seda harutynyan-2

Հրաշքը

Բարև, իմ շատ սիրելի ընթերցող։ Ամանոր է, և գաղտնիք չէ, որ բոլորս էլ սպասել ենք ամանորյա հրաշքին։ Շատերը՝ մեծամասամբ փոքրիկները, սպասել են Ձմեռ Պապի այցի և տոնածառի տակ դրված ինչ-որ նվերի։ Շատերի համար Նոր տարին միայն գեղեցիկ զարդարած սեղանն ու հեռու բարեկամների անսպասելի այցն է, իսկ ինձ համար կյանքի նոր սկիզբ է։ Ինչքան էլ մեծանամ, մեկ է, չեմ դադարի ուղիղ ժամը տասներկուսին երազանք պահել, և մի ամբողջ տարի դրա կատարմանը սպասել։

Այս տարի երազանքս այնքան է տարբերվում անցած տարիների երազանքներիցս, որ ինքս էլ ինձ վրա զարմանում եմ։ Այս տարվա ընթացքում ուզում եմ հանդիպել մի մարդու, նրան բոլորդ էլ ճանաչում եք, բայց թե ինչքա՜ն եմ ես սիրում նրան, գիտեմ միայն ես։ «Անհնարին ոչինչ չկա»․ կրկնում եմ ամեն անգամ ինքս ինձ, երբ մտածում եմ, որ այդ հանդիպումը երազանք էլ մնալու է։ Քանի որ ես և նա գտնվում ենք մի երկնքի տակ, անհնարին չի թվում նրա հետ հանդիպումը։ Չեմ ասում` ով է նա, քանի որ ուզում եմ 2017 թվականին նրա հետ նկար տեղադրել համացանց, և այդ ժամանակ բոլորին ցույց տալ, որ սրտանց պահված երազանքները իրականանում են։
Ես ինձ տրամադրել եմ, որ այս տարին պետք է ինձ համար ամենաանմոռանալի տարին լինի, լի լինի վառ հիշողություններով, անմոռանալի օրերով և անսպառ սիրով։
Ես համոզված եմ որ իմ երազանքը իրականանալու է։ Ախր, հերիք է միայն նայել երկնքից թափվող մանր փաթիլներին, շնչել ձմռան սառը օդը, տանը առնել բնական եղևնու անփոխարինելի հոտը, նայել պատին կախված գույնզգույն լույսերին ու ապրել հրաշքի սպասումով։ Ապրել` ինքդ քեզ հրաշքի մի մաս զգալով։ Ես հավատում եմ քեզ, և համոզված եմ դու 2017 թվականին երջանիկ ես լինելու, քանի որ դու էլ ինչ որ մեկի փոքրիկ ամանորյա հրաշքն ես։