Հուզող հարցեր եւ խնդիրներ. Աբովյան

Ժամանակակից մարդուն հուզում են հազար ու մի խնդիրներ: Զարգանում են գիտությունը, տեխնիկան, տնտեսությունը: Իհարկե, այդ ամենը մարդու կյանքը դարձնում է ավելի հետաքրքիր, հեշտացնում է կենցաղային շատ խնդիրների լուծումը: Բայց այդ ամենի բարենպաստ ազդեցության հետ, միաժամանակ, բարդանում է կյանքը: Ժամանակակից մարդը նյարդային է և զբաղված, թեև նրա կյանքում կա ամեն ինչ երջանիկ լինելու համար: Այս բարդ կյանքին հարմարվելու համար ստիպված ենք ինքներս էլ փոխվել: Դժվար է պատասխանել՝ դեպի լա՞վն է արդյոք դա մեզ փոխում, թե՞ դեպի վատը: Կցանկանայի, որ մարդիկ ավելի պարզ լինեին հասարակ մարդկային հարաբերություններում, ավելի շատ շփվեին իրական, քան ոչ իրական՝ վիրտուալ աշխարհում: Մարդիկ աստիճանաբար վերածվում են կենդանի ռոբոտների, և կյանքն էլ դառնում է անհետաքրքիր: Սակայն ինձ առավել հուզում է այն, որ շատերս, համոզված եմ, դառնում ենք ավելի փակ՝ պարփակված ինքներս մեր մեջ: Ցավալի է, երբ ընկերոջդ պատահաբար ես տեսնում փողոցում, ու նա շտապելով բարևում է քեզ և անցնում՝ խոստանալով գրել քեզ սոցիալական ցանցերով կամ զանգահարել: Դա տխուր է, անիմաստ: Կցանկանայի, որ մենք՝ հատկապես երիտասարդները, ավելի հետաքրքիր և շփվող լինեինք, սովորեինք օգտվել և՛ սոցիալական ցանցերից, և՛ տարբեր կայքերից, բայց չանցկացնեինք օրվա մեծ մասն այդտեղ՝ անիմաստ ծախսելով ժամանակը: Չէ՞ որ ավելի գերադասելի կարղ են լինել գրքերը, ֆիլմերը կամ ընկերուհու հետ զբոսայգում քայլելը:

Նինա Մանուկյան

***

Մեր դպրոցը այնքան էլ լավ չի ջեռուցվում: Մենք դասերի ժամանակ դողում ենք դասարանում և սպորտդահլիճում: Անգամ վերարկուներով դպրոցի ներսում ցուրտ է: Մեր դասարանը գտնվում է արևոտ կողմում, բայց միևնույն է, ցուրտ է: Անցած տարի անգամ թույլ վառարան չէր միացվում: Կամ սպորտային դահլիճի կոտրված պատուհանները. մի՞թե ոչ ոք չի մտածում, որ երեխաները կարող են հիվանդանալ: Այդ հարցն իսկապես ինձ շատ է հուզում, ես շատ եմ ուզում, որ մեր դպրոցը վերանորոգվի:
Ինձ հուզում է նաև մեր վետերանների խնդիրը: Մենք շենքում մի տատիկ ունենք, նա ապրում է մեկ սենյականոց բնակարանում, և ամենացավալին այն է, որ նա մենակ է ապրում: Նրա ամուսինը վաղուց մահացել է, իսկ միակ տղան մեկնել է Ռուսաստան, և նա մնացել է մենակ: Ես շատ եմ ուզում, որ պետությունը հետևի այդպիսի մարդկանց, որոնց շնորհիվ մենք հիմա ապրում ենք…

Գրետա Պետրոսովա

***

Շատ մարդիկ ունեն այնպիսի պահվածք, որը տհաճություն է առաջացնում: Օրինակ, ինձ դուր չի գալիս, երբ մարդը քայլում է փողոցում, և անծանոթները նրա ետևից ինչ-որ արտահայտություններ են նետում:
Ինձ հուզում է նաև օգնության կարիք ունեցող ընտանիքների կյանքը: Զոհված ազատամարտիկների կամ ծնողազուրկ երեխաները ինչպե՞ս պետք է կարողանան հոգալ իրենց կարիքները, ուսման, հագուստի, սննդի խնդիրների համար գումար հայթայթեն:

Սոնա Ավագյան

***

Իհարկե, մարդկանց հուզող շատ հարցեր կան: Ամեն բանի մեջ զգացմունք կա: Եվ այդ զգացմունքները, հույզերի զեղումները միշտ էլ խտացած են մարդու ուղեղում: Բացի «ես»-ին վերաբերվող միակենտրոն խնդիրներից շատ են շրջապատի մարդկանց կամ էլ հենց շրջակա աշխարհի խնդիրները:
Ինձ շատ հուզող խնդիրներից է ինձ հետ այս լայն ու ընդգրկուն աշխարհում ապրող այն մեկի կյանքը, ով ինձ շատ մտերիմ չէ, բայց ես իսկապես նրա հանդեպ մեծ հարգանք ու սեր եմ զգում:
Սակայն նա ունի լուրջ խնդիրներ, որոնք ծագել են ոչնչից կարծես: Կյանքի տեմպից ու ռիթմից ընկած մի շրջան, ցավալիորեն, մտցրեց նրան անել թվացող մի փակուղի, որի բնորոշումն է` հակվածություն խմիչքին: Ոչ, դա ամենևին էլ հարբեցողություն չէ, ալկոհոլին բնորոշ պահվածք չէ, այլ միայն երբեմն-երբեմն, նույնիսկ շատ հազվադեպ, խմիչքի անկառավարելի ձվով օգտագործում, մինչև վերջին կաթիլը: Սա անօրինակ և աննախադեպ էր ինձ համար, ոչ ոք կարծես չէր հասկանում բուն խնդիրը: Լավն այն է, որ ճիշտ ժամանակին ոտքի ելան նրա հարազատները, նրան սիրողները և այժմ էլ օգնում են:
Ինձ հուզում է մարդկանց՝ կյանքի հունից ընկնելը, ինչ-որ մի ժամանակ ամենի հանդեպ անտարբերության հարուցումը, անցանկալիորեն առաջացումը, ոչ խելամիտ կերպով մոտենալը դժվար հարցերին:
Յուրաքանչյուր խնդիր, եթե կա, յուրահատուկ լուծում ունի: Դեռ փոքր հասակից մարդու մեջ պետք է սերմանել ողջախոհություն, բարություն, օգնելու անսահման ցանկություն, և ինչը ամենակարևորներից է՝ ուժեղ ոգի դժվար պահերին դիմակայելու ու հաղթահարելու խոչընդոտները:

Անահիտ Բաբայան