sirun

Շարադրություն

Եթե ուզում ես ինչ-որ հարցի շուրջ պարզել դիմացինիդ կարծիքը, տուր նրան թուղթ, գրիչ և վերնագիր…

Այ, այդպես էլ արեցի ես։ Իմ փոքրիկ աշակերտներին հանձնարարեցի գրել շարադրություն՝ «Իմ գյուղը» վերնագրով։ Շատ աշակերտներ լավատեսորեն էին մոտեցել և ամեն կերպ փորձել էին ներկայացնել դրականը և գեղեցիկը։ Ընթերցածս բոլոր շարադրություններից աչքի էր ընկնում մեկը, հենց այն մեկը, որն իրականն է, ամենապարզը, որով բացահայտում ես դիմացինիդ, նրա ներաշխարհը, պահանջներն ու ցանկությունները։

Ահա հայրենի գյուղի պատկերը 7-8 տարեկան երեխայի աչքերով (ներկայացվում է սխալներն ուղղած տարբերակով).

«Իմ գյուղում չկան բարդիներ, չկան ճոճանակներ, չկան խաղահրապարակներ։ Իմ գյուղում չկան սուպերմարկետներ։ Մեր գյուղում ապրում են շատ մարդիկ, բայց նրանք հարուստ չեն։ Հրապարակ չկա մեր գյուղում»։

Այո՛, ցավալի ու դառը ճշմարտությունը սա է, երբ այս մեծ աշխարհում ամենափոքրը ամեն անգամ «իմ գյուղը» ասելիս, հիշելու է այն խաղահրապարակը, որտեղ երբեք չի խաղացել, այն մեծ ու լի խանութները, որտեղից երբեք գնումներ չի կատարել, և այն բոլոր մարդկանց, ովքեր երբեք հարուստ չեն եղել…