«Մանանա» կենտրոնը պարգևատրվել է

Հուզիչ և պարտավորեցնող լուր

«Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնը  պարգեւատրվել է Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության  պատվոգրով: Պատվոգրիրը «Մանանա» կենտրոնին տրվել է առաջին հերթին Հայաստանի պատանի լրագրողների ցանց ստեղծելու համար: Վերջին առնվազն չորս տարվա ընթացքում կենտրոնը լրագրության, ֆոտոլրագրության ու դոկումենտալ կինոյի գործնական դասընթացներ է անցկացրել հազարից ավելի երիտասարդների համար: Արդյունքում այժմ պատանի լրագրողների ցանցն արդեն միավորում է 14-25 տարեկան ավելի քան ութ հարյուր թղթակիցներ Հայաստանի 10 մարզերի բազմաթիվ քաղաքներից ու գյուղերից, որոնց թիվը շարունակում է աճել:

Քաղաքացիական լրագրությունը պրոֆեսիոնալ լրագրության հետ համադրող այս ցանցի աշխատանքը փորձում է լրացնել երկու մեծ բաց, որն առկա է ներկայիս հայաստանյան մամուլում. նախ  հնարավորություն է տալիս պատանիներին ու երիտասարդներին արտահայտվել իրենց հուզող ամենատարբեր թեմաների վերաբերյալ ու լսելի է դարձնում նրանց կարծիքը, եւ ապա ներկայացնում է երկրի մարզերի, նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի հասարակ մարդկանց կյանքն ու խնդիրները «ներսից»` մարդակենտրոն պատմությունների միջոցով:
Պատանի լրագրողների հոդվածները, լուսանկարներն ու ֆոտոպատմությունները, վավերագրական ֆիլմերն ու վիդեոռեպորտաժները զետեղվում են թե հատուկ այդ նպատակով ստեղծված ու ամենօրյա ռեժիմով թարմացվող կայքում (www.17.am), թե տպագրվում են իրենց իսկ ուժերով հրատարակվող ամսագրում, և թե տրամադրվում են այլ լրատվամիջոցների:

«Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի կողմից պատրաստված պատանի լրագրողները մոտ ապագայում ոչ միայն կհամալրեն Հայաստանյան լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ շարքերը, այլեւ հաջողությամբ կարող են թղթակցել սփյուռքի հայկական լրատվամջոցներին։