Մերօրյա թոնդրակյանները

Չգիտեմ, պատմե՞մ Թոնդրակի մասին թե ոչ։ Խոսքս Թոնդրակ լեռան մասին չէ բնավ, այլ լեռնային բնավորությամբ այն մարդկանց, ում ջանքերով այս տարվա հունվարին  ստեղծվեց  ու ոտքի ելավ «Թոնդրակ արշավական ակումբը»։

Պատմագիտական, բնաճանաչողական այս արշավական ակումբը միավորում է նրանց, ովքեր  պատրաստ են լինել բնության զարկերակը, հազարավոր մետրեր բարձրանալ ու հոգու ողջ տարողությամբ կլանել լեռների ուժը, ամրությունը,  շունչը։  Հենց այդ ճանապարհին էլ ծանոթանալ մարդկանց հետ, ում  թվում է, հազար տարի ճանաչել ես։ Հասկանալ, որ դժվար ճանապարհը մտրեմացնելու սովորույթ ունի, հնար`  կամքն ու հոգին կոփելու։

Մինչ ես կգրեմ, դու հանգիստ կարող ես մտածել` կա արշավական ակումբ, որը հնարավորություն է տալիս օրերով մնալ անտառներում ու լեռներում առանց ժամանակակից միջոցների։ Գտնել կամ պատրաստել բնական ապաստարան։ Ուսումնասիրել պատմությունը բացարձակ սկզբնաղբյուրներով, արձանագրություններով, սեպագիր վկայություններով, հնագիտական գտածոներով։  Դեռ երկար կգրեի, բայց մնացածը կարող եք ինքներդ կարդալ  իրենց կայքում։

Ես էլ այդ ընթացքում մտովի կքայլեմ Խոսրովի անտառով, կհայտնվեմ Աստղոնքի գագաթին, կժպտամ յոթ լճերը տեսնելիս,  Սևսարի գագաթին խմած գինու համը կզգամ, կոգևորվեմ ու բարձրաձայն կասեմ Թոնդրակի կարգախոս դարձած Րաֆֆու խոսքերը.

«Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»։

Հա,  քիչ էր մնում մոռանայի, «Թոնդրակ արշավական ակումբը» գտնվում է Երևանում։  Հիմնադիր տնօրենը Գոռ Ղազարյանն  է` «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմի հեղինակ-ռեժիսորը, ում հետ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ` http://www.17.am/տիգրան-մեծի-հովանավոր-գիսաստղը-ֆիլ/ :

Միացեք մեզ:

Լուսանկարները` tondrak.am կայքից