armine karapetyan

Ձյունը էլի կգա

Ձմեռն եկավ։ Ուրախանում ենք, որ շուտով Նոր տարի է, տարին փոխվելու է՝ իր հետ տանելով ամեն ինչ՝ լավ, թե վատ… Ուրախանում ենք՝ միամտորեն չհասկանալով, որ 2019-ը մեր կյանքի ևս մեկ էջ թերթեց ու շարժեց ժամանակի թափանիվը:

Օրերը վերջերս սկսել են արագ անցնել, երևի զբաղվածությունից է, որ չես էլ հասցնում շունչ քաշել, ու ժամերը թռչում են: Շուտով Նոր տարի է. ես հավատում եմ ամանորյա հրաշքներին, հավատում, որ դրանք իրականանալու միտում ունեն:

Ամանորին շատ երկրներում պատուհաններից դուրս են նետում սենյակի հին, անպետք իրերը ու տարին դիմավորում նորություններով լեցուն: Գիտեք՝ հաճախ մարդիկ շփոթում են կյանքը սենյակի հետ՝ չհասկանալով, որ կյանքը սենյակ չէ, որ չսիրածդ իրերը դուրս շպրտես: Որ տարվա ընթացքում ձեռք բերածդ պիտի ամուր գրկած պահես, որ բաներ կան, որ վաղեմության ժամկետ չունեն ու նրանց պիտի ընդմիշտ գնահատես: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց իրեն՝ 2019-ին, որ պատմության մեջ մեկ անգամ է լինում ու կրկնվելու հատկություն ընդհանրապես չի դրսևորում: Շնորհակալություն իր յուրօրինակության, կորցրած ու գտած մարդկանց, ուրախ ու տխուր պահերի, ամենահիշվող, վայրկյաններ տևող անակնկալների, ամենաերջանիկ ակնթարթների համար:

Եկեք խոստովանենք, որ յուրաքանչյուր տարվա վերջում մենք նույնը չենք, ինչ եղել էինք: Գոնե մի փոքրիկ մաս փոխվել է մեզնից, ու տարին գլորել է մի վատ բան դեպի անդունդը: Թող տողերս պաշտոնական չթվան. ոչինչ չեմ չափազանցնում: Այսօր արդեն մենք բացել ենք ամենասիրուն ձմռան ճերմակ թուղթը ու պատմություն ենք գրում՝ ինչպես նոր եկած փափուկ ձյան վրա սովորություն դարձրած սրտիկներ նկարելը: Հիշո՞ւմ եք՝ ձյունը գալիս էր ու փակում մեր նկարած սրտիկները, ստիպված էինք նորից նկարել կամ էլ ձանձրանալ ու թողնել:

Տարվա մնացած եղանակների նման այս ձմեռն էլ կանցի, ձյունը էլի կգա, բայց չի փակի նկարները, որովհետև էլ չենք էլ նկարում (տարիների ընթացքում փոխվում ենք): Կգա ու իր հաստ շերտը կփռի մեր հոգիներին, որ հետո՝ գարնանը, ձնհալը հոգիներս պատի, որ ներենք ու հասկանանք…

Չեմ շտապում, սպասում եմ Նոր տարվան, սա այն սովորական սպասումներից չէ, որ ես ունենում եմ ամեն զույգ օր՝ ավտոբուսին սպասելիս, սա խորհրդավոր է ու տաք, միևնույն ժամանակ՝ հրաշքներով ու սպասումներով լցված: Սպասումներով լի սպասում։

Դեկտեմբերն աշխարհի ամենաշուտ անցնող ամիսն է: Եթե սկսես գրել նրա մասին, չես հասցնի, գլուխդ խառնվում է, իսկ նա էլ թողնում է ու փախչում: Ու ես երբ արդեն սկսեմ գրել հետտոնական տրամադրությունների մասին կամ ամանորից 2 օր առաջ, էլի կնշեմ այս տողերը, բայց թող այստեղ էլ լինեն․ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարի էլ իմը եղան: