտորի մոտ և տրակտորի ձայնը չէր թողնում, որ նա ինձ լսեր: Երբ տրակտորի ձայնը կտրվեց, բոլորը լսեցին իմ ձայնը և եկան ինձ մոտ: Մեր հարևանը գնաց և մի երկաթ բերեց, որպեսզի ծռեր ճաղավանդակը և ազատեր իմ գլուխը, բայց ես կարծել էի, թե նա ինձ ուզում է ծեծել այդ երկաթով և սկսեցի ավելի բարձր գոռալ: Գլուխս հանել էին ճաղավանդակից, բայց ես դեռ լացում էի: Ճիշտ է, անցել են շատ տարիներ, բայց ես այդ հարևանին չեմ սիրում և նրանից վախենում եմ: Իսկ աստիճաններով բարձրանալիս անպայման հիշում եմ այս դեպքը: