anna gasparyan

Մենք այդպես էլ գրադարան չենք ունենա

Գիրքը մարդու ամենամտերիմ ընկերն է: Գիրք կարդալիս ինքդ մտնում ես գրքի մեջ և քեզ պատկերացնում ես գրքի հերոսի տեղում: Սկսում ես ընթերցելու հետ մեկտեղ մտածել, թե ինքդ ինչպե՞ս կվարվեիր տվյալ պարագայում: Գրքի մասին Խուլիան Բարնեսը ասել է. «Գրքերն ասում են՝ նա այսպես արեց, որովհետև… Կյանքն ուղղակի ասում է, որ նա այդպես արեց: Գրքերն այն վայրն են, որտեղ ամեն ինչ իր բացատրությունն է գտնում, նույնիսկ կյանքը, որտեղ չկա ոչ մի բացատրություն: Այնպես որ, ես չեմ զարմանում, որ շատ մարդիկ գրքերն են նախընտրում»։

Ես նույնպես նախընտրում եմ գիրքը ու ինձ պես շատերն էլ են գրքերի կողմնակից: Ընթերցանությունը օգնում է մարդուն հանգստանալ: Գյուղում ընթերցանությունը մեծ տեղ ունի, որովհետև գյուղում այդքան էլ անելու բան չկա: Դպրոցում, երբ ազատ ժամ է լինում, երեխաները ուզում են ընթերցել ինչ-որ մի գիրք։ Մտնելով գրադարան՝ մտափոխվում են և դուրս գալիս: Իսկ գիտե՞ք՝ ինչու: Որովհետև մեր դպրոցում չկա այնպիսի գրադարան, որը այցելելով հաճույք կստանաս, և ընթերցելն ավելի հաճելի կլինի: Բայց, ցավոք, մենք չենք ունեցել և չունենք մեր երազած գրադարանը: Գրադարանը գտնվել և գտնվում է խղճուկ վիճակում: Այդ ամենը տեսնելով՝ ուսուցչուհիս՝ Ռուզաննա Խուրշուդյանը, մեզ առաջարկեց մասնակցել «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի կազմակերպած մրցույթին, որը հաղթելու դեպքում մեզ կհովանավորեին, և մենք կստեղծեինք մեր երազած գրադարանը: Մասնակցեցինք, իրականացրինք լիքը ծրագրեր, որպեսզի արժանանանք Արմենուհի Հովհաննիսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Էդգար Փոլի հավանությանը: Եվ մենք դա արեցինք, մենք հաղթեցինք:

Մեզ տվեցին 150.000 դրամ գումար, և մենք այդ գումարին ավելացրեցինք մեր կատարած ծրագրերի շահույթը և գնացինք գրքեր գնելու: Գնեցինք տարբեր գրքեր՝ և՛ պատմական, և՛ փիլիսոփայական, և՛ գեղարվեստական: Մեր դպրոց այցելեց Արմենուհի Հովհաննիսյանը, տեսավ մեր գրադարանը, շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մեզ մեր կատարած աշխատանքի համար:
Արդեն մեկ տարի է անցել այդ օրվանից, բայց մեր գրադարանը էլի նույն խղճուկ վիճակում է: Մեր գնած գրքերից կգտնես ընդամենը մի քանի գիրք և ոչ ավելի, գրքերի մեծ մասը անխղճորեն թափված է գետնին՝ կեղտի ու փոշու մեջ: Մարդիկ դարձել են սառը ու անտարբեր թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների, և թե՛ գրքերի նկատմամբ:

Այսօր հասկացանք, որ մեր կատարած աշխատանքը ապարդյուն էր: Մենք մեր կաշվի վրա զգացինք անտարբերությունը գրքերի նկատմամբ, պատասխանատվության զգացում չունենալը: Մենք չենք ունենա այնպիսի գրադարան, ինչպիսին միշտ երազել ենք՝ մեծ, գեղեցիկ կահավորված, լիքը գրքերով՝ տարբեր ժանրերի, օտարազգի գրողների, պատմական: Չենք ունենալու այդպիսի գրադարան, մենք, գրադարան մտնելով, հանգստություն ու հաճույք չենք զգալու: Այսօր հասկանում ենք, որ այլևս գիրքը մարդու մտերիմ ընկերը չէ, որովհետև գիրքը արդեն անտեսված է շատ մարդկանց կողմից: Իսկ մեր կատարած աշխատանքը վատ վախճան ունեցավ: Եվ մեր շատ հարցեր մնացին անպատասխան՝ որտե՞ղ է մեր գնած գրքերի մեծ մասը, ինչո՞ւ մեր գրադարանը նորից վերադարձավ նույն վիճակին, և ինչո՞ւ գիրքը անտեսվեց շատերի կողմից, ինչո՞ւ ենք մենք վճարում դրա դիմաց՝ չունենալով գրադարան։