Աղվերանի մեդիա ճամբար. Օր վեցերորդ

Մեդիա ճամբարի վեցերորդ օրը, ինչպես միշտ, մեզ էր սպասում նախաճաշը, որը, ի միջի այլոց, անցնում է հրաշալի. այնքան ենք ծիծաղում, որ անգամ մոռանում ենք ուտելու մասին: Հրաշալի նախաճաշից հետո կոնֆերենս դահլիճում քննարկում էր ընթանում, որը վերաբերում էր երեկվա հանդիպմանը Լևոն Քալանթարի հետ: Այնուհետև մենք ունեինք ազատ ժամանակ և քանի որ վերջին օրն էր ճամբարի, որոշեցինք իջնել բակ և լուսանկարվել: Հետո մեզ էր սպասում հավես աշխատանք, մենք վիդիո նկարահանումով պետք է հարցազրույց վերցնեինք երեխեքից ու փոքր ֆիլմ դարձնեինք: Աշխատանքը անցավ շատ հաճելի միջավայրում, ու ինչպես միշտ, այնքան ծիծաղեցինք, որ մտածում եմ՝ կյանքս մի քանի տարով երկարեց:

Օրվա երկրորդ կեսին ավարտին հասցրինք փիքսիլեյշնի նկարահանումները: Ի դեպ, շատ հետաքրքիր անցավ, ու հիմա անհամբեր սպասում եմ վերջնական արդյունքին: Իսկ երեկոյան մասնակցեցինք վարպետության դասի Նանե Սահակյանի հետ: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ Նանեն ևս Մանանայի սան է եղել, իսկ հիմա աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում որպես լրագրող և մոդերատոր: Սկզբում նա պատմեց Մանանայում ունեցած իր ճանապարհի մասին, իսկ հետ մասնագիտական խորհուրդներ տվեց: Զրույցը իրոք շատ հետաքրքիր էր: Լինել այդքան երիտասարդ ու պրոֆեսիոնալ իսկապես մեծ հաջողություն է: Սակայն անկախ ամեն ինչից՝ մենք բոլորս էլ այսօր տխուր ենք, քանի որ վերջին օրն է ճամբարում: Բայց ինչևէ, մենք արդեն մի թիմ ենք դարձել ու շարունակելու ենք շփվել մինչև վերջ ու ամենակարևորը լինել ակտիվ 17.am-ում: