Մնաց երեք ամիս

 

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Եվս մի փետրվարյան մառախլապատ օր: Քնաթաթախ աչքերով, սառած մտանք դպրոց: Ինն անց վեց րոպե է:

-Մի՛ ուշացեք, էրեխե՛ք, էլ չտեսնեմ նման բան,- կիսաջղային ու կիսաներողամիտ տոնով ասում է փոխտնօրենը`արագ-արագ աստիճաններն իջնելով:

-Ու՛ֆ, էս ինչ անիմաստ համակարգ ա է, մեռանք արդեն, դաս, պարապմունք, դաս, շտեմարան, տնային, պարապմունք… Հետո էլ ասում էին` ավագ դպրոցում կրկնուսույց հարկավոր չի լինի,- փնթփնթում եմ ես ու շտապում Արևի հետ մի նոր ու համոզիչ պատճառ մտածել մեր ուշանալու համար:

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Վերջապես ծիծաղներս մի կերպ զսպելով բացում ենք դասարանի դուռն ու «Շռեկ» մուլտֆիլմի կատվի անմեղ հայացքով նայում ուսուցչուհուն:

-Ընկե՛ր Հունանյան, կոշիկն էր պոկվել, գնացինք, որ փոխի,-արդարանում է Արևը:

-Սուտասանի տունը հրդեհվում է, ոչ ոք չի հավատում,- սուր պատասխանում է ընկեր Հունանյանը:

-Հա, բայց ճիշտ ենք ասում, է,- ու ես էլի սկսում եմ ծիծաղել, ամոթից կարմրելու փոխարեն:

Մի կերպ ուղեղիս հրահանգում եմ, որ շարժվեմ դեպի տեղս: Վերջին նստարանին «հանգչում» է Մերին` մաթեմատիկայի բանաձևերը քթի տակ արտաբերելով, իսկ Լիան հավասարման անհայտի հայացքով նստած է կողքին: Վերջապես հասա այնքան սպասված աթոռիս ու ինձ հանձնեցի նրան: Հիմա մտածում եմ, թե որ ժամին եմ լուծելու «անըստգյուտ հայոց լեզվի սինլքոր շտեմարանի տարտարոսյան 70 վարժությունները»:

Ոչ մի կերպ չենք հասցնում համատեղել դասերն ու պարապմունքները: Էլ չեմ ասում երեք առարկա պարապող աշակերտների մասին. ոչ քուն ունեն, ոչ էլ հասցնում են հաց ուտել: Ու, չգիտես ինչու, բացակայության ժամերն էլ կրճատել, դարձրել են 80, 5 րոպե էլ ուշանում ես՝ պիտի անպայման նշանակեն: Ախր, մինչև գիշերվա մեկը, երկուսը պարապմունք անելուց հետո այնպես ենք մրափում, որ թեկուզ գան ասեն` 20 ենք ստացել ու ընդունվել համալսարան, մեկ է` չենք կարողանա վեր կենալ:

Իրար հույս ենք տալիս, որ մնաց 3 ամիս, և վերջ այս դժվար օրերին:

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյան