Մեծամորի երեխաները

Ես սովորում եմ Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում: Գերազանցիկ եմ: Շատ եմ սիրում աշխատել թվերի հետ: Սիրում եմ դպրոցում բոլոր առարկաները: Հատկապես ֆիզիկա, հանրահաշիվ, երկրաչափություն, սիրում եմ նկարել: Չեմ զբաղվում սպորտով, բայց սիրում եմ ամենից շատ ֆուտբոլը: Հաճախում եմ մեր կենտրոնի տիկնիկային «Փալանչո» թատրոնի խմբակը: Բեմադրում ենք հիմա «Իսկական ընկերը»: Ես նաև երկրապահ եմ: Հետո ձեզ կպատմեմ, թե դա ինչ է: Սովորում ենք զինվորի պես քայլել, զենք քանդել և հավաքել:

Ինձ անհանգստացնում է մեր քաղաքում ծառերի, թփերի, ծաղիկների պակասը: Կան վայրեր, որտեղ շատ քիչ ծառեր ու ծաղիկներ կան, բայց դրանք երեխաները կոխոտում են, իսկ մեծերը հատում են ծառերը: Չկան աղբամաններ, աջուձախ աղբի կտորներ են:

Արմինե Գասպարյան

Ինձ ամենաշատը հուզում է ծնողազուրկ և տուն չունեցող երեխաների վիճակը: Ես այս մասին կարող եմ անվերջ խոսել: Ինձ հուզում է, թե ինչու են երեխաներին հանձնում մանկատուն և չեն ստեղծում բարեկեցիկ ապագա:

Արփինե Գևորգյան

Ես սիրում եմ խաղալ, լուսանկարել, նկարել: Ես նաև չեմ կարող ապրել առանց սպորտի: Բայց ամենից շատ սիրում եմ փոքրիկ եղբորս: Մենք գրեթե ամեն օր կռվում ենք իրար հետ, բայց էլի հաշտվում ենք: Նաև շատ եմ սիրում բակի երեխաների հետ խաղալ դասերս վերջացնելուց հետո: Մենք բակի տղաներով իրար հետ գնում ենք դպրոց և իրար հետ էլ վերադառնում ենք տուն:

Ինձ ամենից շատ հուզում են պատերազմները: Ուզում եմ, որ ամեն ինչ հանդարտվի: Ուզում եմ, ողջ աշխարհը խաղաղ լիներ, որ բոլորը մոռանային հին թշնամությունը և ապրեն խաղաղ:

Հայկ Կիրակոսյան

Ես ընկերասեր եմ, համառ, դպրոցում սովորում եմ լավ գնահատականներով: Սիրում եմ ամեն ինչից տեղեկություն ունենալ: Չեմ սիրում, երբ ինձ ստում են, դավաճանում: Ներողամիտ եմ:

Հաճախում եմ պատանի երկրապահների խմբակ, որի ընթացքում նախնական գիտելիքներ եմ ստանում բանակային կյանքի և կանոնների մասին: Սիրում եմ դրսում երկար զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ: Ամենաշատը սիրում եմ ծնողներիս, հայրենիքս ու մեծ քրոջս, ով ինձ հետ շատ խիստ է:

Քանի որ մենք ապրում ենք Մեծամորում, ինձ հուզում է ատոմակայանի խնդիրը: Ինչպես պաշտպանվել ատոմակայանի վթարման ժամանակ:

Ինձ հուզում է նաև մեր դպրոցի վերանորոգման խնդիրը: Մի օր կարող է դպրոցը փլվել մեր գլխին: Մեր դպրոցը թանգարան է բաց երկնքի տակ:

Ինչո՞ւ չենք կարող պահանջել ու խոսել նրա մասին, ինչ դուր չի գալիս: Չէ՞ որ աչքը տեսնելու համար է, իսկ լեզուն` խոսելու, հարկ եղած դեպքում նաև պահանջելու:

Հերմինե  Կիրակոսյան

«Ընտանիք և համայնք» հասարակական բարեգործական կազմակերպություն