Մարդակատու

Սիրում եմ ամեն երեկո՝ քնելուց առաջ, դուրս գալ, նստել մեր տան բակի բազկաթոռին ու նայել աստղերին: Նայել ու մտածել, երազել, վերլուծել օրս, լսել ծղրիդների ձայնը, որ ամենալավ երաժշտությունն է գիշերվա այդ ժամին կամ ուղղակի նայել լուսնին  և  հիանալ նրա չքնաղ շղարշով:

Այսօր էլ ես չդավաճանեցի իմ վաղեմի սովորությանը ու դուրս եկա տնից: Խավարը հասցրել է իր մութ գույներով ներկել հորիզոնը, որտեղ միայն տեղ-տեղ գծագրվում են տանիքների կտուրները: Օդը կարծես կանգնած լինի: Ոչ մի քամի չկա: Միայն լսվում են ծղրիդների ձայներն ու տնից եկող ինչ-որ շշուկներ: Անթարթ  հայացքս լվացքի պարանների միջով սավառնում է երկինք, փնտրում աստղերին հասնող ուղին ու…

-Մյաու:

Հայացքս թեքվեց նրանց կողմը՝ այդ երկու փոքրիկ արարածներին, ու դառը ժպիտը սառեց երեսիս: Այսօր առավոտյան նրանք չորսն էին՝ մայրը և երեք ձագուկները: Հիշում եմ, թե ինչպես կեսօրին տեսա նրանց: Մայրը մի մուկ բերանին վազեց ձագերին կերակրելու: Երկու ճարպիկները իրար ձեռքից խլելով կերան մկնիկին, իսկ երրորդը, որին չհասավ այդ օրվա համեղ ճաշիկից, թաթերով կախվել էր մոր բերանից ու խնդրում էր կերակրել իրեն: Հուսահատ մայրը նայեց աջ ու ձախ, հետո ճարը կտրածի նման պառկեց գետնին, որպեսզի կաթով կերակրի ձագին: «Դե, դու մայր ես, փիսո՛ ջան, իսկ դրանով ամեն ինչ արդեն ասված է», – մտածում էի ես այդ պահին:

Նրանք չորսն էլ շատ ուրախ էին, որովհետև միասին էին, իսկ հիմա…

«Ի՞նչ եղան քո ձագերը, հը՞, փիսո: Ո՞ւր կորան: Ո՞վ ա դրա համար մեղավոր… Մենք, իհարկե, որ տվեցինք քո ձագերին ուրիշին առանց քո կամքը հարցնելու: Իսկ դու հիմա տխուր ես…Մենք բաժանեցինք ձեզ ու մի վայրկյան անգամ չմտածեցինք, որ դու կարող ես դրանից ցավ զգալ…»,- ակամա մտածում եմ ես:

-Փիս՜, տխու՞ր ես,-  հարցրի ես նրան,- գիտե՞ս հիմա ձագերդ ապահով տեղում են, մի՛ տխրի:

Կարծես իմ մխիթարանքը տեղ չհասավ: Նա միայն ծանր թարթեց կոպերը, ու մի դառը «մյաու» թռավ նրա բերանից: Հետո թաթերով գրկեց ձագին ու կատվային հայացքն ուղղեց հեռուները:

-Չէ, փիս, դու իսկական մարդ ես, մարդակատու: Քո «մյաու»-ի մեջ այնքան ցավ կար, որ երբեք դա չի ջնջվի իմ հիշողությունից: Գիտես… Աստված մարդկանց լեզու է տվել, որ իրենց զգացմունքներն արտահայտեն, որ հասկանան իրար, իսկ քեզ ընդամենը էդ «մյաու»-ն  է տվել, բայց երբեմն մարդիկ չեն կարողանունում հազարավոր բառերով արտահայտել իրենց զգացմունքները, իսկ քո մի «մյաու»-ի մեջ մի ամբողջ աշխարհ կար, մի մեծ ցավ:

«Արդեն զգում եմ, որ չեմ կարողանում զսպել արցունքներս: Ախ՜, Աստված իմ, ինչո՞ւ եմ այսքան լացկան դարձել»:

Հետո դարձա փիսոյին:

-Փի՛ս, հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ սիրահարվեցիր: Սովորական փողոցային կատու Էր: Մի քիչ գզգզված տեսք ուներ, բայց դե, դու դրան ուշադրություն չդարձրիր: Կանչում էիր, ու այն կերը, որ քեզ համար էր, տալիս էիր նրան: Առավոտյան արթնանում էինք ու տեսնում, որ դուք դեռ թաթերով իրար գրկած քնած եք… Իրոք, հրաշալի սեր էր, բայց…,- երկար ժամանակ լռում եմ,- բայց քո սերն էլ բոլոր ռոմանտիկ պատմությունների նման վատ ավարտ ունեցավ: Նա մեքենայի տակ էր ընկել: Դու օրերով լացում ու իրեն էիր փնտրում: Հիշում եմ, թե ոնց գզզեցիր այն կատվին, որ շատ նման էր նրան: Հա, մենք իրեն բերել էինք ու մտածում էինք, որ դու կկարծես, թե նա է, որ կմեղմանա քո ցավը, բայց ոչ…Հա՛, փիսո՛, դու եզակի ես: Նույնիսկ շատ մարդիկ այդքան զգայուն չեն, ինչքան դու: Դու մեծատառով կատու ես: Ասում են` կենդանիները բնազդով են շարժվում: Հիմա արդեն չգիտեմ բնազդն ինչ է, բայց երևի մարդն էլ է կենդանու նման: Բնազդ, թե մտածելու ունակություն, ի՞նչ տարբերություն…

Արդեն զգում եմ, որ անկարող պիտի լինեմ ականատես լինել այս փոքրիկ արարածների վշտին: Ցած եմ դնում գրիչս ու գնում եմ քնելու՝ այդ կենարար մահվան մեջ խեղդելու այն ցավը, որ ինձ ստիպեց հասկանալ ու զգալ իմ դիմաց նստած այդ երկու կարմիր, փոքրիկ աչքերի տառապանքը: