Gayane Davtyan

Մի՛ գնա

Մի՛ գնա,

Արի՛,
Նստիր կողքիս,
Արի՛, հա.
Կզրուցենք
Մի քիչ…

Դե՜, աստղերը կհաշվենք,
Ինչպես միշտ,
Գիշերով արի`
Ձյուն դրած հոգով,
Արևը գտել ենք վաղուց:

Արի խոսենք կյանքից`
(Անվերջանալի մի թեմա)
Կարդա` ինձ համար բարձր պոեզիա
Դարձած նամակները մեր:
Ես դաշնակահար(ուհի) չեմ
Եվ ո՛չ էլ կիթառահար(ուհի),
Սակայն կնվագեմ լռության երաժշտությունն
Ու կմնամ երգիդ հավատարիմ հանդիսատեսը,
Բայց միակը…

Մենք հեռուներում մոտիկացանք.
Հիմա մոտ ենք
Չհեռանաս`
Մոտակայքում
Արի սկզբի հավատով լցված`
Դա թող նախաբան ու վերջաբան.

Ազատ ու մաքուր եղիր,
Ինչպես պոետն է
Իր բարձրաձայն խոհերում…
Բավ է տատանվես կրոնների մեջ,
Հոգուդ մեջ է տաճարը,
Միակ.

Թույլ չտաս հոգիդ մտածի, ինչպես միտքդ…

Հավատա՛,
Կսպասեմ,
Այն եռանդով, որով դաշտում եղած բոլոր ծաղիկներն էիր ուզում քաղել ու տալ,
Ու միշտ նույն զգացողությունն ես ունենում ծաղկաշատ տեղանքով պատահաբար անցնելիս,
Գիտեմ…

Դե, արի, հա…
Չխաբե՛ս, ինչպես մի օր
Խաբեց հույսն ու կորավ, բայց ո՛չ անհետ…