Լուսանկարը՝ Իրինա Բադալյանի

Նիկոլի թվի շրջանավարտները

Ժպիտներ, արցունքներ, լիքը ծաղիկներ, որոնք ուղեկցում են յուրաքանչյուր շրջանավարտի  Վերջին զանգի արարողության ժամանակ: 2018թ-ը նման չէր նախորդներին, նրա համար, որ այս տարի ես էլ ավարտեցի դպրոցը: Տատս ասում է` Նիկոլի թվի առաջին շրջանավարտներն ենք, ինչ-որ խորհրդանշական բնույթ ունի…

Կառավարական առանձնատանը մեզ` սահմանապահ գյուղերի շրջանավարտներիս,  ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետաքրքիր էր մոտիկից տեսնել այն տեղը, ուր ժամանակ առ ժամանակ ապրել էին երկրի գլխավոր դեմքերը: Մեզ համար հատուկ ավարտական խնջույք էր կազմակերպվել` սիրով, մեծ ջերմությամբ ու հատուկ ուշադրությամբ: Շատ մեծ ոգևորություն կար շրջանավարտների աչքերում, որովհետև նման ուշադրության դեռ ոչ ոք նման ձևով ու նման պայմաններում մեզ չէր արժանացրել:
Ընթացքից մեզ միացավ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորեց մեզ, մի քիչ պատմեց հետոյի մասին, խոստացավ` քիչ խոսել, բայց այնքան էլ չստացվեց… ՀԱՄԲԵՐԱՏԱՐ նկարվեց բոլորիս հետ, լսեց դժգոհությունները, պատասխանեց աշակերտների տված հարցերին, ոմանք էլ նկարներով ինչ-որ բաներ հիշեցրին, ենթադրեմ` միասին «քայլել էին»: Շատ անմիջական կերպով նստեց մեզ հետ ճաշի: Հետաքրքիր էր, երևի վարչապետը այդքան անմիջական չպետք է լինի, կամ գուցե ես սովոր չեմ նման բան տեսնելու:
Հա, մի բան էլ պատմեմ` շարունակեք զարմանալ: Շրջանավարտներից մեկը ինձ ասաց` սեղան հավաքելու ամենահաճելի պահը էն ա,  որ Սփյուռքի նախարարի հետ ես հավաքում: Ճիշտն ասեմ, երեկոյի ընթացքում չտեսա նախարարին, շատ մարդիկ կային, բայց դժվար չէր չհավատալը, այսքանը տեսնելուց հետո:

Լուսանկարը՝ Իրինա Բադալյանի

Լուսանկարը՝ Իրինա Բադալյանի

Վերջում` ավանդական սելֆի, երևի արդեն տեսած կլինեք, այս քանի օրը համացանցում հայտնի դարձավ: Պարոն Փաշինյանը, հենց մեր կողքից գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում. «Կառավարական առանձնատանը հյուրընկալել ենք Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի սահմանամերձ… (սպասում է) ասացի` պարոն Փաշինյան, երևի ճիշտ կլինի գրել սահմանապահ, ջնջեց շարունակելով` սահմանապահ գյուղերի շրջանավարտներին: Շնորհավոր վերջին զանգ»…
Հ . Գ. Հա, ի դեպ, չեմ ասի Նիկոլ Փաշինյանի հեռախոսի ծածկագիրը, խորհրդանշական է…