tatev telunts

Մարդուն մարդ է պետք

Իմ մենակ սենյակում նստած, իմ մենակ ներկայի մեջ պարտադրված ես կարոտում եմ հին օրերը, որոնց մասին երբեք չեմ մտածել: Հիշողությունները գալիս են հեռուներից, այն օրերից, որոնք սկսել եմ ակամա, ավարտել եմ լուսնի հայտնվելուց մի քիչ հետո: Գեղեցիկ է ու առեղծվածային այն միտքը, որ մենք կողքից չենք կարողանում տեսնել, բայց մեր միտքը դա տեսնում է ու մեզ ցույց տալիս: Ինչքան էլ ասենք, որ ավելի լավ է հեռու մնանք մարդկանցից, թունավոր են, կծող, խոցող ու սպանող, բայց երջանկությունն իրական չէ, եթե այն չես կիսում ուրիշի հետ: Ես կարոտում եմ այն օրերը, երբ բոլորս մինչև գիշերվա ուշ ժամը փողոցում խոսում էին, միասին ժամանակ անցկացնում, խաղում: Հետո բոլորս ինչ-որ մի ժամի անհետանում էինք, տունը լիքն էր, ամեն ինչ պարզ էր ու անկեղծ: Ժամանակ, ի՞նչը փոխեց քեզ, կամ ինչո՞ւ փոխեցիր դու մեզ: Հիմա փողոցը դատարկ է, տունս նույնպես, ես էլ դատարկ եմ: Երբեմն կարոտում եմ այն օրերը, որտեղ նախընտրում էի մենակ մնալ, բայց կողքիս առնվազն մի քանիսը կային: Ընդհանրապես չեմ ափսոսում, որ ինձ ուրիշներից մեկ-մեկ հեռու եմ պահել: Պահն էր այդ զգացմունքները խցկում գլխիս ու տրամադրությանս մեջ: Ես ոչինչ չեմ ափսոսում, բայց կարոտում եմ: Մեկ-մեկ մտածում եմ, որ օրերը իրենց առեղծվածային օրինաչափությունը ունեն։ Օրերի մի շարք կա, երբ ամեն ինչ ջերմ է, աննկատ ու արագ, հետո կամաց-կամաց ամեն ինչ կորչում է, դու էլ խելքդ ես կորցնում, ուզում ես պահը կանգնեցնել, որ ամեն ինչ ավելի չկապտի, մեկուսացնի, մենակեցնի:

Դեմքիս միմիկաները սառում ու կանգնում են, երբ մտքերս ու հիշողություններս են ինձ հյուր գալիս ու սատանայի ձայնով, սրտիս զարկերակները քաշքշելով գլխուղեղիս մեջ կտկտացնում: Ու ես հիշում եմ, որովհետև կարոտում եմ, կարոտում եմ, որովհետև էլ չկա, էլ չկա, որովհետև ինձանից տարել են, ինձանից տարել են, որովհետև ես չեմ պահել: Ու որովհետև գնացածները էլ նույնը չեն լինում, եթե հանկարծ գալիս են։ Ինձ մնում է հուսալ, որ նոր եկողներն էլ կլինեն աննկատ, պարզ ու անկեղծ, որ հետո հիշելուց աչքերիս առաջ տատանվող պատկերներն ու ֆանտազիաները ներսս սիրուն կոտրեն էն զգացումով, որ կարոտում եմ, բայց չեմ ափսոսում:

Մինչ նոր հիշողություններ: Մինչ նոր մտքեր: