laura sekoyan

Մեր թաղի խնջույքը

Արդեն երկու շաբաթ է, ինչ ոչինչ չեմ գրել։ Պատճառն այն էր, որ շուրջս ամեն ինչ նույնն էր։ Տնից դպրոց, դպրոցից տուն, դաս, հարևաններ, սուրճ, բամբասանք…

Իմ նյութերում հաճախ եմ գրել մեր գյուղի՝ Սոլակի, մեր  թաղի ու հարևանների մասին։ Եվ իրոք, այդ հարցում չեմ սխալվել։ Մեր թաղը տարբերվում է մյուս բոլոր թաղերից։ Այստեղ հարևանները շատ մտերիմ են, համերաշխ ու կազմակերպված։
Այս երկուշաբթի էր, երբ դասից տուն եկա ու տեսա՝ հարևանները գումար են հավաքում ու ինչ-որ ծախսի ցուցակ են գրում։ Պարզվեց՝ թաղի կանայք որոշել են մի լավ քեֆ անել։ Տատս, ով թաղում հայտնի է որպես լավ քաբաբ պատրաստող, այդ գործը վերցրել էր իր վրա։ Եվ ահա, քեֆը պատրաստ էր։ Պետք էր ընդամենը գումար հավաքել ու միս գնել։ Գումարը հավաքել էին, միսը գնել էին ու մի քանի բան էլ ավել էին գնել։ Տատս մսի մարինադը պատրաստել էր, հաջորդ օրը քաբաբը պետք է պատրաստեին։ Ամեն բան լավ էր, բացի նրանից, որ թաղի երեխաները դասի էին, բայց դա կանանց չխանգարեց։

Առավոտյան նրանք ավարտել էին տան գործերը և հավաքվել էին մեր տանը։ Կրակը վառել էին, միսը խփել շամփուրներին։ Մեծերը կրակի մոտ էին, իսկ հարսները տանը սեղան էին գցում ու երեխաներին զբաղեցնում։ Սեղանը լի էր, իսկ այն, ինչ պակաս էր, հարևաններն իրենք էին բերել իրենց տներից։ Կանայք ուրախ էին, գոհ իրենց կատարած գործից։ Ողջ ընթացքում կատակներ էին արել, երգել ու մի քիչ էլ խմել։ Քեֆն ամփոփել էին սուրճով ու քաղցրավենիքով։ Չէին մոռացել նաև դպրոցում գտնվող երեխաների մասին, բոլորին բաժին էին պահել։ Այս մասին ինձ տատս էր պատմել, բայց քաբաբի համից կարելի էր եզրակացնել, որ քեֆը շատ լավ էր անցել։
Եվ իրոք, վստահ կարող եմ ասել, որ մեր թաղն ուրիշ է։ Մենք  կարողանում ենք մեր կյանքը հետաքրքիր դարձնել ու չնվնվալ: