Ani avetisyan

Նույնն ենք դեռ

Վեր եմ կենում տեղիցս, քայլելով հասնում գրադարակիս, վերցնում եմ գրիչս, տետրս, հետո միացնում եմ գիրքս ու սկսում: Հա, մի զարմացեք, միացնում եմ, ու չզարմանաք, եթե մի օր տետրերն էլ էլեկտրոնային լինեն:

Վերցնում եմ գրիչս, այն գրիչը, որից երևի երեք տարի է, օգտագործում եմ: Աչքերս էլ, ձեռքերս էլ սովորել են նույնությանը:

Ու գիտե՞ք, միայն գրիչը չէ: Ամեն ինչ է այդպես, ամեն բան միշտ նույնն է: Մենք ենք նույնը: Նույնն ենք մնացել: Ամեն օր դպրոց, բուհ, աշխատանքի նույն ճանապարհով ենք գնում, նույն մայթով ենք քայլում, փողոցը նույն տեղից ենք անցնում: Ու թվում է, թե մի բան սխալ կլինի, եթե մյուս մայթով քայլենք: Իսկ եթե ավելի ուշադիր լինենք, երևի կզգանք, որ մեր ոտնահետքերն անգամ համընկնում են: Երևի ամեն 20-ից տասը քայլը մենք նախկին ոտնահետքերի վրա ենք դնում: Իսկ դպրոցում, բուհում, ու աշխատավայրում էլ ամեն բան նույնն է: Երթուղայինով գնալիս էլ միշտ նույն տեղն ենք նստում: Գուցե մտածում ենք, որ եթե ուրիշ նստարանի նստենք, տեղ չենք հասնի, կամ սխալ տեղ կգնանք:

Ու ամեն գիշեր՝ քնելուց առաջ, ականջակալներումս նույնն երգերն են: Երգացանկս էլ չի փոխվում: Երևի ես էլ եմ վախենում, որ եթե նախորդ գիշերներից տարբեր երգեր լսեմ, քունս չի տանի: Գիշերներն անգամ սովորել են նույնությանը: Սովորեցրել ենք:

Վերջին շրջանում շրջապատումս ձեռագրիցս բացի գրեթե ոչինչ չի փոխվել:

Երևի մարդիկ հոգնել են փոփոխություններից, կամ գուցե ոչ, ուղղակի սովորել են նույնությանը: Չգիտեմ: