mane tonoyan

Նպատակների և կիսատ չթողնելու մասին

Սիրելի’ պատանիներ, ձեզանից շատերին գուցե ծանոթ է ծնողների կողմից այդքան հաճախ հնչող «ամեն ինչ կիսատ ես թողնում» հանդիմանական արտահայտությունը: Իհարկե, այնքան էլ հեշտ չէ լսել հանդիմանություններ քո հետաքրքրությունների փոփոխականության վերաբերյալ, հատկապես, երբ ինքդ էլ չես կողմնորոշվում, թե ինչ ես ուզում: Իսկ ավելի հաճախ լինում է այնպես, որ սրտանց ցանկանում ես զբաղվել ինչ-որ բանով և… Անհրաժեշտ է հաղթահարել որոշակի դժվարություններ, որոնք «անհետաքրքիր» են դարձնում նոր զբաղմունքը:

Հաճախ հենց դժվարություններն էլ ստիպում են հրաժարվել նոր հետաքրքրություններից և փնտրել ուրիշ հետաքրքրություն: Հետաքրքրությունները դրսևորվում են ինչպես գիտելիքների յուրացման ընթացքի, այնպես էլ վերջնական արդյունքի նկատմամբ: Փոփոխական հետաքրքրությունների պատճառներից է այն, որ առավել հաճախ մենք ցանկանում ենք հասնել արդյունքին` միևնույն ժամանակ, հաշվի չառնելով, չկանխատեսելով ընթացիկ դժվարություները, բախվելով դրանց, մենք միանգամից նահանջում ենք և անցնում մյուս հետաքրքրությանը: Դատեք ինքներդ` ո՞վ է մտածում, օրինակ, «Այնքան կուզենայի կիթառ նվագել սովորել»: Ավելի շուտ մենք մտածում ենք. «Այնքան կուզենայի կիթառ նվագել իմանալ»…

Երբ հետաքրքրվում ես ինչ-որ բանով և ցանկանում սովորել, օգնության է գալիս կամքը, ինչը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել, ավարտին հասցնել մեր նպատակները` կառավարելով մեր վարքը: Ինքնատիրապետման, սեփական վարքը կառավարելու համար անհրաժեշտ որակների բացակայությունը անհանգստացնում է քեզ… Դու կարո’ղ ես կառավարել քո վարքը, կազմակերպել գործունեությունդ այնպես, որ հասնես նպատակիդ, սակայն, որպեսզի վարվես այդպես, անհրաժեշտ է, որ նպատակդ քեզ համար արժեք ունենա: Երբեմն հետաքրքրություններն ու նպատակները բավականաչափ իմաստավորված չեն լինում, ինչի արդյունքում հաճախակի փոփոխության են ենթարկվում. այսօր մի բան ես ցանկանում, իսկ վաղը` բոլորովին այլ բան: Դժվարության բախվելով` դու ավելի շուտ ես հրաժարվում քո նպատակից, երբ այն բավականաչափ իմաստավորված չի լինում: Որպեսզի նպատակդ իմաստավորված լինի, մտածի’ր, թե ինչ կարող է քեզ տալ այդ նպատակը (օրինակ` ճանաչում հասակակիցների շրջանում), ինչ կարող է «խլել» քեզանից (օրինակ` ազատ ժամանակդ):

Այդպես, համեմատելով տարբեր հետաքրքրությունների դրական և բացասական կողմերը, որոշումը կայացնում ես դու:

Ավելի կամային դառնալու համար անհրաժեշտ է նաև, որ նպատակներդ հուզականորեն գրավիչ լինեն քեզ համար, անհրաժեշտ է պատասխանատվություն ոչ միայն ուրիշների, այլ, նախևառաջ, սեփական նպատակիդ նկատմամբ, ինչպես նաև արժանապատվության զգացում, ինչը թույլ չի տա, որ «ընկնես» ինքդ քո աչքից` չիրականացնելով նպատակդ: Նպատակդ իրոք պետք է ցանկալի լինի:

Իրականացնելով որևէ քայլ նպատակիդ ճանապարհին` դու զգում ես, թե ինչպես են աստիճանաբար զարգանում քո կամային որակները, դու ունենում ես դրական զգացողություն` հաղթելով ինքդ քեզ, քո վախը, քո տհաճությունը ինչ-որ բան անելու նկատմամբ…

Որպեսզի նպատակդ չլինի զուտ համառության արդյունք, անհրաժեշտ է պատկերացնել իրականացրած և չիրականացրած քայլերիդ հետևանքները: Այս հարցում քեզ կարող են օգտակար լինել ծնողներդ, հոգեբանը կամ տարբեր ոլորտների մասնագետներ (օրինակ, օգտակար է կարդալ քո կուռքի մասնագիտական կայացման ճանապարհի մասին): Եվ որ ամենակարևորն է` պատկերացրու այն զգացողությունները, որ կունենաս նպատակդ չիրագործելու կամ իրագործելու դեպքում:

Հաջողություն և կամային նպատակներ: