Ինչ կլիներ, եթե ես լինեի «տրոլիկ»։ Այս հարցը կարող է մի քիչ տարօրինակ թվալ, բայց իրականում շատ անգամներ եմ այդ հարցը տվել ինքս ինձ։ Չէ՞ որ միշտ էլ հետաքրքիր է` եթե ես ես չլինեի, ապա ո՞վ կամ ի՞նչ կլինեի։ Իմ դեպքում ընտրությունը ընկնում է «տրոլիկի» վրա։ Եթե լինեի տրոլիկ, միշտ կլինեի շատ ուրախ ու հավեսով կաշխատեի։ Իսկ ուրիշ տրոլիկներին տեսնելուց կբարևեի ու կանցնեի առաջ։ Չնայած կուզենայի կանգնել ու երկար-բարակ խոսել, բայց խցանումներ կառաջանային, ու բոլորին կխանգարեի։ Ինչքան լավ է՝ ամեն օր էքսկուրսիա իմ սիրած քաղաքով՝ իմ ծանոթ ու սիրած փողոցներով։
Մի քիչ էլ իմ մասին։ Այնքան էլ մեծ չեմ՝ 5 տարեկան, և դե իհարկե՝ գերմանուհի։ Իմիջիայլոց, իմ ծնողներն էլ են գերմանացի, բայց ցավալի է, որ ես այնտեղ շատ քիչ եմ ապրել ու համարյա բան չեմ հիշում, քանի որ կես տարեկան էի, երբ ինձ տեղափոխել են Հայաստան, և դրանից հետո իմ տունը այստեղ է։
Այս աշխատանքն ինձ ստիպում է ապրել այստեղ ու այս պահով: Այս աշխատանքի մեջ ինձ շատ է դուր գալիս, որ ես տարբեր տարիքի մարդկանց համար էքսկուրսիաներ եմ կազմակերպում: Առաջ մնածում էի, թե ոչ բոլորին են դուր գալիս իմ էքսկուրսիաները ու չէի հասկանում` ինչու են մարդիկ տխուր: Հիմա էլ հաճախ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ լալիս, տխրում, բայց մեծանալով հասկացա, որ կյանքը շատ դժվար է, և շատ մարդիկ, մանավանդ մեծահասակները, այնքան էլ լավ չեն ապրում, կարոտում են իրենց երեխաներին ու թոռներին, որոնք կամ ուշ-ուշ են այցելում նրանց, կամ էլ ընդհանրապես մոռացել են: Բայց կյանքը շարունակվում է, և երբ գալիս է իմ ամենասիրած եղանակը՝ աշունը, ամեն ինչ դառնում է ավելի սիրուն, ուրախ. կյանքը վերածվում է մի հեքիաթի, ու ես կարծես չեմ նկատում բոլոր դժվարությունները: Հանկարծ գլխիս մի տերև է ընկնում, իսկ ամբողջ օրը անձրև է գալիս: Է՜հ, ի՜նչ լավ է: Չեմ պատկերացնում, թե ո՞վ կարող էի լինել, եթե ոչ «տրոլիկ»: