Jenya Eghikyan

Մենք համաստեղությամբ ենք երկվորյակ

«Քույրս, ո՞նց ես»: Ես սպասում եմ այս խոսքերին, երբ կզանգես ու ձայնդ կլսեմ: Բանակը քեզ շատ է փոխել, չէ՞, ես զգում եմ ձայնիցդ. տպավորություն է, որ միմիկաներն էլ քոնը չեն: Իրար վրա գոռգոռալուց բացի՝ երևի մյուս զբաղմունքը ինձ նեղացնողներին լավ դաս տալն էր: Քո անվան տակ ես էլի մարդ եմ թաքցնում, դու ինձ հետ ես, նա՝ գլխավերևումս: Հիմա ես զարմանում եմ՝ ի՞նչ չափի զարթուցիչն է քեզ արթնացնում, եթե տանն ամեն առավոտ մայրիկի հարյուրերորդ գոռոցից էիր արթնանում:

Ես առանց քեզ չեմ հարմարվել, ես միշտ էլ առանց քեզ չեմ կարողացել: Դե, հա, դժվար է, երբ հետդ կատակ անող, արգելքներ դնող մեկը չկա: Քանի դեռ այստեղ էիր, քո ասած «7-ից ուշ չգաս»-ից չէի վախենում, հանգիստ էի, որովհետև իրարից հեռու չէինք: Հիմա, երբ ժամը 7-ն է գալիս, ու հանկարծ ես տանը չեմ լինում, հավատա՝ սարսափում եմ: Դա էլ հո առաջվա մատիտի կռիվը չէ՞ր, երրորդ համաշխարհայինն էր սկսվում: Ու այնպես էինք վիճում, թվում էր՝ սենյակից միայն մեկն է ողջ դուրս գալու:

Ես քեզ այնքան շատ եմ կարոտում, կիսատ եմ: Մեր տարբերությունը երկու տարի է, բայց ես զգում եմ քո ուրախությունը, տխրությունը, թեև մենք միայն համաստեղությամբ ենք երկվորյակ: