anush davtyan

Հիշելու ժամանակը

Ինչքան թարմ են հիշողությունները, էնքան ավելի մանրամասն ես հիշում ամեն ինչ։ Ինչքան մոտ ժամանակաշրջան ես վերցնում, էնքան ավելի շատ բան ես հիշում էդտեղից։

Վերջին դեպքերից, օրինակ, հիշո՞ւմ ես՝ ոնց պատահաբար բացեցիր հեռախոսիդ տեսախցիկը ու ինքդ քո դեմքից վախեցար։ Կամ հիշո՞ւմ ես, թե ոնց էիր Word-ի ֆայլի մեջ շարադրում վերջին հանձնարարությունդ։ Երևի լավ պարզ կհիշես։

Իսկ որ մի քիչ հետ գնանք, ասենք՝ քեզ առաջին անգամ են ինչ-որ տեղ ուղարկում մենակ։ Ես, օրինակ, 16 տարեկան էի։ Ենթադրենք՝ դու էլ մի էդքան։ Տնից դուրս եկար, ուղևորվեցիր արդեն, հիշո՞ւմ ես ճանապահը, ո՞ւմ հետ ես խոսել, ի՞նչ ես ասել, ի՞նչն էր քեզ նեղում, որ ամաչում էիր ասել։ Ես լավ եմ հիշում, առաջին փորձս չեմ մոռանում։ Հիշում եմ, որ ահավոր շատ եմ սպասել ինքնաթիռ նստելուն, տեղ հասնելուն, դուրս գալուն, ծանոթ մարդ գտնելուն։ Հետո սպասում էի՝ տուն հասնենք։ Հիշելու շատ բան կա, եթե առաջին անգամն էր։

Մի քանի տարի էլ հետ գնանք, 2011 թիվն է, մանկական Եվրատեսիլը Հայաստանում են անցկացնում։ Ես ենթադրում էի, որ շատ նշանակալից օր էր բոլորիս համար, պիտի որ հիշես էդ օրը։ Ի՞նչ էիր անում, գնացի՞ր Դալիթային տեսնելու, քո մաման է՞լ ասաց, որ սենց բան երևի էլ չլինի։ Իմն ասաց, դրա համար էլ գնացինք Համալիր։ Ելույթներից բան չեմ հիշում, բայց հաստատ գիտեմ, որ կեսից դուրս եմ եկել ջուր ու ժելե առնելու։

Կամ ավելի վաղ տարիքում, հիշո՞ւմ ես, թե ոնց էիր բազմոցների գլխին ման գալիս, շալվարով քսմսվում պատերին, հետո գաջից սպիտակած՝ գնում մամայի մոտ, ասում էր՝ էս ինչ ա եղել, դու էլ ձայն չէիր հանում։ Ես էլ փրկարարություն էի անում, ջրի հատակից խաղալիքներիս էի փրկում, ցամաք հանում։ Կամ էլ «Ֆորդ Բոյարդ» էի խաղում, բանալիներ էի գտնում ու մատներով ցույց տալիս՝ քանի հատ ունեմ։

Դպրոցը հիշո՞ւմ ես, առաջին դասարանը, առաջին օրը։ Ոնց շարք կանգնեցրին, քեզ կանչեցին, բանալի կախեցին քո վզից, որ գիտելիքների դուռը բացես դրանով։ Հետո տարան դասարան, նստեցրին անծանոթ երեխեքի կողքին, սկսեցին ծանոթացնել։ Ես բան չեմ հիշում։ Մենակ կոկոսի փաթիլներով թխվածքս եմ հիշում, որ աշխարհի ամենահամով բանն էր ինձ համար։ Տղաներինը կապույտ էր, աղջիկներինը՝ վարդագույն, ու բոլորի վրա զանգեր էին նկարած։

Բա որ ավելի փոքր էիր, հաստատ մամայի ընկերուհու տուն հյուր գնացել ես։ Հեչ հիշո՞ւմ ես, թե ինչ ես արել, ոնց էիր տակդիրի հետ պայքարելով վազվզում իրենց տանը։ Դժվար, լավ դե։ Ես էլ չեմ հիշում, ինչ մի հիշելու բան է։ Մենակ «Բիոնիքըլներն» եմ հիշում, շատ էին դուրս եկել։

Ինչքան ավելի հեռու գնանք, էնքան քիչ բան կլինի հիշելու, եթե ընդհանրապես մնա որևէ բան։

Միգուցե արժեքավոր բաներ չհիշես, կամ մենակ քեզ թվա, որ դրանք կարևոր են ու նշանակություն ունեն, բայց հենց էդ հիշածներդ են քո անցյալը դառնում, քո աչքերում դու էդպիսին ես երևում։

Ու թող ես հաշվեմ, որ արդեն 165052,01 ժամ ապրել եմ ինձ հատկացված կյանքից, թող չհիշեմ դրա մեծ մասը, բայց մտքումս պահեմ էն քիչը, որ հիշում եմ և ուրախանում։