Ճանապարհ դեպի անմահություն

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի տարբեր անկյուններից մարդիկ մեկնել են ռազմաճակատ` կռվելու ֆաշիստական Գերմանիայի դեմ։ Նրանց թվում բացառություն չէին նաև Մալիշկայի տղամարդիկ։ Այդ զինվորների շարքում էր նաև իմ պապիկի հայրը՝ Ռաֆայել պապը։
1941 թվին Ռաֆայել պապը մեկնել է պատերազմ, կռվել Ուկրաինայում։ Տատիկիս պատմելով նա կռվել է մինչև պատերազմի ավարտը։ Նա բազմիցս վիրավորվել է։ 1945 թիվն, դեռ պատերազմը չէր ավարտվել, նրանից այլևս նամակներ չեկան: Երբ ռազմաճակատից վերադարձան մեր համագյուղացիները, հայտնեցին, որ նա անհայտ կորել է։ Նրանք իրենց հետ բերել էին մեդալներ, ռազմական հագուստ և իրեն պատկանող այլ իրեր։

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Ես միշտ հետաքրքրվել եմ Ռաֆայել պապից։ Հարցրել տատիկիս նրա մասին և ցանկացել եմ միշտ ավելին իմանալ նրա մասին։ Մի օր ամեն անգամվա պես տատիկիցս հարցրեցի նրա մասին։ Այս անգամ նա ասաց մի բան, որն ինձ ցնցեց։ Նա ինձ ասաց, որ այդ տարիներին լուրեր էին պտտվում նրա ողջ լինելու մասին։ Չգիտեմ, իրական էր այդ լուրը, թե չստացած «սև թղթի» պատճառով պապիս ընտանիքը դեռ նրա վերադառնալու հույսը չի կորցրել, ինչևէ, անցածը հետ չես բերի։ Բայց ես հպարտ եմ և միշտ էլ հպարտացել եմ նրանով։ Նրա նկարն այժմ կախված է դպրոցի միջանցքի պատից, իսկ անունը գրված է գյուղի Հայրենական մեծ պատերազմի հիշատակին նվիրված պատվանդանի վրա։

Սերյոժա Բաբոյան

***

Ողջու՛յն, եղբա՜յր

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Դպրոց հաճախելու պրոցեսից ամենաշատը սիրում եմ գնալն ու գալը։ Սիրում եմ, երբ գնալիս ընկերներով կիսվում ենք իրար հետ զանազան նորություններով, հետաքրքիր պատմություններով և այլն։ Իսկ գալիս՝ քննարկում ենք անցած օրը, գնահատելով այն 10 բալանոց համակարգի միջոցով։
Բայց մեր ճանապարհին կա մի բան, ինձն ամենից շատն է հետաքրքրում և դուր գալիս։ Դա՝ անհայտ զինվորի հուշարձանն է, որին մենք ուղղակի հուշարձան ենք անվանում, իսկ ոմանք, ալարելով գործի դնել լեզվի մկանները, պարզապես «հուշ» են ասում։ Ճիշտն ասած, ես դեմ եմ այդպես դիմելուն։ Ինչպես կարելի է հայրենիքի ազատության համար զոհված ազատամարտիկների պատվին կանգնեցրած հուշարձանը ժարգոնային, կրճատ բառով անվանել։ Լավ, ինչևէ․․․

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Այդ արձանի մեջ կա մի բան, ինչն ամենից շատն է ինձ գրավում։ Դա նրա վեր պարզած ձեռքն է։ Այդ անհայտ զինվորը կարծես թե ուրախանա մեր հայրենիքի ազատության ու անկախության համար, այդ ուրախությունը միշտ փոխանցվում է ինձ, և ես, միշտ ուրախ եմ մտնում դպրոց։ Ամեն անգամ այդ հուշարձանին նայելիս, ես պատկերացնում եմ հայրենիքի պաշտպանի ուրախ, պարզ, հպարտ ու երջանիկ դեմքը։ Նա կարծես թե անգամ իբրև քարե արձան, պահպանում է մեր խաղաղությունը և ամեն անգամ բարևում ինձ։ Ես էլ իմ հերթին, հպարտությամբ լի, մտքիս մեջ պատասխանում եմ նրան․
-Ողջու՛յն, եղբա՜յր։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Նարեկ Բաբայան