Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մեր ինքնության պարը

Պարերն ու ես… Մի քիչ անհամատեղելի զույգ ենք: Պարային տվյալներս ու բնավորությունս դեմ են մեր հարաբերություններին, բայց երբ խոսքը գնում է ժողովրդական, ազգագրական պարերի մասին, մեզ ոչինչ չի կարող բաժանել: 

Ճիշտ հասկացաք, այսօրվա նյութս կլինի ազգագրական պարերը…

Մինչ նյութս սկսելը, մտածում էի հենց այս թեմայով գրել, բայց ուղեղս հրաժարվում էր ինձ օգնության հասնել: Պետք էր դիմել սրտին ու զգացմունքներին: Բայց չէ… Ինչ-որ բան էլի այն չէ… Պետք է պարել:  Այսօր ամսվա վերջին ուրբաթն է: Երևի շատերը գիտեն, որ հենց այս օրը Կասկադում միջոցառում է, երբ երիտասարդները համախմբվում և կարելի է ասել, ձեռք-ձեռքի տված պահում են իրենց ինքնությունը: Ես Երևանում եմ, և հասկացա, որ մի քիչ պարելը ինձ չի խանգարի նյութս գրելու համար:

Պարում ենք: Չգիտեմ ով է կողքիս կանգնած, չի էլ հետաքրքրում: Անձրև է սկսում, այն խանգարելու փոխարեն ավելի է ոգևորում երիտասարդներին, հատկապես տղաներին, ովքեր. «սա տղամարդկանց պար է» գոչելով հավաքվում են կենտրոնում: Աղջիկներից ոչ մեկը չի համարձակվում խառնվել «տղամարդկանց պարին»: Ոտքերը ուժեղ հարվածում են գետնին և առաջ գնում (հարվածից ջրափոսի  ջուրը թռչում է վրաս, և ոչինչ որ ես մոտ 4 մետր այն կողմ եմ կանգնած), ձեռքերը պարզում, էլի հետ գալիս ու գոչում «քաշի՜»: Նորից են շրջան կազմում: Այս անգամ ուրիշ բան են գոչում: Ականջներս լարում եմ, բայց չեմ հասկանում:

-Ի՞նչ են ասում,-հարցնում եմ կողքիս կանգնած անծանոթին:

-Իրուր խետ (իրար հետ):

Սկսում է հաջորդ պարը, աղջիկները նույնպես միանում են:  Պարում ես ու մոռանում ամեն ինչի մասին: Սկսում ես մի տեսակ հպարտությամբ հիշել, որ հայ ես: Հիշում ես ժողովրդիդ անցած ուղին, նայում  ներկային ու ժպիտով նայում դեպի ապագա: