anush hovhannisyan

Մի դժգոհեք

Ահ, ինչ հետաքրքիր են մարդիկ: Իրոք, մի փոքր ուշադիր լսեք, թե ինչ են խոսում, և վերջ: Մեկ կտեսնես՝ գների թանկացում, մեկ՝ աշխատավարձ, մեկ էլ՝ հոպ, հասանք եղանակներին: Դե հա, ինչ արած, ամեն եղանակ իր հետաքրքրությունն ու դժվարություններն ունի: Ախր, ինչո՞ւ եք այդքան փնթփնթում ու բարդացնում ամեն ինչ, որ խոսեք, քննարկեք, հանկարծ ձմեռը կդառնա մեղմ ու տա՞ք, ամառը՝ հով ու երկա՞ր: Չէ, բան էլ չի փոխվի: Ու ամեն անգամ հիշում եմ իմ լավ ուսուցչուհու խոսքերը.

-Եթե մի բան պետք է այսպես թե այնպես լինի, սիրով նայիր ու արա. ամեն ինչ ավելի լավ ու հեշտ կստացվի:

Փորձեք մի փոքր սիրով նայել ամեն ինչին:

Վերջերս հյուրեր ունեինք: Խոսեցին հազար ու մի թեմայից ու մեկ էլ.

-Էս տարի ձմեռը շատ խիստ է, ձյունն էլ շատ եկավ ու հլը անդադար գալիս ա: Ուֆ՜, հոգնեցինք, էլի:

- Մի պահ էլ ասեցին Թուրքիայից իբրև տաք հոսանքներ են գալիս, դրանց տաք հոսանքել ա սուտ, այ մարդ, գոհ ենք դրանցից:

Հը՞, դեպի Անտարկտիդա ուղեգիր պատրաստե՞նք հատուկ քեզ համար: Ի՞նչ էիք ուզում, ձմեռը առանց ձյա՞ն: Եկեք համաձայնվեք, որ առանց ձյան իրոք անիմաստ կլիներ:

-Ա՜, թող միշտ ամառ լինի, թե չէ՝ էս ինչա ջրերը սառեցին, ճանապարհները, բա էլ ասելու չի: Ահավոր ա:

Ես հիշեցի. դու հենց այն նույն մարդն ես, ով ամռան շոգին չդիմանալով, ձմեռ էր ուզում: Ես հիշում եմ ամեն ինչ: Չփորձեք դժգոհել: Կցանկանա՞ք մեկնել Եգիպտոս, տաք ավազ ու արև:

-Հեսա մի կերպ էս ցրտից կպրծնենք, ու գարուն: Խելառ մարտ:

-Էդ հեչ, բա աշո՞ւնը, էնքան անձրև ա գալիս, խոնավանում ենք: Թե ասա՝ ինչի ա էդքան անձրև գալիս:

Այ, էստեղ ուզում ես մի տոմս էլ առնել դեպի Բրիտանիա, որ գնա «կարոտը առնի» անձրևից:

Տեսնես, որ ամբողջ տարին միապաղաղ լիներ ու մի եղանակ, ինչի՞ց էին դժգոհելու: