mariam grigoryan

Մի քիչ բողոքեմ

Ավարտվեց ևս մեկ ամառ, ու հասկանում եմ, որ գնալու եմ 12-րդ դասարան: Ինչպես ասում էին մեր ուսուցիչները՝ սա մեր վերջին անհոգ ամառն է, երբ օրերով ուղղակի պառկում ենք և ոչինչ չենք անում: Հասկանում եմ, որ սա վերջին սեպտեմբերի 1-ն է, որ ոտք եմ դնելու դպրոց՝ աշակերտուհու կարգավիճակով: Բայց հիմա չեմ ասելու, որ կկարոտեմ դպրոցը կամ ուսուցիչներին: Սա էլ կյանքի փուլերից մեկն է, որը վաղ, թե ուշ ավարտվում է: Եվ հիմա կրկին պիտի բողոքեմ:

Չեմ կարոտի դպրոցը, գիտե՞ք՝ ինչու: Որովհետև կարծում եմ, որ 10-12-րդ դասարանները անիմաստ խլում են մեր՝ առանց այն էլ կարճ ու արագ սլացող կյանքից լրացուցիչ 3 տարի: Ինչպես գիտենք՝ ավագ դպրոցում դասարանները բաժանվում են հոսքերի՝ հումանիտար, տնտեսագիտական և բնագիտական: Սակայն կրթության առումով էական տարբերություն չկա: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ դասավանդվեին որոշակի մասնագիտություններ կամ առարկաներ՝ կապված մասնագիտությունների հետ: Դա հետագայում ավելի կհեշտացներ ուսումը բուհերում:

Խոսեմ մեկ այլ թեմայից՝ հագուստ և շպար: Սա ավագ դպրոցում ավելի քան կարևոր և ակտուալ թեմա է: Իմ կարծիքով՝ եթե դպրոցում չկա համազգեստ, անիմաստ է հագուստի համար նկատողություն անել գրեթե չափահաս մարդկանց: Իհարկե, դպրոցում պետք է լինի կարգուկանոն, բայց դպրոցում առաջնայինը ուսումն է, և տնօրինությունն առաջին հերթին պետք է աշխատի ձեռք բերել այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան ապահովել թեմայի լիարժեք ուսուցումը, և որ ամենակարևորն է, այդ բարդ տարիքում կկարողանան հասկանալ աշակերտին և բացասական չազդել նրա ներաշխարհի վրա:

Ինչպես նշեցի՝ ես խոսում եմ ավագ դասարանների մասին: Այդ տարիքից մարդն սկսում է ինքնահաստատվել և կայանալ: Կայացման կարևոր մաս է կազմում այն հագուստը, որը մարդը կրում է՝ այդպիսով ներկայացնելով իր ճաշակը, ներաշխարհը և բնավորությունը: Ուսում ստանալն այն իրավունքներից է, որ մարդը ձեռք է բերում ծնված օրվանից, և ոչ ոք իրավունք չունի հագուստի կամ արտաքին այլ տվյալների պատճառով խլել այն: Ոչ ոք իրավունք չունի դեռահաս աղջկան արգելել ամենափոքր քանակի շպար օգտագործել՝ իրեն ավելի վստահ զգալու համար, իհարկե, միայն որոշ թերություններ շտկելու համար: Սա ավելի լուրջ է, քան կարող է թվալ: Այդ տարիքում մարդիկ ավելի դաժան են իրար հանդեպ և արտաքին թերությունները ծաղրելով՝ կարող են լուրջ հոգեբանական վնաս հասցնել միմյանց: Ի՞նչ կլինի, եթե մեր կարծիքն էլ հաշվի առնեն, որ փորձեն նայել այդ տարրական թվացող, բայց խնդիր ներկայացնող չնչին հարցերին մեր աչքերով:

Մեկ ուրիշ բան ասեմ: Բոլորը սովոր են մեղքը բարդել հեռախոսների և համակարգիչների վրա՝ բազում առողջական խնդիրների համար, բայց ոչ ոքի մտքով չի անցնում, որ դա կարող է տասներկու տարիների ընթացքում յոթ ժամ անընդմեջ անհարմար աթոռների վրա անցկացնելու արդյունքը լինել, իսկ դուրս գալ չի կարելի ոչ մի պարագայում, որովհետև «դպրոցում ստուգողներ կան», որոնք առաջին դասարանից գալիս են, բայց տեղ չեն հասնում:

Ամեն տարի մենք դասագրքեր ենք ստանում: Ես հարց ունեմ. ինչո՞ւ ենք վճարում դասագրքերի համար: Հաճախ մեզ տալիս են հին գրքեր, բայց բացի դրանից՝ տարվա վերջում գրքերը վերադարձնում ենք: Ավելի ճիշտ կլիներ փոխհատուցել միայն հասցրած վնասների համար: Չեմ կարող չնշել մեր գրադարանավարուհու մասին, որն իր ներկայությամբ ավելի մռայլ է դարձնում գրադարանը:

Լավ, շատ բողոքեցի: Իհարկե, պետք է բարձրաձայնել առկա խնդիրները և փորձել լուծում տալ դրանց, բայց այդքան վատատես չեմ: Դպրոցն այն վայրն է, որտեղ անցկացնում ենք մեր օրվա մեծ մասը, մեր կյանքի ամենաանհոգ տարիները, ձեռք ենք բերում ընկերներ և հիշողություններ ողջ կյանքի համար: