Մայրամուտի երանգները

Շատ եմ սիրում մայրամուտը: Ամեն օր երեկոյան դուրս գալով տանից` զարմանում եմ, թե ինչպիսի հրաշք է ստեղծել բնությունը: Նայում և չեմ հագենում: Արևը կարմրում է: Նրա ճառագայթները, ընկնելով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն, նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր և առահասարակ, ծիածանի բոլոր գույներով: Գույները միաձուլված են մեկը մյուսին: Կարմիրը, սկիզբ առնելով արևից, ձուլվելով նարնջագույնին, անցնում է դեղինի, դեղինը` վարդագույնի, իսկ այդ ամբողջ տեսարանը շողշողում է արդեն խամրող երկնագույնի վրա։


Ամեն մայրամուտ առանձնահատուկ է իր երանգներով։ Մայրամուտն ամենագեղեցիկ նկարներից է, որ նկարել եմ կյանքումս։ Ամեն անգամ վայելում եմ մայրամուտը և մտածում, որ ամենակարող է Աստված, միայն նա կարող է շրջակա միջավայրը ներկել այսպիսի գեղեցիկ գույներով։
Սիրում եմ մայրամուտը, սիրում եմ մենակ նստել ու նայել արևին, դա լավագույն ժամանակն է մտածելու, որ չնայած կյանքի անարդարություններին՝ կյանքն իր մեջ ունի նաև լավ կողմեր՝ գեղեցիկ բնություն, բարություն, որ մնացել է քիչ մարդկանց մեջ, սեր և մի փոքր հավատ դեպի լավը…Կյանքում լինում են պահեր, որոնց համար արժե ապրել, և դրանցից մեկը մայրամուտն է:


Ամեն անգամ նայելով մայրամուտին՝ հիշում եմ հայտնի հեքիաթից մի հատված.
«Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է մայր մտնում արևը: Գիտե՞ս, երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը:
-Ուրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխուր»: