Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մեր սերունդը

Շատերի կարծիքով մենք մի սերունդ ենք, որին բացի համացանցից ու սելֆիի ձողից ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Բայց չէ՞ որ հենց նույն սերունդն է, որ օր ու գիշեր պահպանում է մեր երկրի սահմանները և մեզ հանգիստ քուն է պարգևում: Հենց այդ նույն սերունդն է, որ կարողացավ ամբողջ աշխարհի կողմից հիացմունքի արժանանալ՝ իրականացնելով թավշյա հեղափոխություն: Մեծահասակները միշտ փնովել ու նախատել են մեզ, բայց այժմ նրանց հայացքները այլ բան են ասում։ Նրանք մեզ նայում են այնպիսի ժպիտներով ու թախծոտ աչքերով, որ պարզ է դառնում՝ մենք արել ենք այն, ինչը իրենք ժամանակին չեն արել, վախեցել են, թերագնահատել իրենց ուժերը: Անբացատրելի զգացում է, երբ մեծահասակները, հատկապես՝ ծերերը, տեսնելով երիտասարդներին երթի ժամանակ՝ մոտենում ու հպարտ հայացքով ասում են.

-Ապրեք, երեխեք ջան, ապրեք:

Եվ միայն պատկերացրեք, թե ինչպիսի սերունդներ են մեզ հաջորդելու, ինչպիսի երկիր են նրանք ստեղծելու։ Ու հեռու չէ այն օրը, երբ մենք, նայելով ապագա սերնդի աչքերին, կասենք նրանց.

-Ապրեք, երեխեք ջան, ապրեք: