serine harutyunyan

Մարած լույսի, փակ դռան ու էլի շատ բաների մասին

Հարևանիս տան դուռն էլ, Կոթիի շատ ու շատ տների դռան նման փակ է: Ու ինձ համար հիմա էլ նույն երազանքն է. երանի մի օր բացվի ու էլ չփակվի, երանի մի օր տան ջահելները հետ գան, բացեն տան դուռն ու իրենց ապագան կերտեն պապական տանը, հայրենիքում, թեկուզ սահմանին, բայց՝ հարազատ օջախում:

Տանտիրուհին՝ Ռոզիկ տատը, չնայած վեց զավակ ուներ, այնուամենայնիվ մենակ էր ապրում արդեն երկար տարիներ: Անցյալ տարի աշնանը մահացավ: Քանի ամիս է` չեմ լսում նրա «հաճուխ»-ն ու «ջու-ջու»-ն: Ռոզիկ տատը հանգիստ նստել չէր սիրում, ամբողջ օրը գործ էր անում, նրան օրվա մեծ մասը կարելի էր տեսնել այգում: Հաճախ էլ Ռոզիկ տատին տեսնում էի իր հավերի կամ շան հետ խոսելիս: Նա մի հետաքրքիր սովորություն ուներ՝ երբ հարևաններից մեկը կանչում էր իր հավերին, ինքն էլ էր սկսում կանչել, ու խեղճ հավերը չէին հասկանում, թե որ կողմ գնան:

Հաա՜, մեկ էլ հիշում եմ, որ միշտ ասում էր, թե հավերը երեք տարբեր հավանոցներում է պահում: Խնդիրը շատ հավ ունենալը կամ հավանոցի փոքր լինելը չէր:
-Եթե գողանան կամ դալեն (հավ խեղդող կենդանի)  մտնու խեղդե, գոնե չիմ չվերանան,- բացատրում էր միշտ Ռոզիկ տատը:
Ռոզիկ տատը չկա, բայց նրա այգին անմշակ չի մնալու: Տղան ու հարսն են Նոյեմբերյանից եկել: Նրանք Ռոզիկ տատի կենդանության ժամանակ էլ միշտ գալիս էին, օգնում նրան: Հիմա էլ եկել, ցանկապատը վերանորոգել են, փորում են, ցանում: Ուրախանում եմ, երբ դասից գալիս եմ ու տեսնում, որ նրա այգում մարդիկ կան, որ այգուց գյուղատնտեսական գործիքների ու մարդկանց ձայներ են լսվում, ու ինքս ինձ ասում. «Ինչքա՜ն լավ կլիներ, որ հիմա էլ Ռոզիկ տատի տան լույսը մարած չլիներ, որ նրանից հետո նրա տան դուռը չփակվեր»:
-Տեսնում եմ, որ ամեն տարի գալիս, օգնում էիք Ռոզիկ տատին, իսկ ինչո՞ւ գյուղում՝ նրա մոտ չէիք ապրում, ձեզ մո՞տ էլ նույն՝ աշխատանք չլինելու խնդիրն էր, որ գնացել եք քաղաքում ապրելու,- հարցնում եմ ես Ռոզիկ տատի որդուն ու հարսին:
-Դե, ընդով ամեն տեղ էլ կար,- պատասխանում են նրանք:-Էն ժամանակ, որ մենք գնացել ենք, ամեն տեղ էլ աշխատանք կար: Հըմի ընդեղ էլ չկա, բայց դե արդեն հենց չի գյուղի վիճակը, որ մենք գանք, գյուղում մնանք, բալիկ,- հոգոց հանելով պատասխանում է տիկին Սիլվան:
-Դհենց էլ գրիլ տի՞ս, բալիկ,- կատակում է պարոն Անաստասը:
-Դե հա, որ բառերը փոխեմ, նյութիս համ ու հոտը կկորչի,- պատասխանում եմ ես ժպտալով:
-Հա բա, մեր գյուղական բարբառը պետք ա ըլի,- ասում է տիկին Սիլվան, հետո շարունակում,-դե տենց, էլի, աշխատանքը պատճառ չի: Էս ընտանիքը բազմանդամ ընտանիք ա էլել, պետք ա  բաժանվեինք գնայինք, էլի: Հըմիկ էլ դե տատիկը մենակ էր, գալիս էինք, օգնում էինք:
Ինչ վերաբերվում է աշխատանքին՝ պարոն Անաստասն ասում է.

-Ընդով աշխատանք շատ կար, էէէ՜, ստի էլ, ամեն տեղ էլ կար, կարեիր երեք տեղ աշխատես:
Տիկին Սիլվան էլ հավելում է.

-Ընդով հաա՜, ինչ կար, էէ՜… Ապրելուն, հըմի ա, որ լրիվ ավարտած, դիպլոմը ձեռներին, տեղ չկա աշխատելու: Հըմի իմ աղջիկը 2-րդ կարմիր դիպլոմը կստանա, բայց տեղ չկա, որ աշխատի, չգիտենք` ոնց տենք անի, որ տեղ ճարենք:
-Պետք ա տեղ ըլի, որ ճարես, որ կա ոչ, որդե՞ն ճարես,- կես կատակ-կես լուրջ ասում է պարոն Անաստասը:
Ավարտում եմ խոսակցությունս, հաջողություն մաղթում հարևաններիս ու գնում տուն: Մտածում եմ, հասկանում, որ ինչքան էլ նրանք աշխատանք չլինելու պատճառով չէ, որ հեռացել են գյուղից, այնուամենայնիվ այսօր նրանք էլ շատ-շատերի նման նույն հարցի առաջ են կանգնած: Այն հարցի, որի պատճառով արտերկիր են գնացել Ռոզիկ տատի մյուս որդիներն ու թոռները: Այն հարցի, որի պատճառով այսօր նրա տան լույսը չի վառվում, նրա տան դուռը ուշ-ուշ է բացվում: Ու էլի տարբեր ընտանիքներում շատ ու շատ բաներ չեն լինում հենց այդ հարցի՝ գործազրկության պատճառով:
Ռոզիկ տատն էլ չկա, բայց ես գիտեմ՝ որդին չի թողնի, որ նրա այգին անմշակ մնա:
Շունը, որի հետ Ռոզիկ տատը զրուցել շատ էր սիրում, օր ու գիշեր հսկում է տան դուռն ու կտուրը:
Ես, որ այն ժամանակ դժգոհում էի հարևանիս ամբողջ օրը «ջու՜-ջու՜» կանչելուց, հիմա տխրում ու կարոտով եմ հիշում այն օրերը, երբ Ռոզիկ տատի ձայնից հոգնած փակում էի ականջներս:

Կարոտում եմ, երանի տալիս այն օրերին, որ Ռոզիկ տատի տան լույսը վառվում էր, դուռն էլ՝ ամեն օր էր բաց…

Մարտ, 2016թ.