Հուշերիս կղզին

«Ժամը ո՞նց իմացար, այ տատ»: Մեղավոր նայում է ինձ,

նայում է վերև՝ արևին, հետո գնում է մանրաքայլ:

Իսկ մենք հաց կտրելու մեքենա էլ ենք հորինել:

Վարդգես Պետրոսյան

 

…Նստում էր պատուհանի տակ ու դուրս նայում: Դպրոցից տուն ճանապարհս միշտ ընդհատվում էր նրանց տան մոտ, նայում էի պատուհանից ներս, ժպտում, հետո վազում-նստում կողքին, ու նա ինձ պատմում էր պատմություններ, պատմում էր իր կյանքից, անցյալից ու ներկայից: Եվ հենց նա էր ինձ համար ամենալավ գրողը, բանաստեղծը, ամենալավ հեքիաթասացը: Ախր, նա ինձ պատմելու այնքան բան ուներ: Տա՜տս….

Հուշերիս մեջ նա ամրացել է մյուսներից տարբեր, ուրիշ լույսով շաղախված, մի քիչ էլ խառնված Անանյանի գրածներին, որ էլի իրենից էի լսել: Որքան նման էին այդ պատմվածքները տատիս հեքիաթ-կյանքին, համենայնդեպս, ինձ այդպես էր թվում: Լսում էի, լսում, ու մտքերս խճճվում էին, խառնվում ու մի անքանդելի կծիկ դառնում: Հետո, մի օր էլ նույն ձևով մտքերիս կծիկը տեղավորվեց հուշերիս դարակներում, ամուր-ամուր կողպեցի սրտումս, որ էլ երբեք չբացեմ, որ չկորցնեմ նրանց: Միայն մի օր երևի կբացեմ դարակները, որ նորից կարդամ Անանյանի գրածները, քանդեմ հուշերիս կծիկն ու այն դասավորեմ այնպես, որ էլ չխճճվեն հիշողություններս, որ «Հովազաձորի գերիները» չգան-չխցկվեն տատիս հեքիաթ- կյանքի մեջ:Բայց չէ, կյանքը հեքիաթ չի, կյանքի վերջում հեքիաթների պես երկնքից երեք խնձոր չի ընկնում, տատիս կյանքի վերջում էլ չընկավ… Հա՜, նրա կյանքն էլ հեքիաթ չէր…

…Հետո գնում էինք այգի, նա վերցնում էր քաղհանն ու աչքերիս մեջ ձուլվում բնությանը, հողին ու ջրին, ամեն ծառ ու թփի հետ նա իր սրտից մի մասնիկն էր դնում. երևի հենց դա էր պատճառը, որ իր աճեցրած մրգերն ամենահամեղն էին ինձ համար, ամենալավը…. Նա էր ինձ համար ամենալավը:

Ինչ հետաքրքիր բան է, չէ՞, կյանքը, ո՞նց է ներկան այդքան արագ կարողանում հիշողություն դառնալ, իսկ հետո, հետո ուղղակի մոռացվել… Չէ՜: Հիշողությունները մեզ չեն լքի, չէ՞ որ առանց նրանց կյանքն անիմաստ պիտի լինի, դատարկ ու խավար, առանց հիշողություն կյանքն անպետք կդառնա:

Նա էլ իր հիշողություններով ապրում,ի՞նչ կլիներ, եթե նա էլ իր սրտի դարակներում ամուր չփակեր հիշողությունները, որ հազվադեպ էր բացում, միայն վերհիշելու, ինձ, քրոջս ու եղբայրներիս պատմելու համար:

…Միասին քայլում էինք, խոսում, հետո գալիս, նստում մի հին աթոռի վրա, ու նա ինձ էլի պատմում էր, պատմում էր երկար ու ամեն ինչի մասին, ինչքա՜ն բան էի սովորում նրա պատմածներից, ոնց էի հիանում նրանով, իսկ նա, նա դեռ պատմում էր, պատմում էր, մեկ-մեկ կռիվ տալով դավաճանող հիշողության հետ, մեկ-մեկ ժպտալով, բայց միշտ-միշտ թախծոտ հայացքով ու դողացող, վշտից չորացած ձայնով, իր ձեռքերի նման:

Նայում էի նրան ու զարմանում, թե մի մարդու մեջ ինչպես կարող են այդքան լավ բաներ լինել, այդքան բարություն, ջերմություն ու սեր: Ինչպես կարող է անծանոթ մարդուն ուղղված, կամ նրանից ստացած ընդամենը մի բարևն այդքան երջանկացնել մարդուն:

Այդ ինչպե՞ս… Դե հա, նրան երջանկացնում էր:

Հոկտեմբեր, 2016