Մեր պապերի ժառանգությունը

Սովորական առավոտ էր, որը չէր տարբերվում մյուս առավոտներից: Ինչպես միշտ ես արթնացա, և ինչպես հայրս է սիրում ասել` «ունքերս խառնած», լվացվեցի և սկսեցի պարապել: Ոչ մի ծրագիր չունեի օրվա համար, սակայն լսվեց մայրիկի ձայնը.

-Հագնվե՛ք, տեղ ենք գնում:

Անակնկալի գալով ես ու քույրս արագ հագնվեցինք և նստեցինք ավտոմեքենան:

Ճանապարհից հասկացա, որ Դիլիջանի ուղղությամբ ենք գնում, շատ եմ սիրում այդ ճանապարհը: Մեքենան արգելակեց, և մեզ ասացին, որ մնացած ճանապարհը ոտքով ենք բարձրանալու:

Ես ուրախացա, քանի որ շատ եմ սիրում ընտանիքիս հետ արշավների գնալ: Բարձրանում էինք կածաններով, ծառերին ուշադիր նայելով, ընտանիքով լուսանկարվելով, բայց դեռ չգիտեի, թե սարի գլխին ինչ կար:

Ճանապարհը երկար էր, բայց հոգնածություն չէի զգում: Հանկարծ կանգ առանք, և մայրիկը ասաց.

-Ահա՛, վերջապես տեղ հասանք:

Եկեղեցի էր, խոնարհված, սակայն նախշաքանդակներով պատված սյուները, կլոր կամարները, վեհ գավիթը հպարտ պատմում էին, թե որքան գեղեցիկ է եղել Կարմիր եղցի եկեղեցին:

Մայրիկը պատմեց, որ մեր առջև Կարմիր եղցի կամ Գետկավանք վանական համալիրն է: Կառուցել է Մխիթար Գոշը` 9-12-րդ դարերում: Ըստ պատմական վկայությունների, շրջակայքում գյուղեր են եղել: Եկեղեցին ավերվել է երկրաշարժից, այնուհետև թալանել և քանդել են մոտակայքում ապրող ազերիները: Այն գետնախորշով կապ է ունեցել դիմացի լեռան վրա կանգնած բերդի հետ, հիմա միայն բերդի ավերակներն են երևում: Սիրտս լցվեց տեսնելով այդ հրաշքը ամայի. լքված, պատված տատասկներով և փշերով: Ներս մտնելով ես կարծես լսեցի զանգերի ղողանջը, վանահոր աղոթքը իր փոքրիկ խցում, սակայն սարսռացի, տեսնելով, թե ոսկի որոնողները ինչպես էին քանդել խցի հատակը, քարերը ջարդել: Մայրս նկատեց,որ մի երկու ասեղնագործ խաչքարեր էլ չկան: Չնայած դրան քարերը լուռ խոսում էին, թե որքան գեղեցիկ են եղել իրենք, որքան մարդկանց աղոթք են լսել, որքան հայի շուրթեր են համբուրել իրենց: Դարերից եկած ամուր պատերը մեր պատմության խոսուն վկաներն էին, որքան ամուր են նրանք, որ դիմացել են այդքան արհավիրքներին:

Քիչ հետո ողջ ընտանիքով մաքրում էինք համալիրի շուրջ կուտակված աղբը: Այդքանը կարող էինք անել Աստծո տան համար: Շատ եմ ցավում, որ զբոսաշրջիկները փոխանակ խնամքով վերաբերվեն, աղտոտում են շրջակայքը, տեղահան անում քարերը: Քույրս հիշեց, որ այստեղ պահած իր երազանքը կատարվել է, իրոք հրաշք: Վերադառնում էինք լուռ ու տխուր, բայց և հպարտ մեր նախնիների թողած ժառանգությամբ: Հուսամ գոնե մեր սերունդը մի օր ամեն ինչ կանի, որպեսզի վերականգնի Գետկավանքը, և գուցե մի օր նրա զանգերը կրկին ղողանջեն: