Margarita Khazaryan

Մեկ տարի առաջ

Մեկ տարի առաջ  պատերազմ անունով մի դաշույն խրվեց մեզնից յուրաքանչյուրի սրտում ու արնաքամ արեց բոլորիս, շատերին ֆիզիկապես սպանեց, իսկ մեզ՝ ընկածների կորստի  ծանր վիշտը կրողներիս՝ հոգեպես։ Մեկ տարի առաջ շատերի կյանքն ավարտվեց հանուն մեզ, և մեր սրտերն էլ քանի՜ անգամ կանգ առան նրանցից ամեն մեկի մահվան լուրը լսելիս։ Բայց մեզ հերոսներ պե՞տք էին։

Մեկ տարի առաջ մենք հայրեր, եղբայրներ ու որդիներ կորցրինք, կորցրինք ծանոթ-անծանոթ հարազատների, որոնցից ամեն մեկի մահվան պատճառը հենց մեզ ենք համարում, ամեն մեկի առաջ մեզ մեղավոր ու պարտավորված ենք զգում։ Պատերազմը  կյանքը, հայրենիքը, սիրելիներին կարևորելու դասեր տվեց, իսկ փոխարենը կյանքեր վերցրեց, այն էլ ինչպիսի՜ կյանքեր։ Ա՜խ, անտանելի բան է պատերազմը։

Տարիներ անց պատմության գրքերում կգրվի այս պատերազմի մասին, վերջում էլ երևի էլի բարոյական հաղթանակ կլինենք տարած։ Աշակերտներից ոմանք նույնիսկ չեն էլ կարդա այդ դասը, կմտածեն, որ անցած դասին են պատասխանել, իրենց չի հարցնի ուսուցիչը, գուցե կմտածեն՝ հերթական հեքիաթն է, չսովորեն էլ, մեծ բան կորցրած չեն լինի, կլինեն երեխաներ, որ անգիր կանեն՝ բաց չթողնելով ոչ մի բառ, բայց հնարավոր է, որ  հաջորդ օրն այդ դասից ոչինչ էլ չհիշեն, կլինեն աշակերտներ, որոնք դասը միայն դասարանում կարդալով սովորած կհամարեն ու պատմելիս էլ կկմկման, կլինեն նաև այնպիսինները, որ շատ լավ կսովորեն այդ դասը, կսովորեն՝ չպատկերացնելով, որ այն մեզ սովորեցրել է հենց կյանքը՝ ամենախստապահանջ ուսուցիչը։

Եվ երանի  գալիք սերնդին, որ այս անիծյալ պատերազմը չի ընկալի այնպես, ինչպես մենք։ Երևի ժամանակին էլ մեզ են այսպես երանի տվել…

Երանի՜, երանի՜ մեզնից հետո եկող սերունդները չզգան այն, ինչ մենք ենք զգացել, չտեսնեն մեր տեսածը, չկրեն մեր հոգու ցավը։

Մեկ տարի առաջ մենք արևներ կորցրինք, ովքեր  անգամ չհասցրին տեսնել կյանքի, աշխարհի գույներն ու լույսերը։

Մեկ տարի առաջ շատ տներում սեղաններին դրվող ափսեների քանակը փոխվեց, լույսեր մարեցին, սևազգեստ կանայք շատացան։

Մեկ տարի առաջ մենք այդ անտանելի աղմուկից խլացանք և… շատերի ձայները այլևս երբեք չլսեցինք։ Մեկ տարի առաջ երկինքը հարստացավ, ու մենք դատարկվեցինք, մեր հոգիներն ու տները ամայացան։

Ասում էին՝ պատերազմը կավարտվի, ամեն ինչ կմոռացվի, շատերի համար այս ամենը գուցե շատ ավելի վաղուց է փակված էջ համարվում, բայց Եռաբլուրն արդեն շատ է լիացել, և փողոցում հանդիպող հաշմանդամ տղաներն էլ քիչ չեն, որոնցից ամեն մեկին նայելիս հասկանում ես, որ պատերազմը միայն զենք-զինամթերքով պայքարելը չէ, և այն  մեզ հետ դեռ երկար ժամանակ է քայլելու։ Չէ՛, պատերազմը չի լռում…

Մեկ տարի առաջ քառասունչորս օրում մեզնից յուրաքանչյուրը մեծացավ մի քանի տարով, իսկ մեր եղբայրներից շատերը չբոլորեցին նույնիսկ քսանը։ Նրանք ընկան, որ մենք կարողանանք կանգնած ապրել, չծնկենք, բայց մենք մինչ օրս էլ տերևի նման երերում ենք, քամիները մեզ ամեն կողմից են հրում. հայի ճակատագիրն  է սա։

Ճակատագիրը միայն հերոսների  առումով է շռայլ գտնվել մեր նկատմամբ, բայց երանի նրանք բոլորն էլ ողջ լինեին…

Մեզ միայն ողջ ու առողջ հերոսներ են հարկավոր։

Մեկ տարի է անցել, բայց մենք էլի կախված ենք օդից, սրտներումս վախ է՝ այս ամենը նորից տեսնելու։

Արդեն մեկ տարի է անցել, և շատ տարիներ կանցնեն, բայց մեր սերունդը ամեն անգամ հետ նայելիս խորը հոգոց կհանի ու կլռի, փոխարենը մեր աչքերը կխոսեն։ Եվ մեր ներսում դեռ էլի կշարունակվի այն կռիվը, որ հայրենի հողի կորստի ու եղբայրների անմահացման սև պատճառ է դարձել։

Խոցված ենք, զրկված, բայց կրկին ապրելու հսկա տենչը բեռ արած և անսահման շնորհակալ այն տղաներին, որոնք այլևս չկան, որ մենք լինենք…