Մարդու «բաղադրատոմսը»

Բարև, ես Իննան եմ: Ու ես կարծում եմ, որ մարդու ամեն փոքրիկ արարք շարունակում է ստեղծել հենց իրեն՝ մարդուն: Ամեն միտք, ամեն խզբզած նկար, ամեն կարդացած գիրք, ամեն քնքուշ խոսք կամ վիրավորանք, ամեն ավտոբուս, տաքսի, մարշրուտկա նստել կամ չնստել, ամեն հագած կամ ժամերով ընտրած շոր, ամեն ծախսած գումար, հեռախոսի կամ համակարգչի desktop-ի նկար, ամեն լավ գործ և օգնություն: Ամեն մի ընկերն ու բարեկամը շարունակում է ստեղծել մարդուն, և անպայման բոլոր-բոլոր նախնիները, որոնք դեր են ունեցել մարդու՝ լույս աշխարհ հայտնվելու մեջ:
Ես արդեն վաղուց հավատում եմ, որ մարդու կերպարի բոլոր փոքրիկ բաղադրիչները իրար հետ շա՜տ սերտ կապի մեջ են, այն է. աչքերի կողքի փոքրիկ կնճիռները, ժպիտը, մազերի ու մաշկի գույնը, նիհարությունն ու գիրությունը, շարժուձևը, որոշումներ կայացնելու առանձնահատկությունները, աշխարհով հետաքրքրվածության աստիճանը, բնավորությունը, փորձը, հիշողությունները, կարծիքները ամեն ապուշ բանի մասին, կրթությունը, ձգտումները, ճաշակը, երազանքներն ու երազները, աշխատելու ու հանգստանալու ձևը, սիրած զբաղմունքները, նախընտրելի խմիչքները ու հազար ու մի բան, որոնց միտքը ընդհատվեց, քանի որ ինչ-որ բան ասաց քույրս:
Եվ դա է պատճառը, որ այլևս վաղուց չեմ հավատում, երբ գեղեցկությունն ու, այսպես կոչված, «ներքին» հատկանիշներն իրար հակադիր են դնում: «Աղջիկը այդքան էլ գեղեցիկ չէ, բայց շատ բարի է», կամ «Սիրուն չի, բայց լավ մարդ ա»: Չկա բայց, կա ամբողջականություն, որ չի մասնատվում, բայց զգացվում է միշտ:
Լավ: Իսկ եթե իմ ամեն մի հատկությունը իմ մասնիկն է, ուրեմն իմ ծուլությունն է՞լ է իմ մասնիկը: Ծուլություն, այսինքն «лень», ու թող անունը լինի Լենա: Լենան շատ լավն է ու տարբեր: Երբեմն անիմաստ ու չվաստակված, որ սկզբից ապուշությամբ է զբաղված, իսկ հետո՝ գլուխը կախում, կարծես, գոյություն ունենալու իրավունք չունի: Իսկ երբեմն՝ շատ տաք, աշնանային, թեյ սիրող, գրել սիրող, մտածել, երազել, ոտքը ոտքին դնել ու… տաքանալ: Երաժշտություն սիրող: Նա է օգնում ինձ երազել, զգալ կյանքիս տարբեր փուլերում կատարվող հոգևոր ու ֆիզիկական փոփոխությունները, նա է ստիպում ինձ գրել, երբեմն խոսել ավել-պակաս, զբաղվել ապուշությամբ, բայց միշտ երազել, ու երազել…