Մեր գյուղի ամառը

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Ամառ։ Չրեր, պահածոներ, կոմպոտներ ու մուրաբաներ։ Ինչպե՞ս կարող էինք պատրաստել այս ամենը, եթե չունենայինք դրանց հիմնական բաղադրիչները՝ մրգերն ու բանջարեղենը։ Իսկ բաղադրիչները ձեռք բերելու համար պետք է ճիշտ օգտագործել ժամանակը։ Պետք է բաց չթողնել ամռան ընձեռած հնարավորությունն ու արագ գործի անցնել, հավաքել մրգերն ու բանջարեղենը, մշակել ու պատրաստել վաճառքի կամ «արտագաղթի»:

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Մեր գյուղում` Սոլակում, հիմնականում զբաղվում են մթերքի առք ու վաճառքով։ Արդեն ճիշտ ժամանակն է ընկույզի մուրաբա պատրաստելու, և տատս շտապում է օգտվել ընձեռված հնարավորությունից ու վաճառել մեր այգու ընկուզենիների պտուղները։ Տարբեր գնորդներ տարբեր ձևով են գնում ընկույզը՝ կա՛մ հատով, կա՛մ կիլոգրամով։ Այս տարի հիմնականում կիլոգրամով են գնում, բայց կարելի է նշել նաև, որ այս տարվա բերքը սակավ է, ու չնայած դրան՝ մեկ կիլոգրամ ընկույզն այնքան էլ թանկ չէ՝ ընդամենը չորս-հինգ հարյուր դրամ։ Տատիկս ունի իր հիմնական գնորդներն, ու ամեն տարի նրանց թիվն ավելանում է։ Ընկույզը քաղելու գործը թոռներինն է, չնայած դրան՝ տատիկը ևս իր ներդրումն է ունենում այդ գործում։ Ամենահաճելին, կարծում եմ, ընկույզները հաշվելն է, ինչը միշտ ինձ է բաժին ընկնում։

Գնորդները, բնականաբար, ցանկանում են իջեցնել գինը և էժան գնել, բայց դա նրանց չի հաջողվում, որովհետև տատս այդ հարցում շատ հաստատակամ է։ Վաճառելուց հետո տատիկը իր օգնականներին, այսինքն՝ թոռներին, պաղպաղակ է հյուրասիրում կամ մի համեղ բան է պատրաստում։