seda harutynyan-2

Ձեռքդ տուր

Ձեռքդ տուր: Դե՛, բռնիր ձեռքս, որ ցույց տամ քեզ իմ աշխարհը: Միայն վերցրու քեզ հետ մուրճ, փայտեր ու մեխեր, շուտով դրանք մեզ պետք կգան: Տեսնո՞ւմ ես այս երկա՜ր արահետը: Հիմա մենք կփորձենք գտնել դրա վերջը: Գնացի՛նք: Տեսնո՞ւմ ես այն կարմիր վարդերը, ի՜նչ անուշ է նրանց բույրը, չէ՞: Իրականում այս վարդերը միակ հիշողությունն են իմ ծծնդավայրից: Անցանք առաջ: Երևի նկատեցիր, որ ճանապարհը արդեն հարթ չէ, իսկ մեր շուրջը մթություն է տիրում: Վախեցա՞ր: Բռնիր ձեռքս, ես արդեն չեմ վախենում:

Սա ճանապարհիս ամենամռայլ մասն է: Հիմա տեսնում ես շատ երեխաների՝ նստած պարտեզում: Ա՜յ, այն մեկը սևուկ աչքերով, մի տղայի կողքին նստած, ես եմ: Իսկ տղան իմ ամենամոտ ընկերն ու ամենալավ հարևանն է: Տե՛ս, իսկ հիմա մենք վազեցինք դեպի ճոճանակները: Նա ինձ ճոճում է: Արագ արի այստեղ, հետաքրքիր բաներ կան քեզ ցույց տալու: Ականջներդ, լավ կանես՝ փակես, այստեղ ես լացում եմ: Չէ՛, ինձ ոչ ոք չի նեղացրել, ուղղակի դպրոցում ինձ նախատում են վատ ձեռագրի ու ձախլիկ լինելու համար:

Հիմա դու կտեսնես երկու փոքրիկ աղջկա՝ իրար ձեռք բռնած: Ինձանից մի քիչ հասակով բարձրը քույրս է: Հապա տես՝ ինչ խնամքով է բռնել ձեռքս ու ինչ ուշադիր է օգնում անցնել ճանապարհը: Մի ժամից մեզ նորից կտեսնես, ուղղակի՝ գունավոր ձեռքերով, քանի որ ամեն օր մենք նկարչության էինք շտապում: Այնտեղ՝ առջևում, տեսնո՞ւմ ես այն դպրոցի պատուհաններից ինչ բա՜րձր երաժշտության ձայն է գալիս, իսկ այդ սենյակում մի քանի հոգի պարում են: Ամենասկզբում կանգնած աղջկան չնկատելը դժվար կլինի, տես, ինչ բարձրահասակ է, այո՛ այդ սև հոնքերով, նիհար աղջնակը ես եմ: Իսկ հիմա փակիր աչքերդ, երբ ասեմ՝ կբացես, լա՞վ: Սպասիր, սպասիր, ա՜յ հիմա կարող ես բացել: Տեսնո՞ւմ ես՝ ամեն ինչ ի՜նչ հեքիաթային է: Այ, հիմա բարի գալուստ իմ աշխարհ:

Այստեղ միայն մի օրենք կա՝ միշտ ժպտալ ու օգնել բոլորին: Դե, արի: Նայիր արևին, լուսնին, աստղերին, ծառերին, ծաղիկներին, շենքերին ու կենդանիներին: Մի՞թե չտեսար: Այստեղ ամեն ինչ հիասքանչ է, կատարյա՜լ: Ա՜խ, իմ աշխարհի մաքուր օդը: Քայլիր, վազիր, գոռա, ծիծաղիր, ժպտա, ապրիր: Չէ, մի նայիր այն կողմ, այնտեղ ես խախտում եմ օրենքն ու անտեսում աշխարհս: Հա, ես նորից լալիս եմ: Տե՛ս, ես ծնկաչոք եկեղեցում լալիս եմ: Տեսնում ես, չէ՞, իմ աշխարհում ամեն ինչ նորմալ է, իսկ ես տխուր եմ: Հարցնում ես՝ ինչո՞ւ: Ասեմ: Իմ աշխարհից այն կողմ էլ աշխարհներ կան, որտեղ օրենքներն ու տերերն ուրիշ են: Տեսնո՞ւմ ես այն բժշկին, որ դուրս եկավ սենյակից ու գլուխը կախեց: Անցանք, անցանք: Մի քանի փողոց այն կողմ կտեսնես ինձ նորից ծնկաչոք ու ուրախ, քանի որ Աստված չի անտեսել իմ աղոթքները, և հիմա բժիշկը լրիվ այլ տրամադրությամբ է սենյակից դուրս գալու:

