Ani asryan

Նամակ զինվորիս

Շատ հաճախ ընկերներս զարմանում են, որ սահմանից վատ լուր լսելիս ասում եմ.

-Մենակ թե զինվորս չլինի:

Մտածում են` խոսքը ծառայող ընկերոջ մասին է: Այո՛, խոսքը ամենահավատարիմ և անդավաճան ընկերոջս մասին է: Լինում է ժամանակ, որ լուռ նստում եմ մայրիկի մոտ և լսում նրա հեռախոսազրույցը սահմանապահի հետ.

-Բալաս, բարև, ո՞նց ես, ինչի՞ կարիք ունես: Տղես, հո կրակոցներ չկա՞ն ձեր մոտ:

-Մա՛մ, ամեն ինչ լավ ա, ես լավ եմ, մի անհանգստացի, լավ եմ, մա՛մ:

Ապերս, պատրաստվում ենք Նոր տարին նշելու, բայց առանց քե՞զ: Առաջին Նոր տարին է, որ մեզ հետ չես լինելու, որ իրար հետ բաժակ չենք բարձրացնելու, որ զրնգուն ծիծաղդ չենք լսելու և կատակներիցդ չեմ նեղանալու: Առաջին տարին է, որ ընկերներիդ հետ ոտքերով չես ներխուժի տուն ասելով. «Սեղան դրեք»: Ակսելս, գիտե՞ս, ես հոգնում էի քո ասած գործերը կատարելուց, բայց կատարում էի: Խոստանում եմ, ապեր, որ գաս` ասածներդ առանց հոգնելու կկատարեմ: Հիշում եմ, որ ամեն տարի ես զարդարում էի սեղանը, իսկ դու անընդհատ գալիս ու խանգարում էիր: Ամբողջ տնով վազվզում էինք, հետո վերադառնում մեր կիսատ թողած գործերին:

Անցած տարի գիշերը ժամը 1-ին դուրս եկանք տնից` ձնագնդի խաղալու և վերադարձանք ժամը 4-ին: Դժվար է պատկերացնել, որ Ամանորին զենքը ձեռքիդ կանգնած կլինես սահմանին: Մամային ասել եմ, որ չլացի: Մենք պետք է ուրախ լինենք, տխրելու պատճառ չունենք, չէ որ դու այդտեղ ես, որ մենք մեզ ապահով և պաշտպանված զգանք: Վաղը քո Ձմեռ պապն էլ կժամանի, ուղղակի ոչ մարդու տեսքով: Մաման մեծ անակնկալ է պատրաստել, սպասիր, այն վաղը կհասնի:

Հպարտ եմ, որ քեզ պես եղբայր ունեմ, որ չես տրտնջում, որ ամեն ինչից և ամենքից գոհ ես: Նրանք, ովքեր պաշտպանում են քո թիկունքը, ակամայից դարձել են հարազատ: Լավ մնա, սահմանապահ ջան, չմոռանաս ձեռնոցներդ դնես: Թող բոլորի աղոթքները ձեզ առաջնորդեն: Հիշիր, որ սիրելիներդ քեզ են սպասում սրտատրոփ: Եղբայրս, շնորհավոր քո և բոլոր տղաների Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Երկու տարի առաջ ինձ ուղեկցում էիր դպրոց: Սպասում եմ, արի՛, արդեն ժամանակն է եկել համալսարան ուղեկցելու: Սպասում եմ… Սպասում եմ…