Երազանքի առաջնորդությամբ
Ամանորը պատշաճ առիթ է՝ երազելու, նոր անելիքներ ծրագրելու համար: Երազելը անհրաժեշտություն է, որովհետև երազանքից է սկսվում ամեն-ամեն ինչ: Երազանքները կարող են փոխել աշխարհը: Կարևոր է, որ մարդը երբեք չկորցնի երազելու ունակությունը:
Ես Լուիզան եմ: Ինչպես բոլորը՝ ես էլ ունեմ երազանքներ ու նպատակներ: Իններորդ դասարանցի եմ: Ես հաստատ վճռել եմ, որ իրավաբան դառնալու իմ երազանքն իրականանալու է:
Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչպես կայացվեց այդ որոշումը: Վերջերս համադասարանցիներով հաճախ ենք խոսում մեր երազանքների ու անելիքների մասին: Քանի որ մենք հիմնականում երազում ենք մեր ապագա մասնագիտության մասին, ուստի զարմանալի չէ, որ մեր զրույցը հիմնականում դրա շուրջն է ծավալվում: Մեր մեջ ասած, կարգին աղմկում ենք, ամեն կողմից լսվում են ճիչեր ու առարկություններ: Ոմանք համակարծիք են, ոմանք էլ աղմուկից ուղղակի լռում են:
Օրինակ՝ մեկնումեկն ասում է.
-Ես ուզում եմ դառնալ ուսոուցչուհի, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եմ:
Թեր և դեմ կարծիքներ են հնչում, քննարկումը թեժանում է:
Ահա հերթն ինձ հասավ.
-Լուիզա՛, դու լսեցիր բոլորիս, դե հիմա դու՛ էլ ասա:
-Դե… Ես էլ երազում եմ դառնալ կամ դերասանուհի, կամ էլ իրավաբան: Ի՞նչ եք կարծում, ո՞րը…
-Երևի… իրավաբան:
-Չէ՛, դերասանուհի՛…
-Իսկ դու ինքդ ի՞նչ ես ուզում:
-Իրավաբա՛ն,-ինքս ինձ համար էլ անսպասելի վճռականությամբ ասացի ես:
…Այո՛, ես միշտ ապավինել եմ մտերիմներիս խորհուրդներին: Իմ ուսուցչուհի ընկեր Ղարիբյանն ասում է, որ ես կարող եմ դառնալ հրաշալի բժշկուհի, իսկ ընկեր Բրագինան կարծում է, որ ես կարող եմ նաև լավ լրագրող լինել: Ուսուցչուհիներիցս բացի՝ տատիկս ու մայրիկս էլ են տարակարծիք: Ըստ տատիկիս՝ ես կարող եմ դառնալ խիստ ուսուցչուհի, իսկ մայրիկս ասում է.
-Հաշվապահը լավ մասնագիտություն է, կարող ես մտածել նաև այդ ուղղությամբ:
Ես կարևորում եմ նրանց կարծիքները, սակայն որոշել եմ անվարան լինել ու հիանալի իրավաբան դառնալ:
Դա է իմ որոշումը, քանի որ ես ուզում եմ, որ իմ երկրում կայուն և հզոր լինի արդարությունը: Այն չպետք է վաճառվի կամ գնվի: Մարդկային հասարակությունում չպետք է տեղ ունենա «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» տեսակետը: Բոլոր մարդիկ պետք է ունենան հավասար իրավունքներ, անկախ նրանից՝ հարուստ են, թե աղքատ, ֆիզիկապես ուժեղ են, թե թույլ: Երբ ես մեծանամ ու դառնամ իրավաբան, այս աշխարհի անարդարությունը կպակասի:
Լուիզա Սարգսյան, իններորդ դասարան
Իմ գրադարանավարը
Դպրոցում ուսանելուս առաջին տարուց ի վեր ես ամեն օր այցելում եմ մեր դպրոցական գրադարան: Այո՛, ես դպրոցի գրադարանի «հիմնական բնակիչներից» եմ՝ գրքերից ու տատիկիցս հետո: Շուրջ երեսունվեց տարի է, ինչ տատիկս աշխատում է որպես գրադարանավար: Նա բյուրավոր գրքերը դասավորել է այբբենական հերթականությամբ, և արդեն ես էլ ստույգ գիտեմ, թե որը որտեղ է:
Երբ ամառային արձակուրդների ընթացքում տատիկիս հարցնում եմ, թե ինչ կարդամ, նա այնքան հայ ու արտասահմանյան գրողների անուններ ու ստեղծագործությունների վերնագրեր է ասում, որ ես չեմ կողմնորոշվում, թե որն ընտրեմ: Այս տարի գրադարանավարների օրվա առթիվ մենք տատիկիս համար անակնկալ էինք պատրաստել: Դա նրա համար լիովին անսպասելի էր, և նա ի սրտե ուրախացավ:
Գիտե՞ք, գրադարանավարի աշխատանքը ևս հեշտ չէ, բայց տատիկս սիրով ու պատասխանատվությամբ է կատարում այն: Տատիկս իմ մանկության անբաժան մասն է, նա միշտ իմ կողքին է: Ի դեպ, ես նրա առաջին թոռնուհին եմ: Նա սիրում է պատմել, թե ինչպես է օրորոցայիններ երգել ինձ համար, ինչպես եմ ես սկսել քայլել ու խոսել:
Նա ինձ միշտ քաջալերել է: Պատահել է՝ ես այնքան էլ լավ չեմ սովորել կամ սխալներ եմ արել, բայց նա շարունակել է ինձ սիրել: Ես ու տատիկս շատ ենք զրուցում տարբեր գրքերից ու բանաստեղծություններից. Օրինակ՝ ինչու՞ է գրողն ընտրել հենց ա՛յս վերնագիրը, ինչու՞ է այս ավարտն ընտրված ու բավականին շատ ինչուներ:
Ինչպես գրադարանում՝ տանը նույնպես մեր գրքերը կոկիկ դասավորված են, տատիկս հոգ է տանում, որ մենք չխառնենք հերթականությունը, գրքի էջերը ծալելու փոխարեն էջանիշներ գործածենք: Նա պատմում է, որ երբ մեր տարիքին է եղել, շատ գրքեր է կարդացել և մինչ օրս հիշում է դրանց բովանդակությունը, հաճախ է անգիր մեջբերումներ անում:
Թող աշխարհի բոլոր երեխաները տատիկ ունենան: Հավատացե՛ք, տատիկ ունենալը իսկական հարստություն է:
Այնքա՜ն եմ ուզում, որ մռայլությունը երբեք չթակի նրա հոգու դուռը: Երբ նա ժպտում ու ծիծաղում է, շրջապատն ասես լուսավորվում ու զարդարվում է: Այդ պահին նա գարնան արևի պես պայծառ է:
-Լսու՞մ ես, տա՛տ, ես սիրում եմ քեզ, ժպտա՜…
Սյուզան Գևորգյան, իններորդ դասարան