Alla Virabyan

Մովսես, հուլիսի 13, Ալլայի նամակը բոլոր հայերիս

-Ալլա, վեր կաց, վեր կաց, իջնում ենք նկուղ,- քնիցս վեր թռա: Մութ գիշեր էր:

Վեր կացա, բացեցի աչքերս, բայց ոչինչ չտեսա: Աշխարհում գիշեր էր, բայց Տավուշ աշխարհը չէր էլ հասցրել նիրհել:

Իջանք նկուղ: Ես դեռ քնած էի, չէի հասկանում` ինչու ենք գնում խոնավ նկուղ, մինչև որ ականջիս հասավ մի ուժեղ պայթյուն, որը վերջին անգամ լսել էի մի քանի տարի առաջ:

Տեղիցս վեր թռա, սիրտս սկսեց արագ բաբախել: Ես հասկացա, որ դա ամենևին էլ հրավառության ձայն չէր, այլ մի ահարկու սպառնալիք, մահվան սպառնալիք:

Ականջներս ու աչքերս ամուր փակեցի, որ չլսեմ, որ ուղղակի չտեսնեմ այն, ինչ մթության մեջ ավելի լավ է երևում: Ամբողջ գիշերը անցավ իմ դողով, քույրերիս վախի բացականչություններով, մորս սփոփանքով, հորս քաջալերումներով և տատիկիս հայրենասիրական երգի ցածր անուշ ձայնի հնչյուններով:

Լույսը բացվեց, բայց կարծես չէր էլ մթնել, աչքերիս կոպերն էլ չէին հպվել իրար, բայց վեր կացա խոնավ գետնից, նայեցի պատուհանից: Եղանակը սառն էր, արև չկար, լռություն էր՝ սառը լռություն, որը ըստ իս, ավելի վախենալու էր, քան պայթյունի ձայները:

Նորից լսվեց բարձր պայթյուն, բայց ես աչքերս չփակեցի, որովհետև չէր երևում այն. նրա կարմիր լույսը միայն գիշերն էր երևում: Ես միայն լսում էի, լսում ու ցնցվում, մտքումս մի բան էր պտտվում, շուրթերս մի բան էին արտասանում.

Հա՜յր մեր, որ յերկինս ես …

Փոքր քույրերս մեկ-մեկ լացում են, բայց հաջորդ վայրկյանին բարձր ծիծաղում և դիմում մայրիկին.

-Մամ, ամեն ինչ լավ դի լիլ, չէ՞…

Եվ նորից սկսում են խաղալ ոգևորված դրական պատասխանից:

Սիրելի ընթերցող, ես հիմա նստած եմ նկուղում, լսում եմ պայթյունները ու պատմում քեզ այն, ինչ զգում եմ և տեսնում: Նայում եմ գյուղին. ամեն ինչ նույնն է թվում, բայց էլ առաջվանը չէ…  Զգում  եմ նկուղի պատուհանի ցնցումները պայթյունից հետո, փորձում եմ բառերով նկարագրել այն, ինչն անհար է:

Քեզ խնդրում եմ աղոթել մեր սահմանների անառիկության համար, մեր զինվորների տոկունության համար, մեր Հայաստանի, մեր Տահույս աշխարհի համար, ԱՄԷՆ…

Հայ՛ր մեր, որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն  Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն եւ

զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն: