Hrayr Axavelyan

Մեր անցյալը մեր ապագայի կնիքն է

Ձմեռային արձակուրդներս շարունակվում են: Զբաղված ու ծանրաբեռնված ամիսներից հետո վերադարձել եմ հայրենի Գորիս՝ փոքր ինչ հանգստանալու, մտքերս և էներգիա հավաքելու՝ նոր ուղի սկսելու համար: Երկու թե երեք օր առաջ հանդիպել էի ընկերներիս, որոնց երկար ժամանակ է չէի հանդիպել: Սովորության համաձայն հավաքվել էինք՝ զրուցելու, իրար տեսնելու և ուրախանալու համար: Մեր վերջին հանդիպումից երկար ամիսներ էին անցել, ու կարոտը բավականին շատ էր: Հերթական օրն էր, ընկերներիցս մեկն ասաց.

-Բայց ինչքան հիշելու բան ունենք, առհասարակ ինչքան կարևոր բան ա հիշողությունը, եթե չլիներ մեր հիշողությունը, ո՞նց կապրեինք, ի՞նչ արժեք կունենար մեր կյանքը:

Անկեղծ, մտածելու տեղիք շատ տվեց: Ի՞նչ արժեք ունի հիշողությունն առհասարակ մարդու համար: Ինչու՞ է պարտադիր անընդհատ վերապրել անցյալը ու վերադառնալ մտովի այնտեղ:

Մաթեմատիկոսները, ֆիզիկոսները, քիմիկոսները իրենց հիշողության մեջ պահում են մաթեմատիկական բարդ հաշվարկները, ֆիզիկական բանաձևերը և այլն: Սակայն իրականում մենք շատ ավելի կարևոր բաներ ունենք հիշելու: Օրինակ, ուսուցչուհիս ինձ ասում էր, թե ինչքան էլ բարձրանաս, չմոռանաս, թե որտեղից ես գալիս ու որտեղ ես ծնվել: Համաձայն եմ ուսուցչուհուս հետ, որովհետև հիշողությունն է, որ առաջ գնալուն զուգահեռ մեզ ստիպում է մեկ-մեկ հետ նայել:

Հիշում եմ, հետպատերազմական շրջանում հեռուստացույցով դիտում էի հանձնված Քարվաճառից մի տեսանյութ: Սփյուռքահայը, ով Քարվաճառում հյուրատուն էր կառուցել, մղկտում էր, ասում էր. «Ախր ո՞նց ապրեմ, ո՞նց հիշողությանս մեջ տեղավորեմ էս սարերը, ժայռերը»:

Հայն ընդհանրապես հիշելու շատ բան ունի: Հայն իր անցյալը վերապրելով պետք է ապրի: Եթե չհիշենք մեր անցյալը, չհիշենք մեր պապերի անցած ճանապարհը, չհիշենք, թե նրանք ինչ զրկանքներ են կրել, որ այսօր մենք ապրենք ազատ ու անկախ Հայաստանում, ո՞նց ենք կառուցելու մեր հաջորդների և հենց մեր ապագան:

Մեր անցյալը մեր ապագայի կնիքն է:

Հորս փոքր ժամանակ հարցրել էի, թե ինչու սկսվեց Արցախյան պատերազմը: Նա պատասխանել էր, թե հիշել էինք մեզ հետ կատարվածն ու վրեժ ունեինք լուծելու, հայրենիք ունեինք ազատագրելու:

Մեր՝ հայերիս անցյալը, ստիպում է մեզ լինել վճռական և թույլ չտալ, որ մեր ուղեղից հանեն մեր հիշողությունը, մեր կարևոր անցյալը:

Ամեն անգամ Գորիս գալուց հիշում եմ ընկերներիս հետ անց կացրած երջանիկ օրերը, ուրախ պահերը: Ամեն փողոցով, թաղամասով քայլելիս արթնանում է քաղցր հիշողությունս: Հասկանում եմ, որ ժամանակի ընթացքում կփոխվի ամեն բան, ես էլ, ընկերներս էլ կփոխվենք, սակայն հիշողությունները մեզ նորից կբերեն այնտեղ, որտեղից սկսվել էր ամեն ինչ: Ինչքան էլ շքեղ բնակարանում ապրեմ, միևնույն է, ներկայիս իմ համեստ տունը ինձ համար ավելի մեծ արժեք է ունենալու/ունի ու վերադառնալու եմ այնտեղ: Ինչքան էլ հեռու լինեն ընկերներս ու ուրիշները հայտնվեն իմ կյանքում, անդավաճան հիշողությունը կմիավորի բոլորիս:

Ես ուրախ եմ ու երախտապարտ եմ ընկերներիս այդքա՜ն երջանիկ օրեր ինձ հետ կիսելու համար: Իսկապես, ես հիշելով թե իմ մանկությունը, թե նախնիներիս չարչարանքներն ու պատմությունը՝ հանուն այս օրվա, ես փորձում եմ ինձ համար կառուցել այն կարիերան, որ էլի քաղցր հիշողությունով ուրախանամ ներկա ձեռք բերածի համար:

Ինձ համար կարևորն անկեղծությունն է ու մաքսիմալ պարզությունը: Հենց դա է գեղեցիկ հիշողություն ունենալու բանաձևը, առանց որի մեր կյանքն իսկապես արժեք չէր ունենա: