Erik Petrosyan

Ներկայանում եմ

Ես Էրիկ Պետրոսյանն եմ, ծնվել եմ 2009 թվականի մարտի 16-ին Ղուկասավան գյուղում, հողագործի ընտանիքում։ 2015 թվականին հաճախել եմ տեղի դպրոցը։ Հենց այս թվականից էլ սկսել եմ ավելի հաճախ այցելել եկեղեցի։ Ամեն կիրակի մասնակցում էի Արգավանդ գյուղի եկեղեցու հոգևոր դասերին և Պատարագին։ Բանաստեղծություններ սկսել եմ գրել վաղ տարիքից, երբ սկսել էի ասմունքել և գրել աքրոստիկոսներ։ Արդեն տասը տարեկանում գրեցի իմ առաջին բանաստեղծությունը․

Անթիվ, անհամար

Աստղերի մեջ

Մեծ աստղ շողաց

Երկնքում պայծառ։

Փոքրիկ քարայրում

Աստծո Որդին էր՝

Մանուկ Հիսուսը,

Որին էլ ծնեց

Մարիամը խոնարհ։

Այս բանաստեղծությունը գրելուց հետո ես փոխվեցի։ Սկսեցի ամեն օր ստեղծագործել, բայց այս շրջանի գործերից շատ քիչ բան եմ պահպանել։

2022 թվականին տեղափոխվել եմ Սիս գյուղ ու սկսել սովորել տեղի միջնակարգ դպրոցում։ Իմ հայոց լեզվի ուսուցչուհի Սեդա Մխիթարյանը, իմանալով, որ ստեղծագործում եմ, առաջարկեց տպագրել գրածներս։

Ես շատ եմ սիրում կարդալ, բանաստեղծներից սիրում եմ Պարույր Սևակին և Վահան Տերյանին։ Սիրում եմ կարդալ գրքեր, որոնցում ներկայացված է մեր Հայոց պատմությունն ու մեր հզոր արքաների կյանքը։ Հուսով եմ, որ ձեզ դուր կգան իմ բանաստեղծությունները, որոնք հիմնականում ունեն հոգևոր և հայրենասիրական ուղղվածություն։

***

Ամեն անգամ նայում եմ ես

Կապտականաչ քո լանջերին,

Մի պահ մտքով անհետանում,

Միանում եմ պաղ ջրիդ։

Աղոթում եմ քո վանքերում,

Որ պատերազմ չլինի,

Ու թշնամին մեր դարավոր

Մեր հողերին չտիրի։

***

Դու իմ Հայրենիք,

Իմ ապաստարան,

Իմ պապերի

Դու հանգրվան։

Դու դարերից եկած մի ազգ,

Հալածվել ես ամեն անգամ։

Որդիներդ գերի ընկած՝

Ցրված, կորած։

Տառապել ես ամեն անգամ,

Թե քո հողից

Ինչ-որ մասնիկ

Ցավ է տեսել,

Արցունք թափել,

Ողբացել է։

Տառապել ես ամեն անգամ,

Երբ թշնամին ներխուժել է,

Մեր տարածք

Եվ ուզել է բնաջնջել մեզ երկրից,

Չթողնելով մեզանից

Ոչ մի մասնիկ այս երկրին։

Տերևի ժամը

Տերևը խորհում ու մտածում էր.

Ի՞նչ կլինի նրա հետ հետո,

Գուցե նույն բախտին արժանանա,

Որ նաև տրվեց իր պապերին։

Նա նաև հիշեց իր անցած կյանքը։

Փոքր էր, շատ փոքր,

Տարով մեծացավ,

Եվ փարթամացավ

Ու կանաչ հագավ։

Հետո գնալով իր գույնը փոխեց,

Թառամեց ու դեղին հագավ։

Նա ծերուկ դարձավ ու մոտ էր ժամը,

Որ ընմիշտ հեռանա․․․

Մինչ նա կխորհեր ու կմտածեր,

Մի քամի եկավ ու նրան տարավ․․․

Ծաղիկ-երկիրը

Մի ծաղիկ բուսնել

Այգու անկյունում՝

Անկոտրում, խիզախ,

Պարկեշտ ու վսեմ։

Իր արմատները հողի խորքերում։

Միշտ հալածվել է տարբեր բույսերից՝

Մոլախոտերից։

Միշտ մաքառել է

Կանգուն լինելու,

Ազատ լինելու բարձր ձգտումով։

Ու երբ ծաղիկը բռունցք է դարձել,

Ուրիշ բույսերը երկյուղ են ապրել։

Այդպես ծաղկի արմատը

Հողի խորքերում

Միշտ աճել, աճել,

Ու մինչև այսօր

Կանգուն է մնում։

Ու այսօր ահա

Մոլախոտերը, որ նոր են ծնվել,

Կանգուն ծաղիկին հանգիստ չեն տալիս։

Բայց այդ ծաղիկը

Միշտ եղել է, կա,

Ու միշտ կլինի։