Մենք ՄԱԿ-ի գրասենյակում

«2016 թիվն էր, մտանք ՄԱԿ»… Սա ընդամենը ավտոբուսում հնչող արտահայտություններից էր: Իսկ թե ուր էինք գնում ավտոբուսով՝ երևի արդեն գուշակեցիք, բայց չգիտեք, թե ինչու էինք գնում: Եթե Ձեզ հետաքրքրեց՝ կարդացե՛ք շարունակությունը, որով լիովին կտեղեկանաք մի կարևոր իրադարձության մասին:

Դպրոցում մենք ունենք հասարակական կազմակերպություն, որի անունը  «Զատիկ» է: Այդ կազմակերպության մեջ ընդգրկված են 8-րդ և 9-րդ դասարանի որոշ աշակերտներ՝ ընկեր Գրիգորյանի գլխավորությամբ (հայոց պատմության, համաշխարհային պատմության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին) :

Կատարել ենք հարցումներ Եղեգնաձորի տարբեր բնագավառի մարդկանցից՝ մեր արտադրանքի միջին գինը, ձևը և այլ բաներ որոշելու համար:

Խորհրդակցելով բազմաթիվ մասնագետների հետ և ստանալով մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները՝ ստեղծեցինք մեր արտադրանքը՝ հայկական զարդանախշերով օձիքներ, ժանյակներ ու թիթեռնիկներ: Պատրաստման մեջ մեզ օգնեց «Մոշ» նորաձևության սրահը:

Այդ արտադրանքը վաճառել ենք Երևանում կազմակերպված տոնավաճառում (ի դեպ դրանից նաև գնել է Կրթության և գիտության նախկին նախարար Ա. Աշոտյանը): Ձեռք բերած փոքր գումարը  տրամադրել ենք  դպրոցին՝ բարեկարգման աշխատանքների համար:

Այդ գործերում ավելի հմտանալու և ՄԱԿ-ի գործունեությանը ծանոթանալու համար՝ ընկեր Գրիգորյանը և Հայաստանի «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության Վայոց ձորի համակարգող Երանուհի Մանուկյանը  որոշեցին մեզ տանել ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակ:

Ինձ համար ամեն ինչ շատ հետաքրքիր էր, և  անհամբեր սպասում էի, թե երբ եմ վերջապես մտնելու ՄԱԿ-ի գրասենյակ: Մենք անցանք անվտանգության գոտին  ու ներս մտանք: Անկեղծ ասած, ինձ ամենաշատը շենքի ձևավոր առաստաղը դուր եկավ, որի վրա կապույտ և սպիտակ գույներով երկրագունդն էր պատկերված:

Այդ շաբաթվա կիրակին համաշխարհային Երջանկության օրն էր:

Խոսեցինք երջանկության մասին, ամեն մեկս արտահայտեց իր կարծիքը: Օրինակ, ես մտածում եմ, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ստեղծել այն, լավատես լինել, եղածով բավարարվել:

Հետո ՄԱԿ-ի աշխատակիցները պատմեցին իրենց գործունեության մասին՝ հետաքրքիր տեսագրություններով, սլայդներով և նկարներով: Ես ուշադիր լսում էի, որովհետև ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Խոսվում էր այնպիսի բաներից, որոնց մասին երբեք չէի լսել: Քննարկեցինք նաև համաշխարհային հիմնախնդիրները և դրանց լուծման համար նախաձեռնվող միջոցառումները (մանրամասն տեղեկությունները կներկայացնի Նոնան):

Մոռացա ասել, որ ինչպես Նոնան, այնպես էլ ես, Միավորված Ազգերի Կազմակերպություն անվանումից ելնելով կարծում էինք, որ այնտեղ պետք է լինեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ իրար հետ անգլերեն լեզվով աշխատելիս (ես նույնիկ նրանց հայացքներն էի պատկերացնում): Սակայն մեր պատկերացումները իրականությանը բոլորովին չէին համապատասխանում:

