Մանուշակագույն սպասումներով

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Հայաստանում վերջին ժամանակներս մեծ տարածում է գտել հարավկորեական փոփ երաժշտությունը: Ամեն տարի երիտասարդները իրենց սիրելի խմբերի համար կազմակերպում են համերգներ, ֆլեշմոբեր, հավաքույթներ։ Այս տարի էլ «Բանթան» (BTS՝ 7 անդամից բաղկացած հարավկորեական բոյ-բենդ) խմբի երկրպագուները` «Արմի»-ները (այդպես են կոչում խմբի երկրպագուներին) կազմակերպել էին ֆլեշմոբ, որը նվիրված էր խմբի 5-ամյակին:

«Եթե «Բանթանն» ու «Արմի»-ն միասին են, անծայրածիր լաբիրինթոսը դրախտ է․․․

Իմ ներսի գալակտիկա՝ Բանթան…»։

Ահա այսպիսի խորագիր էր կրում ֆլեշմոբը, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում։ Տեղի ընտրությունը պատահական չէր. Բանթանի տղաները արվեստի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեն, և Գաֆէսճեան քանդակների պարտեզն էլ «Արմի»-ների համար լավագույն ընտրությունն էր։ Ֆլեշմոբի նախաձեռնողներն էին Ազարյան Գայանեն, Եղիազարյան Սեդան, Մխիթարյան Հասմիկը, Հախվերդյան Աննան և Ռուշանյան Անահիտը, իսկ նրանց գործընկերն էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Նախաձեռնողները համակարծիք էին այն հարցում, որ եթե տղաները տեսնեն տեսանյութը, հաստատ կհետաքրքրվեն Գաֆէսճեան քանդակներով, քանի որ մեծ սեր ունեն արվեստի նկատմամբ: 

Հարցիս, թե ինչու որոշեցին հենց ֆլեշմոբ կազմակերպել, Գայանե Ազարյանը պատասխանեց.

-Առանձնահատուկ պատճառ չկա: Ուղղակի ընկերուհուս հետ 2015թ․-ից սկսած՝ ինչ-որ բան կազմակերպում էինք այդ օրը։ Սկզբում ավելի նեղ շրջանակով, իսկ օրինակ, անցած տարի համերգ կազմակերպեցինք, այս տարի էլ որոշեցինք ֆլեշմոբ կազմակերպել:

-Ինչպե՞ս անցան կազմակերպչական աշխատանքները։

-Բարդ էր. մինչև վերջին պահն էլ բարդ է եղել: Ժամանակահատվածն այնպիսին էր, որ բոլորս քննություններ ունեինք, շատերս անգամ ավարտական, գիշերները նստում քննությանն էինք պատրաստվում, առավոտյան քննություն հանձնում, հետո ողջ օրը այգում պարում էինք, երևի օրական 2-3 ժամ ենք քնել: Խնդիրները, մարդկանց թերահավատությունը մեզնից անպակաս էին, բայց «Արմի»-ն հանձնվել չգիտի։ Ինչքան մերժում էինք ստանում, ինչքան վատ կարծիք էինք լսում, ինչքան բարդ էր լինում, հիասթափվելու, ձեռքերս վայր դնելու փոխարեն ավելի շատ էինք աշխատում, ու հիմա կա այն, ինչ կա: Սա մեր արած և չարած գործերի արդյունքն է:

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

-Ինչպիսի՞ն էր մթնոլորտը ֆլեշմոբի ժամանակ։

-Ֆլեշմոբի ժամանակ մթնոլորտը հիասքանչ էր: Բոլորը բարձր տրամադրություն ունեին, «Արմի»-ներից բացի բազմաթիվ մարդիկ էին եկել. թե՛ զբոսաշրջիկներ, թե՛ հայեր՝ տարբեր տարիքի, սեռի, բնավորության, և ուրախ եմ, որ այդ պահին մարդկանց դեմքերին հիմնականում հետաքրքրություն ու ժպիտ էի տեսնում: Դիտողների շարքում է եղել անգամ հայ դերասան Հրանտ Թոխատյանը: Ճիշտ է, անձամբ նրան չեմ տեսել, բայց շատերից եմ լսել նրա ներկայության մասին:

Կարևորը՝ բոլոր ներկաները գոհ մնացին, իսկ մենք մեր թերությունները լավ գիտենք, և մյուս անգամ կաշխատենք դրանց վրա, որ էլ ավելի լավ ներկայանանք։ Չէ՞ որ մենք մեր սիրելի խումբն ենք ներկայացնում:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք։

-Երևի ամենամեծ ցանկությունն այն է, որ «Բանթանը» տեսնի մեր ֆլեշմոբը: Ուզում ենք՝ իմանան, որ Հայաստանում էլ կան իրենց սիրող տաղանդավոր մարդիկ:

Ֆլեշմոբին ներկա բոլոր մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր հարավկորեական փոփ երաժշտությամբ հետաքրրված չէին, մեծ ուշադրությամբ և հաճույքով էին հետևում ֆլեշմոբին: Սիմվոլներից մեկին՝ մանուշակագույնին էին միախառնվել նաև պարողների գույնզգույն վարսերը, որոնք վառ տրամադրություն էին հաղորդում ներկաներին: Եվ այդպիսի հիասքանչ տրամադրությամբ էլ ավարտվեց ֆլեշմոբը. գրկախառնություններով, պարերով, ժպիտներով ու մեծ սպասումներով։