Նկարչությունը` կատարյալ հանգստություն

Ի՜նչ հաճելի է, երբ տանը ունես քույր, այն էլ նկարչուհի: Հերթական անգամ համալսարանից տուն եկա՝ հոգնած ու գրեթե տապալված, տեսա, որ քույրս կրկին նկարում է:

-Հըն, Սեդ, հիմա ի՞նչ ես նկարում,- բնավորությանս համաձայն անհամբեր հարցրի ես: Ու նա այնքան էր խորասուզվել նկարչության մեջ, որ ստիպված եղա հարցս կրկնել երկրորդ անգամ:

-Հա, Ման, կներես, չընկալեցի: Սանկտ Պետերբուրգում մրցույթ է լինելու, ու հիմա քաղաքն եմ նկարում:

Շուտափույթ մոտեցա նկարին. անչափ գեղեցիկ էր դեռևս կիսատ նկարը, բայց հենց նույն պահին իմ ուշադրությունը շեղեց ուրիշ բան: Ո՜նց էր նա իր մատները սահեցնում նկարի վրայով, ի՜նչ թեթև են նրա շարժումները՝ լցված անսպառ հանգստությամբ: Ու ես նորից խոսեցի.

-Սեդ, նկարելը քեզ հանգստացնում է, չէ՞:

-Այն էլ ինչքան:

Ես գիտեմ ու համոզված եմ, եթե նա նկարելիս չլիներ, ավելի մանրամասն կպատմեր իր զգացողությունների մասին: Ես հասկանում էի, որ խանգարում եմ, բայց մեկ է, շարունակում էի հարցեր տալ:

-Ինձ կսովորեցնե՞ս նկարել: Ես էլ եմ ուզում նկարել, թեկուզ քո պես էլ չէ, բայց գոնե ինչ-որ չափով նկարեմ, մտքերս այդպես արտահայտեմ:

-Դու էլ քո տաղանդներն ունես, հիմա ես քեզ ինչպե՞ս նկարել սովորեցնեմ:

-Դե հենց հիմա չէ, մի օր, բայց անպայման պիտի սովորեմ: Ա՜խր, շատ եմ է ուզում նկարել:

-Դե հա, կփորձենք:

Ու ես շարունակում էի նայել նրա հանդարտ ու սահուն շարժումներին, նրա հանգստություն ներշնչող դեմքին: Իսկապես, սա բարձր արվեստ է, հանգստության արվեստ:

Ես անհամբեր սպասում եմ նկարել սովորելուս օրվան, մի՞թե վերջպես ես էլ մասամբ կտիրապետեմ կատարյալ հանգստության արվեստին: