Մատաղիսի հերոս Սոսը

Շատ դժվարությամբ եմ կարողացել գրիչը ձեռքս առնել, որ գրեմ թե ինչ էինք զգում, ոնց էինք սրտի արագ թփթփոցով ապրում ու ոնց էինք կամաց շնչում, որ հանկարծ  լուրերից ոչ մի բառ կիսատ չլսենք։ Գիտեմ, որ մեր զգացածը ոչ մի բան էր սահմանում կանգնած զինվորի  զգացածի համեմատ։ Գիտեմ, որ սահմանին կանգնածները  ուրախանում էին, որ այս անգամ էլ զգացին խրամատի խոնավ հողի բույրը, ուրախանում էին, որ էս անգամ էլ պայթող արկերի բաժինը չեն դարձել ու մեկ անգամ  ևս հնարավորություն է ընձեռնվել տեսնելու իրենց ընկերներին, նրանց անքուն աչքերը, ծխից ու մրից սևացած երեսները։ Ու յուրաքանչյուրը մի պահ կտրվում է պայթող արկերից, մրոտ երեսներից,  անքուն աչքերից  ու մտովի տեղափոխվում է տուն, ուր բոլորը սպասում են իրեն։

Պատերազմը ավարտվեց մեծաթիվ զոհերով ու բոլորիս հոգիներում թողեց խորը ու անբուժելի վերք։ Պատանիներ, ովքեր  հանուն հայրենիքի չխնայեցին իրենց կյանքը ու գիտակցաբար նետվեցին մահվան գիրկը։ Այդ խիզախներից էր նաև մանկությանս ընկեր Սոսը, ում հետ մինչև ուշ գիշեր պահմտոցի էինք խաղում։ Մոտ տասը տարի կլիներ, որ չէի տեսել նրան,  բայց տարիները չէին փոխել այն  գեղեցիկ, հմայիչ ու ընկերասեր երիտասարդին։  Դեռ պատերազմի օրերին տեսնում էի Սոսի մայրիկին լացակումած ու թախծոտ աչքերով, միշտ ուզում էի մոտենալ ու հարցնել, թե ինչ նորություն կա տղայից, բայց ոչ մի անգամ համարձակությունս չէր հերիքում։  Մի օր ուժ գտա իմ մեջ ու գրեցի Սոսի քրոջը՝ Արաքսին ու խնդրեցի, որ ինձ պատմի եղբորից։

Պատմում է Արաքս Փորքաշյանը.

-Սոսն  իմ հերոսն է, իմ հպարտությունը: շատ ուշադիր, հոգատար ու բարի տղա էր։ Օգնում էր բոլորին իր ուժի չափով, ուներ ընկերական մեծ շրջապատ, որտեղ իրեն սիրում ու հարգում էին բոլորը։  Տանը չորս երեխա էինք, բայց նա էր մեր միջի յուրահատուկը, բոլորը նրան սիրում էին, բայց երբեք երես չի առել այդ սիրուց: Միշտ հավասարակշված էր ու լուրջ։ Հորս օգնականն էր, որտեղ հայրս էր` այնտեղ ինքն էր, մորս  պարծանքն էր, ու հետը շատ էր կապված: Այնպիսի մի տոն չի եղել, որ ծաղիկը ձեռքին տուն չմտնի ու չշնորհավորի։ Երբ լրացավ Սոսի տասնութ տարեկանը, ծանուցում ուղարկեցին, որ ծառայի Հայոց բանակում:

Տասն օրով  զինվորական արձակուրդ էին տվել, պետք է գար տուն, բայց․․․

Բայց չեկավ, ասել էր, որ չի պատրաստվում դիրքում կանգնած ընկերներին մենակ թողնել ու գալ տուն։

Ամեն անգամ  խոսելիս  ասում էր. «Քուրս, հանկարծ չնեղվեք, լուրեր մի նայեք, ինչ ասում են` սուտ ա, ոչ մեկին մի հավատացեք, ամեն ինչ լավ ա լինելու»:

Շատ դժվար եմ կարողանալու համակերպվել այն մտքի հետ, որ էլ չի գալու, չի զանգելու ու ասի, որ լուրեր չնայեմ, որովհետև բոլորը խաբում են։ Դժվար եմ կարողանալու համակերպվել, որ տանը սեղան նստելիս չի զբաղեցնելու իր պատվավոր տեղը ու լուրջ դեմքով կատակներ անելու  ու սեղանի մոտ այդ պատվավոր տեղը միշտ բաց է մնալու, ականջներս էլ կարոտ այդ կատակներին։

Ափսոսում  եմ, որ մեր վերջին խոսակցության ժամնակ  չեմ ձայնագրել ոգևորող խոսքերը, որ ամբողջ կյանքում  գոնե ձայնից կարոտս առնեմ։ Շատ եմ կարոտում, կարոտիս չափ ու սահման չկա։

Սոսի ընկերներից մեկն էլ ինձ պատմեց, որ չի ուզում անցյալով խոսել նրա մասին:  Ուղղակի չի ստացվի, միայն կասեմ`  լավ եղբայր է իր քույրերի համար, հիանալի  տղա,  ով գիտի` իրեն ինչպես պահի շրջապատում:  Սոսը շատ կատակասեր է, բայց դրա հետ մեկտեղ` լուռջ։

Սոս Արարատի Փորքաշյանն  ապրել է Աբովյան քաղաքում, ծառայել  Մադաղիսում:  Հոկտեմբերի 9-ին պատերազմի թեժ մարտերի ժամանակ ստացել է բեկորային վնասվածք, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել։ Տանեցիներին ասել են, որ մահացել է։ Մի քանի օր անց ասել են, որ վիրավոր է ու գտնվում է հոսպիտալում, ծնողներն ու հարազատները ուրախացել են ու մտածել, որ աշխարհում հրաշքներ լինում են։ 57 օր փնտրելուց հետո իմացել են, որ մահացել է հոկտեմբերի 9-ին։  Ամբողջ Աբովյան քաղաքը հավատում էր հրաշքին ու  մինչև օրս էլ սպասում Սոսին։