Նորից մթություն է: Հազարավոր սյուներ փակեցին մեր ճանապարհը: Մի վախեցիր, նրանք մեզ պաշտպանում են: Փակիր աչքերդ: Իսկ հիմա՝ բացիր: Դժվար է խոստովանելը, բայց դու նկատեցիր որ 110 սյուներն անհետացան: Մինչ այս դու այդ սյուներին ուշադրություն չէիր դարձնում, իսկ հիմա նրանց բացակայությունը զգում ես: Նայիր երկնքին: Տե՜ս, նրանք մեզ են նայում արդեն այնտեղից: Նրանց ես «եղբայր» եմ անվանում, մյուսները՝ «հերոս»: Ինչպես հասկացար, ես նորից արտասվում եմ:

Տեսնո՞ւմ ես այն փուչիկներով աղջկան, որը որքան հնարավոր է շուտ, ուզում է հասնել հիվանդանոցի դռներին: Հասավ, տեսավ, գրկեց, արտասվեց: Օ՜հ, իմ սիրած պահը: Դե՛, արագ քայլիր: Հիմա դու տեսնում ես իմ աշխարհի ամենածաղկած պարտեզը, այնտեղ մի կին է նստած համակարգչի դիմաց: Հա, համաձայն եմ՝ շա՜տ հոգնած տեսք ունի: Մայրս է: Իսկ այդ մռայլ պատերով սենյակը՝ նրա աշխատասենյակը: Գիտե՞ս՝ հիմա նա ինչ է կարդում: Իմ այս նյութը, այս տողերը, քանի որ սա իմ առաջին նյութն է, որը մինչ ուղարկելը նրան ցույց չեմ տվել: Հե՜յ մամ, բարի ընթերցում: Գնանք, թող կարդա:

Այնտեղ տես, ես կանգնած եմ նախագահի կողքին ու ինձ նկարում են: Մեր ճանապարհը ի՜նչ հարթ է դարձել: Երևի նկատեցիր, որ իմ աշխարհի արևն սկսեց ավելի պայծառ շողալ: Ասես արևի մեջ տառ առ տառ գրված լինի «եր-ջան-կութ-յուն»: Հիմա մենք հասել ենք իմ կյանքի ամենապայծառ պահերից մեկին, այստեղ արևի աստղային ժամն է: Դե, ցո՛ւյց տուր, ա՛րև, ինչի ես դու ընդունակ: Ցավեցրե՞ց երևի աչքերդ: Ոչի՛նչ, դիմացիր: Նայիր առաջ: Ահա և իմ երջանկության գագաթնակետը, որը տևեց մոտ երկու ժամ: Տեսնո՞ւմ ես, թե ինչքան մարդ կա իմ կողքին, բայց եթե ուշադիր նայես, կհասկանաս, որ ես այդտեղ մենակ եմ, իմ երազանքի հետ: Հարցնում ես՝ ո՞նց: Նայիր ուշադիր: Ինչքան մարդ է նայում ինձ զարմացած, ու կողքինին թեթև հրում՝ հարցնելով, թե ով եմ ես: Իսկ հիմա ուշադիր նայիր. արդյո՞ք ես նայում եմ ինձ շրջապատող հիսունից ավելի մարդկանց աչքերին: Տես է՜, դու միանգամից նկատեցիր, որ ես նայում եմ միայն մի աչքերի: Նայեն նրանք ինձ, թե ոչ, կապ չունի, ես սիրում եմ այդ աչքերը: Երևի մի քիչ էլ քայլենք: Արդեն երկար ժամանակ է՝ մենք ոչինչ չենք քննարկում, քանի որ ճանապարհի կեսից դու ականջակալներով աղջկա ես տեսնում, որը մեկ լալիս, մեկ ծիծաղում է: Չէ՛, չէ՛, նա չի գժվել, նա ուղղակի սիրում է այ ա՜յն աչքերը, կամ կարոտում, չգիտեմ:

Երևի զարմացար՝ տեսնելով մեր այսքա՜ն երկար ճանապարհին հանդիպած առաջին նստարանը: Եկ նստենք: Հոգնել ես, չէ՞: Իսկ ես՝ չէ: Թեկուզ հազար անգամ էլ անցնեմ այս ճանապարհով, չեմ հոգնի: Նայիր, ի՞նչ ես տեսնում, երբ նստած ես: Ոչինչ, չէ՞: Ես էլ: Կարծես թե մենք վերջն ենք գտել: Բայց նայիր մի կողմ. ճանապարհը դեռ այնքա՜ն երկար է: Մտածում ես, եթե սա վերջն է, ինչպե՞ս է ճանապարհը շարունակվում: Ասեմ: Եթե գնանք այնտեղ՝ քայլելու, դու կմոլորվես: Այնտեղ արդեն իմ երազանքներն են: Մենք չենք էլ կարող քայլել դեպի այդ կողմը, քանի որ այդ ճանապարհն արդեն շա՜տ բարդ է ու նեղ: Ինչո՞ւ նեղ, որովհետև այդ ճանապարհը միայն մեկ հոգու համար է:

Տուր ինձ քո ձեռքի փայտերը, մեխերն ու մուրճը, քանի որ վաղ թե ուշ ես երկրորդ նստարանն եմ կառուցելու: