Valya harutyunyan

Մի զինվորի հուշերից

«Երբ այս դեպքը պատահեց, պատերազմից 2 ամիս էր անցել, հունիս էր։ Դե, երևի, հասկացաք՝ պատերազմ ասելով ինչ նկատի ունեմ։ Հիմա, առհասարակ, հայերս այս չարաբաստիկ բառն արտասանելիս հիշում ու վերապրում ենք Քառօրյան… Մեծից փոքր… Ամեն դրվագ… Հատ առ հատ…

Հունիս էր, շոգ։ Արյունս երակներիս մեջ եռում էր։ Չէ’, շոգից չէր, անշուշտ… Վրեժից էր։ 19 տարեկան էի այն ժամանակ և այնքան կյանք չէի տեսել, որքան մահ։ Երբ մահն աչքերիդ առջևով է անցնում, և կարծում ես, որ հաջորդ վայրկյանդ կլինի վերջինը, էլ ո՞վ է մտածում կյանքի մասին։ Մի պահ մոռանում ես նույնիսկ, որ ապրում ես։ Երբ ապրողի աչքերում մահ ես տեսնում և մահացողի աչքերում կյանք, ակամայից վրեժով ես լցվում, վրեժ դեպի ամեն թշնամին։ Թշնամի… Ի՜նչ սարսափելի է, չէ՞, հնչում մարդու ականջին, պատերազմ տեսած զինվորի ականջին։

Այդ ժամանակ ես նման էի մի ռումբի, որ անպայման պայթել էր ուզում։ Չէ’, չմտածեք, թե չարացել էի, պարզապես ուզում էի հոգիս մի փոքր թեթևացնել ընկերներիս կորցնելուց հետո։ Գիտեի՝ կորցրածը հետ բերել չէի կարող, ես չէի էլ փորձում։ Ես ուզում էի, որ գոնե նրանց հոգիներին խաղաղություն իջներ։ Ուզում էի պարզապես մի թշնամի էլ ինքս սպանել։

Այդ օրերին հերթապահ էի։ Դիտակետիցս հետևում էի անցուդարձին ու հասցրել էի նկատել՝ ինչպես էին 2 զինվոր մոտենում դիրքից փոքր֊ինչ հեռու դրված հեռախոսին ու սկսում խոսել։ Եւ այսպես մի քանի օր շարունակ։ Այս ամենը քիչ-քիչ սկսում էր ուշադրությունս էլ ավելի գրավել։ Դե հասկացաք, չէ՞. ես արդեն ունեի փայլուն հնարավորություն՝ վրեժս լուծելու և հոգիս թեթևացնելու համար։

-Հրամանատա’ր, արդեն մի քանի օր է՝ 2 հոգու եմ նկատում…

-Հետո՞, սերժա’նտ։

-Ձեզանից թույլտվություն եմ ուզում, պարո’ն կապիտան։

-Հանի’ր գլխիցդ։ Դու մեր լավագույններից ես, հիշում ես, չէ՞։

-Բայց, ա՜խր, անընդհատ աչքիս առաջ են, ընդամենը 2 կրակոց, ու վերջ։ Ա՜խր, արյունը գլխիս է խփում, երբ հիշում եմ՝ ինչեր են արել մեր տղերքին։

-Ասում ես՝ դիրքից հեռու հեռախոսով են խոսում, հա՞։

-Ճի’շտ այդպես։

-Գիտես, տղա’ս, նրանց զորքերում մի փոքր ավելի խիստ են։ Հեռախոս չի կարելի օգտագործել։ Եթե բռնեն, վերջ։ Տեսնու՞մ ես՝ ոնց են կյանքերը վտանգում խոսելու համար՝ ընտանիքի, ընկերների, միգուցե, սիրած աղջկա հետ։ Նրանք էլ քեզ պես զինվոր են։ Նրանց էլ քո մոր նման մի մայր է տանը սպասում։ Կրակես՝ տուն չեն հասնի։ Մի մոր աչքեր արցունքով կլցնես, կանիծի քեզ։ Չի իմանա՝ ով ես, բայց կանիծի՝ որդու կյանքը խլելու համար։ Իսկ էդ անեծքի բեռով հետո կկարողանա՞ս ապրել։ Դժվա՜ր, տղա’ս։ Կարծում ես՝ նրանք ուզու՞մ են պատերազմ լինի։ Նրանց տանն էլ հիմա երևի մոմ են վառել ու տղերքի համար են աղոթում։ Ինձ չեմ ների, որ թույլ տամ՝ կրակես։ Չեմ թողնի՝ ձեռքերդ արյունոտվեն։ Դրանք մաքուր են՝ սրտիդ նման, մաքուր էլ կպահես։ Ինձ բարի գիշեր։ Քեզ էլ բարի հերթապահություն։

-Բարի գիշեր, պարո’ն կապիտան։

…Նրա խոսքերից հետո մի տեսակ թեթևություն զգացի, հանգստություն, որ մինչև այդ չէի կարողանում գտնել։ Պատկերացրի այն երկու զինվորների մայրերի աչքերը, նմանեցրի մորս աչքերին։ Երևի զինվոր֊մայրերի աչքերն իրար նման են՝ միշտ սպասումով լի։ Երակներիս մեջ վառվող արյունը հանկարծ սառեց, ցուրտ զգացի։ Դրսում հունիս էր, բայց ես մրսում էի. սառնությունը ներսից էր։ Մի անգամ էլ դիտակետիցս նայեցի այն երկու զինվորներին. մեկը դեռ խոսում էր։ Պատկերացրի ինձ՝ մորս հետ զրուցելիս։ Ժպտացի էնպես, ոնց միշտ ժպտում եմ՝ նրա քաղցր ձայնը լսելիս։ Մի պահ զգացի, թե ինչքա՜ն եմ կարոտել տունս, մայրիկիս։ Սկսեցի ժամերը հաշվել, որ ավարտվի հերթապահությունս, ու կարողանամ զանգել նրան։ Բայց չէ՞ որ գիշեր էր։ Ոչինչ, զինվոր֊մայրերը չեն քնում։ Նրանք իրենց որդիների զանգին են սպասում անընդհատ։ Բոլոր մայրերն են այդպիսին, բոլորը»…