Այդ օրը բավական տեղեկութուններ ստացանք, հասցրեցինք նաև ֆիլմ դիտել: Երեկոյան վերադարձանք մեր հարազատ  Եղեգաձոր:

Սոֆյա Աբրահամյան

***

-Երեխաներ պատրաստվեք, մարտի 18-ին գնալու ենք Երևան` ՄԱԿ-ի գրասենյակ` իրազեկման միջոցառման,-հայտնեց ընկեր Գրիգորյանը,- մենք իզուր չենք ձեզ ընտրել: Հուսով եմ, կարդարացնեք մեր հույսերը:

Մենք բոլորս շատ ուրախ էինք, միևնույն ժամանակ, նաև հպարտ, որ կանք այդ երեխաների շարքում:

Ահա եկավ օրը, որ պիտի շարժվենք Երևան: Ճանապարհը այդքան էլ արագ չանցավ, չնայած դրան, որ շատ ուրախ էր: Ես ճանապարհին արդեն պատկերացնում էի ՄԱԿ-ի շենքը և դրա ներսը: ՄԱԿ-ի գրասենյակ ասելով ես պատկերացնում էի 193 պետությունների ներկայացուցիչների մեկ հարկի տակ: Պատկերացնում էի մեծ կառույց, ներսում` այդ բոլոր պետությունների ներկայացուցիչներին աշխատելիս, ամեն մեկին` տարբեր սենյակներում:  Մտածում էի, թե ո՞վ պիտի լուծի այդքան պետությունների հարցերը, օգնի նրանց և հաշտեցնի: Վերջապես մենք հասանք ՄԱԿ-ի գրասենյակ: Մենք հերթով մտնում էինք  ներս` անցնելով անվտանգության գոտին: Մինչ իմ հերթը կգար, ես ուշադրությամբ զննում էի այդ կառույցը: Ասեմ, որ այն իմ պատկերացրածի նման շքեղ չէր: Բայց չէ, որ շենքերն էլ նման են մարդկանց, և կարևոր է նրա պարունակությունը, այլ ոչ արտաքինը:

Մենք բոլորս  անցնելով անվտանգության գոտով, մտանք ներս: Մեզ տարան  ուղիղ մեր առջև գտնվող մի մեծ սենյակ, որտեղ կար մեծ կլոր սեղան, և շատ հարմարավետ էր: Ասեմ որ, երբ մտանք  ներս, ես իմ պատկերացրածի նման ոչ մի այլ երկրի ներկայացուցիչ չտեսա. բոլորը հայեր էին:

Միանգամից տեղավորվեցինք և սկսեցինք խոսել Միացյալ Ազգերի Կազմակերպության ստեղծման, պատճառների և նրա հիմնական գործունեության մասին:

Հիմնադրվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմների նման ընդհարումներից խուսափելու համար: Այն նաև պիտի փոխարիներ զգալի արդյունքներ չտված Ազգերի Լիգային: Այժմ նրան անդամակցում են 193 երկիր: Գլխավոր գրասենյակները  գտնվում են Ժնևում, Նայրոբիում ու Վիեննայում:  Կազմակերպությունը գործում է անդամ երկրների կամավոր նվիրատվություններով։ Նպատակն է՝ պահպանել միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը, բարձրացնել մարդու իրավունքների իրազեկությունը, խթանել հասարակական ու տնտեսական զարգացումը, պահպանել շրջակա միջավայրը, հումանիտար օգնություն տրամադրել սովի, բնական աղետների ու զինված հակամարտությունների դեպքերում:

Մի փոքր ՄԱԿ-ի մասին խոսելուց հետո սկսսեցինք զրուցել երջանկության մասին: Այո, այո, երջանկության: Ինչ է մեզ համար երջանկությունը, և ինչ պետք է անել երջանիկ լինելու համար:

Ամեն մեկս հայտնեց իր կարծիքը:

Երջանիկ է այն մարդը, ով ունի առողջություն, լավ ընտանիք և ընկերներ:

Երջանիկ է այն մարդը, ով ամեն բացվող օր ապրում է ուրախ:

Երջանիկ լինելու համար պետք է ամեն մի երևույթի մեջ փնտրել լավ կողմերը և դրանով երջանկանալ:

Հետո նրանք ցույց տվեցին հատուկ ՄԱԿ-ի կողմից կազմված երջանկության բանալիները: Դրանք համարյա համընկնում էին մեր տեսակետների հետ: Հետո մեզ ասացին, որ մենք պետք է ներկա գտնվեինք ՄԱԿ- ի գրասենյակում կազմակերպվող Երջանկության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, սակայն այդ օրը կիրակի էր: Իմ կարծիքով, այս տոնը շատ կարևոր օր է մարդկանց հիշեցնելու համար երջանկության, ընտանիքի և առողջության մասին:

Մենք այնտեղ մնացինք մոտ մեկուկես ժամ: Սակայն ես այդպես էլ չտեսա իմ պատկերացրած ամբողջ գրասենյակը,  քանի որ մենք ամբողջ ընթացքում նստած էինք նույն սենյակում: Այնուհետև խոսեցինք Կայուն զարգացման նպատակներից, որոնք տասնյոթն էին: Դրանք վերցրել էին ամբողջ աշխարհում տիրող իրավիճակներից` գլոբալ խնդիրներ էին: Շատերս «մոլորակը պաշտպանել» արտահայտությունը հնչեցնում է ուղղակի առանց հասկանալու դրա լրջությունը: Հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ամբողջ երկիր մոլորակի ռեսուրսները պակասել են շուրջ տասն անգամ: Եթե այսպես շարունակվի, ապա մենք այլևս ոչ մի ռեսուրս չենք ունենա: Երկիր մոլորակի գլոբալ խնդիրների մասին մենք անպայման կխոսենք: Այդ խնդիրները լուծելու համար ՄԱԿ-ն ունի 6 մարմիներ` գլխավոր Ասամբլեա (գլխավոր խորհուրդ), Անվտանգության խորհուրդ (ընդունում է խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող բանաձևեր), Տնտեսական ու սոցիալական խորհուրդ (նպատակն է` զարկ տալ տնտեսական և սոցիալական միջազգային համագործակցությանն ու զարգացմանը), ՄԱԿ-ի քարտուղարություն (ՄԱԿ-ին անհրաժեշտ ուսունասիրություններ կատարելու, ինֆորմացիա և հարմարանք տրամադրելու համար), Միջազգային դատարան (գլխավոր դատական մարմինը): ՄԱԿ-ի համակարգային գործակալություններից են` Համաշխարհային բանկը, Միջազգային առողջապահական կազմակերպությունը, Համաշխարհային սննդի ծրագիրը, Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը`  ՅՈՒՆԵՍԿՈ (UNESCO), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ (UNICEF): Գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենակարևորն է ՄԱԿ-ում, որը 2007 թվականից զբաղեցնում է Բան Կի-Մունը Հարավային Կորեայից։

Այսպիսի տեղեկություններ ստացանք ՄԱԿ-ի մասին: Իսկ ես այդպես էլ չտեսա 193 պետությունների ներկայցուցիչներ:

Ետդարձի ճանապարհը էլ ավելի հետաքրքիր եղավ: Ստացանք քարտեզներ, որի մեջ պատկերված էին 193 պետություններն իրենց դրոշներով:

Հ.Գ.  Մենք պետք է ամենքս մեր տնից, փողոցից սկսենք Երկիր մոլորակին օգնելու գործողությունները, և հավատացեք, որ խնդիրը միայն աղբը չէ, ինչպես շատերն են կարծում:

Նոնա Պետրոսյան