Albina

Մաքուր ջուր

2015թ.-ի նոյեմբեր ամսին մեր գյուղ՝ Լոր, այցելել էր VivaCell MTS-ի գլխավոր տնօրենը՝ մեզ հետ նշելու գյուղի կարևոր իրադարձություններից մեկը՝ ջրերի բացման արարողությունը: Նրանք կտրեցին կարմիր ժապավենը, ու դրանից հետո, իբրև թե պետք է ունենայինք մաքուր ջուր:

Ջրի հարցը մեկ անգամ ևս բարձրացվեց 2016թ.-ին, ու այս անգամ ստացավ վերջնական լուծում: Մի սովորական օր երեխեքով դպրոցից տուն էինք գնում ու տեսանք, որ գյուղից դպրոց տանող ճանապարհը ամբողջովին քանդել էին և շարունակում էին քանդել: Սկսեցինք գյուղացիներից հարցնել, թե ինչի՞ համար են քանդում և ստացանք կարճ ու կոնկրետ պատասխան. «Մաքուր ջուր են քաշում, երեխեք ջան»: Այսպես մեզ պատասխանեց եկեղեցու բակում նստած պապիկներից մեկը: Բոլորս էլ մի պահ ժպտացինք, ուրախացանք, որ վերջապես մեր տներում էլ կլինի մաքուր խմելու ջուր, բայց նաև մի պահ տխրեցինք, որովհետև այլևս չէինք կարողանալու ջուր բերելու նպատակով տանից դուրս գալ և հանդիպել մեր ընկերներին: